«Սա սադրանք էր անձամբ իմ նկատմամբ: Ի՞նչ գործ ուներ այդ քրեական անցյալ ունեցող մարդը ոստիկանների մեջ կանգնած». Ավետիք Իշխանյանը դուրս եկավ Ոստիկանությունից

Մոտ մեկ ժամ առաջ իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ Ոստիկանության Կենտրոնի բաժին բերման է ենթարկվել Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը: Բացատրություն տալուց հետո նա ազատ է արձակվել: Լրագրողների հետ զրույցում իրավապաշտպանը պատմեց, թե ինչ է տեղի ունեցել:

«Ես Կառավարության շենքի առջևով գնում էի դեպի Նալբանդյան փողոց, որ բարձրանամ դեպի մեր գրասենյակ: Ոստիկանների մեջ կանգնած էր իմ ծանոթներից մեկը, որին մենք բազմիցս աջակցել ենք մեր գրասենյակում բնակարանային հարցով, քրեական անցյալ ունեցող մեկն էր: Նա այդ ոստիկանների մեջ կանգնած էր դեպի Տիգրան Մեծ փողոցի կողմը: Երբ որ անցնում էի, բավականին ագրեսիվ ձևով ասաց՝ «իմ գործն ի՞նչ եղավ», ես էլ շտապում էի, մանավանդ որ, երկար ժամանակ իր գործով զբաղվել ենք, արդյունքներ, եթե չեմ սխալվում, առանձնապես չեն եղել, մի քիչ մութ գործ էր, ասացի՝ Ղարաբաղը կորցրել ենք, դու դեռ քո գործո՞վ ես զբաղվում, և նա ամենախայտառակ հայհոյանքները տեղաց և՛ Ղարաբաղի, և ՛ իմ հասցեին: Ես զայրացած շուռ եկա, ասացի՝ էդ ի՞նձ էիր ասում, հարձակվեց, բռնեց և սկսեց քաշքշել ինձ շատ կոպիտ ձևով»,- պատմեց Իշխանյանը:

Այդ պահին մոտեցել են ոստիկանները, հարձակվողին մի կողմ քաշել ու բերման ենթարկել երկուսին էլ:

«Ամենահետաքրքիրն այն է, որ բերման ենթարկելու որոշման մեջ գրված էր՝ ծեծի ենթարկելու կասկածանքով, այսինքն՝ ես ծեծի ենթարկելու կասկածանքով բերման եմ ենթարկված եղել: Սա է իրականությունը»,- ասաց Իշխանյանը:

Իրավապաշտպանի համար զարմանալի էր, թե ինչո՞ւ էր այդ մարդը կանգնած ոստիկանների մեջ:

«Նախ՝ ի՞նչ գործ ուներ այդ քրեական անցյալ ունեցող մարդը ոստիկանների մեջ կանգնած: Երկրորդը, դրանից ելնելով, ես համարում եմ, որ սա սադրանք էր անձամբ իմ նկատմամբ, և ես զգուշացնում եմ հասարակական-քաղաքական գործիչներին,  այդ թվում նաև ինձ է վերաբերում այդ զգուշացումը, որ հավանաբար այդպիսի սադրանքներ առաջիկայում ևս կլինեն: Սա սադրանք էր, ես այդ կարծիքին եմ»,- ասաց Իշխանյանը:

Նա մանրամասնեց, որ իր վրա հարձակված անձի գործով զբաղվել են տարիներով, վերջինն ասել է, որ բնակարան է կորցրել, իրավապաշտպանի կառույցն էլ դիմել է տարբեր գերատեսչությունների:

«Այստեղ ես հիշեցի Վահրամ Փափազյանի խոսքը՝ «Տեսնես այդ մարդուն ի՞նչ լավություն եմ արել», որ այդպես վարվեց»,- ասաց իրավապաշտպանը:

Հարցին, թե ի՞նչ կարծիք ունի վերջին շրջանում ընդդիմադիրներին հաճախ բերման ենթարկելու մասին, Իշխանյանը պատասխանեց.

«Վարչապետի կողմից խնդիր է դրված՝  ցանկացած գնով իշխանությունը պահել, ցավով եմ ասում, որ նրա անօրինական հրամաններին ենթարկվում են իրավապահ կառույցները: Պատճառներից մեկն էլ այն է, ոչ հիմնական պատճառը,  որ դե յուրե այդ կառույցները գտնվում են նրա ենթակայության տակ, և այդ կառույցների ղեկավարներին, ում ինքը չի վստահում, ձեռնոցի պես փոխում է, մինչև իր համար  վստահելի լինեն և իր անօրինական հրահանգները կատարեն: Եթե նայենք նախկին ոստիկանապետի և ԱԱԾ նախկին տնօրենի խոսքերը, ապա նրանք բացահայտ ասում են, թե ինչ անօրինական հրահանգներ են ստացել,  և այդ ամենը շարունակվում է»,- ասաց Իշխանյանը:

Տեսանյութեր

Լրահոս