ԱԺ-ում իշխանական պատգամավորները հանդիպել են Արցախի նախագահի հետ
«Լեռնային Ղարաբաղում շատ խնդիրներ կան, ի վերջո, ԼՂՀ-ն խնդիրներ ունի թե՛ փախստականների, թե՛ գյուղերի, թե՛ ռազմական, թե՛ խաղաղարար ուժերի հետ կապված։ Այս հարցերն էինք քննարկում ԼՂՀ նախագահի հետ միասին»,- այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Իգիթյանը։
Հարցին՝ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը խորհրդարանո՞ւմ է եղել, Հովհաննես Իգիթյանը հարցով պատասխանեց. «Դուք չեք տեսել, հա՞»
Նա նաև շեշտեց, որ խմբակցության ղեկավարությունն ինստիտուցիոնալ ձևով ամեն ինչ կասի, որոնք հարմար է ասել, քանի որ եղել են հարցեր, որոնք չեն ասի՝ հաշվի առնելով վտանգի գործընթացը։
Հաջորդ հարցին՝ Արցախի նախագահի հրաժարականի հարց քննարկվե՞լ է, Հովհաննես Իգիթյանը պատասխանեց. «Հարցն անհեթեթ է»։
Ինչ վերաբերում է գերիներին և անհայտ կորածներին, Հովհաննես Իգիթյանը շեշտեց, որ դիվանագիտական բոլոր հարթակներում այդ հարցը պետք է բարձրաձայնվի։
«Բոլոր միջազգային կառույցների առջև, ինչպես նաև մեր խորհրդարանական դիվանագիտության միջոցով այդ հարցը պետք է բարձրացվի: Այդ հարցը բարձրացրել եմ, որ ծնողներն այդ տեղեկատվությունը պետք է ունենան: Ոչ թե գնան՝ իմանալու, այլ իրենց օրական 2-3 անգամ պետք է ասեն՝ նորություն կա, չկա: Այսօր օգտագործելով իմ կապերը Եվրոպայում, Ռուսաստանում, մի քանի հարցեր փորձում ենք բարձրացնել, որովհետև անորոշությունները շատ են, դրանց լուծումները պետք է ժամ առաջ լինեն: Ինձ համար սա շատ ավելի կարևոր է, քան ցանկացած քաղաքական հարց, օրինակ՝ ո՞վ է լինելու նախարար: Կան հրատապ հարցեր, որոնք, ցավոք, Արցախի պաշտոնյաների և մեր հնարավորություններից դուրս են»,- եզրափակեց նա: