«Մոսկվա մեկնելու հետ կապված, տեղյակ չեմ, որովհետև երկու օրով Արայիկ Հարությունյանը Երևան է եկել, Մոսկվան չգիտեմ». Արցախի նախագահի գլխավոր խորհրդական
Արդեն մի քանի օր է՝ մամուլում լուրեր են շրջանառվում, որ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մեկնել էր Մոսկվա, որից հետո անմիջապես վերադարձել Երևան։
Նշենք, որ ըստ շրջանառվող լուրերի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցանկանում է պաշտոնից հեռացնել Արայիկ Հարությունյանին, և Մոսկվա մեկնելու գլխավոր հարցը հենց դա է եղել, որի համար նա գնացել է Մոսկվա և հանդիպել տեղի բարձրաստիճան պաշտոնյաների հետ։ Տարածված նույն լուրերի համաձայն՝ վարչապետը և նրա տիկին Աննա Հակոբյանն Արցախի նախագահի պաշտոնում ցանկանում են տեսնել Սամվել Բաբայանին։
Նոյեմբերի 24-ին Արցախի նախագահը ՀՀ խորհրդարանում հանդիպել է իշխանական պատգամավորների հետ։ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Իգիթյանը լրագրողներին ասել էր, որ Արցախի նախագահի հետ քննարկել են տարբեր հարցեր, որոնք այսօր ծառացել են հայկական երկրորդ հանրապետության առջև։
168.am-ը Արայիկ Հարությունյանի գլխավոր խորհրդական Ռուդիկ Հյուսնունցից հետաքրքրվեց, թե Արայիկ Հարությունյանն արդյո՞ք մեկնել է Մոսկվա, և արդյո՞ք նրան պաշտոից հեռացնելու խոսակցությունները համապատասխանում են իրականությանը։
«Այն լուրերը, որոնք շրջանառվում են, «Գյուլնազ տատու» հեքիաթներից է։ Առաջին մասով՝ Մոսկվա մեկնելու հետ կապված, տեղյակ չեմ, որովհետև երկու օրով Արայիկ Հարությունյանը Երևան է եկել, Մոսկվան չգիտեմ։ Մյուս մասը, թե՝ սա կգնա, այնինչը կգա, Արայիկ Հարությունյանն այսօր լեգիտիմ նախագահ է, թեկուզ այս ծանր վիճակում, և ինքը շարունակում է ջանքեր ներդնել՝ այս ծանր պայմաններում աշխատելու համար՝ գերիների, զոհվածների, անհետ կորածների և մեր խաղաղ բնակչության մասով։ Ամբողջ թիմը թափով աշխատում է, որպեսզի կարողանանք այս վիճակը շտկել»,- ասաց Ռուդիկ Հյուսնունցը։
Հիշեցնենք որ նոյեմբերի 10-ին հրապարակվել էր Հայաստանի Հանրապետության վարչապետի, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի նախագահների հայտարարության պաշտոնական տեքստը, որով դադարեցվում է Արցախում Ադրբեջանի սանձազերծած պատերազմը։ Պատերազմի ավարտի ու կրակի դադարեցման մասին համաձայնագրում նշված է` պատերազմող երկու կողմերը կանգնում են այն դիրքերում, որտեղ կանգնած են, Հայաստանը մինչև նոյեմբերի 15-ը Ադրբեջանին է վերադարձնում Քարվաճառը, մինչև դեկտեմբերի մեկը՝ Բերձորի շրջանը, թողնելով 5 կմ լայնությամբ միջանցք, որն ապահովելու է Հայաստանի կապը, սակայն չի շոշափելու Շուշին։ Արցախում տեղակայվելու են ռուս խաղաղապահներ։ Այնուհետև ՌԴ-ի միջնորդությամբ Քարվաճառի հանձնումը երկարաձգվեց 10 օրով՝ մինչև նոյեմբերի 25-ը։ Նոյեմբերի 25-ին՝ Քարվաճառն ազատագրող Մոնթե Մելքոնյանի ծննդյան օրն այնտեղից դուրս բերվեցին հայկական զորքերը։
Եռակողմ համաձայնագրի արդյունքում նաև՝ տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակվում են: Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է տրանսպորտային կապերի անվտանգությունը Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև` երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և ապրանքների անխոչընդոտ տեղաշարժը կազմակերպելու համար։ Նաև՝ տեղի է ունենում ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց ու մահացածների մարմինների փոխանակում: Ներքին տեղահանված անձինք և փախստականները ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի վերահսկողության ներքո վերադառնում են Լեռնային Ղարաբաղի տարածք և հարակից տարածքներ: