Բաժիններ՝

Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել գերեվարված և անհետ կորած անձանց ընտանիքների անդամների հետ

Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հանդիպում է ունեցել արցախյան պատերազմում գերեվարված, անհետ կորած զինվորականների և քաղաքացիական անձանց ընտանիքների անդամների հետ:

Իր խոսքում, Փաշինյանը, մասնավորապես, նշել է. «Սիրելի հայրենակիցներ, նախ ուզում եմ բոլորիցդ ներողություն խնդրել այն բանի համար, որ մինչև հիմա մեր պետական մարմիններն ի վիճակի չեն եղել ձեր հարցերին պատասխանել: Իհարկե նաև հասկանալով, որ դրա համար կան օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներ, բայց մենք այսօր խորհրդակցություն ենք անցկացրել կառավարությունում, և իմ հիմնական ասելիքը իրավիճակի հետ կապված հետևյալն է. երբ կողքից նայում ենք՝ կարող է տպավորություն ստեղծվել, թե մեր միջև կա այսպես ասած բաժանարար գիծ, որի մի կողմում դուք եք, մյուս կողմում՝ կառավարությունը:

Այդ տպավորության հարցում, իհարկե, առաջին հերթին մեր մեղքն է, որովհետև այդպես չի կարող լինել: Ուզում եմ, որ համոզված լինեք՝ ձեր և ձեր ընտանիքների անդամների զգացողությունները մեր սրտերում են նույն կերպ, և իհարկե, պատերազմի բերումով այս կոնտակտը հնարավոր չի եղել ավելի շուտ հաստատել, ինչը կրկին մեր մեղավորությունն է, ինչի համար կրկին ներողություն եմ խնդրում:

Այսօր մեր խորհրդակցությունը եղել է մի բանի մասին՝ ձեզնից յուրաքանչյուրն ամեն օր պետք է զգա, որ կառավարությունը ձեր կողքին է, ձեր ընտանիքի անդամն է, ձեր ցավով ապրողն է, ձեր տառապանքով տառապողն է: Այդ ռեժիմը չպետք է լինի՝ դուք-ոստիկանություն-պետական ինչ-որ մարմին. եկեք պայմանավորվենք, որ դուրս ենք գալու այդ ռեժիմից՝ չնայած մեղավորը մենք ենք, և ես նորից ուզում եմ ներողություն խնդրել, որովհետև ի՞նչ տարբերություն՝ իմ ընտանիքի անդամի մասին է խոսքը, թե ձեր. ոչ մի տարբերություն չկա:

Հենց այս ռեժիմով պետք է շփվենք միմյանց հետ, ոչ թե կառավարություն, որը դավադիր կերպով ինչ-որ բան է թաքցնում, ինչ-որ բան պիտի անի՝ դավադիր կերպով չի անում, այլ մենք ունենք ընդհանուր խնդիր, ընդհանուր ցավ, ընդհանուր դարդ և պետք է հասկանանք՝ ինչպես ենք գնում առաջ: Այսինքն, այստեղ նստելու տեղերի տարբերություն պետք է չլինի, պետք է բաց, անկեղծ ամեն ինչի մասին խոսենք»:

Նիկոլ Փաշինյանը նշել է՝ բոլորի հետ շփվելու է նմանատիպ հանդիպումների ընթացքում, որոնք կլինեն շարունակական: «Ես խնդիրը հետևյալ կերպ եմ ձևակերպել. ասել եմ՝ այդ մարդիկ ոչ թե իրենք պետք է ամեն օր գան մեզ մոտ, այլ մենք ամեն օր պետք է գնանք իրենց մոտ: Այնպիսի տպավորություն է, թե տարբեր բարիկադներ են ու տարբեր կողմերում մարդիկ. այդպիսի բան ուղղակի լինել չի կարող, ի բնե չի կարող:

Մենք պետք է բառիս բուն իմաստով այս շրջանն ապրենք իրար հետ, սա շատ դժվար շրջան է, բայց մենք պետք է ապրենք այն կանխավարկածով, որ, այո, սա ընդհանուր խնդիր է, ձեր ընտանիքի անդամի մասին չէ խոսքը, այլ բոլորիս ընտանիքի անդամի մասին է: Մենք սա ընկալում ենք որպես մեր ընդհանուր ցավ և հույս ունեմ, որ առնվազն շատ մեծ թվով մարդկանց, մեր եղբայրների կկարողանանք գտնել, վերադարձնել և այդ առիթով ուրախանալ»,- ասել է վարչապետը:

Այնուհետև Փաշինյանը լսել է ներկաներին, պատասխանել, ներկայացրել պարզաբանումներ և պատասխանել նրանց տարբեր հարցերի: Նիկոլ Փաշինյանն առաջարկել է անհետ կորած անձանց ընտանիքների ներկայացուցիչներին ընդգրկվել ձևավորված միջգերատեսչական աշխատանքային խմբում, ինչը կապահովի նաև մշտական հաղորդակցություն իրականացվող աշխատանքների ուղղությամբ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս