Բաժիններ՝

Մեծ Բրիտանիան հայտնել է երկիր ժամանողների համար կարանտինի կրճատման պայմանը

Մեծ Բրիտանիա ժամանող ճանապարհորդները կկարողանան պարտադիր կարանտինի ժամկետը երկու շաբաթից կրճատել մինչեւ հինգ օր:

Տրանսպորտի նախարար Գրանտ Շափսը հայտարարել է, որ դեկտեմբերի 15-ից այն ուղեւորները, որոնք կժամանեն Մեծ Բրիտանիա, կկարողանան COVID-19-ի թեստ հանձնել հինգ օր ինքնամեկուսացվելուց հետո:

Նրանք, ում թեստերը բացասական կլինեն, կազատվեն անհրաժեշտ հետագա մեկուսացումից: Դրա համար այն ուղեւորներին, որոնք ժամանելու են օդային, ծովային կամ երկաթուղային տրանսպորտով, առաջարկվում է թեստ պատվիրել Մեծ Բրիտանիա թռչելուց առաջ, նրանք նաեւ պետք է հատուկ ձեւ լրացնեն կառավարության կայքում եւ ուղեւորվեն ինքնամեկուսացման վայր:

«Թեստավորման մեր նոր ռազմավարությունը մեզ թույլ կտա ճանապարհորդել ավելի ազատ, տեսնել մերձավորներին եւ միջազգային բիզնես վարել: Մարդկանց հնարավորություն տալով թեստավորում անցնել հինգերորդ օրը, մենք նաեւ աջակցում ենք տուրիստական ինդուստրիային, որը շարունակում է վերականգնվել համավարակից հետո»,-հայտարարել է Շափսը:

Worldometers վիճակագրական կայքի տվյալների համաձայն, ընդամենը Մեծ Բրիտանիայում համավարակի ժամանակ հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման 1,51 մլն դեպք, COVID-19-ով հիվանդացած ավելի քան 55 հազար մարդ մահացել է: Պարտադիր կարանտինի մասին պահանջը երկրում սահմանվել է հունիսի կեսերից, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս