Ոստիկանությունը տեղեկատվություն չի տրամադրում իրենց կյանքի ու առողջության համար մտահոգ պաշտոնյաների մասին

Վերջին օրերին, պայմանավորված ներքաղաքական լարված իրավիճակով, հաճախակի են դարձել լուրերն այն մասին, որ այս կամ այն պաշտոնյան դիմել է ոստիկանություն՝ իր անվտանգությունն ապահովելու խնդրով:

Մասնավորապես, 17.11.2020-ին տեղեկատվություն տարածվեց, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի թիմը վախեցած է իր անվտանգության ապահովման առումով, և  կառավարությունում գաղտնի հրաման է պատրաստվել Տիգրան Ավինյանին, Ալեն Սիմոնյանին, Արսեն Թորոսյանին, Արայիկ Հարությունյանին և մի շարք այլ օրենքով չնախատեսված անձանց անվտանգության աշխատակիցներ տրամադրելու համար։

Նոյեմբերի 21-ին էլ տեղեկացանք, որ  ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Վահե Ղազարյանին է դիմել Ազգային ժողովի պատգամավոր Հայկ Սարգսյանը և հայտնել Ֆեյսբուք սոցիալական ցանցում Գագիկ Սողոմոնյան անունով օգտատիրոջ կողմից բռնություն գործադրելու, հաշվեհարդարի հրապարակային կոչեր տարածելու, այդ թվում՝ իր և իր եղբոր՝ վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանի նկատմամբ սպառնալիքներ ստանալու մասին:

168.am-ը այս առնչությամբ գրավոր հարցմամբ դիմել էր ոստիկանություն՝ հետևյալ հարցերի պատասխանները ստանալու համար:

1. Արդյո՞ք Ձեզ դիմել են վերը նշված անձանց անվտանգությունն ապահովելու նպատակով ոստիկանության ծառայողներ տրամադրելու հարցով:

2. Եթե այո, ի՞նչ հիմքով են այս անձանց տրամադրվելու անվտանգության աշխատակիցներ:

3. Բացի վերոնշյալ անձանցից, էլ ո՞ր պաշտոնատար անձինք են դիմել իրենց անվտանգությանն առնչվող խնդրով:

Բնականաբար, ինչպես և սպասում էինք, ՀՀ ոստիկանությունում համարել են, որ հայցվող տեղեկությունների տրամադրումը ենթակա է մերժման:

Որպես հիմնավորում՝ բերել էին «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասը, ըստ որի՝ պաշտպանության ենթակա անձանց նկատմամբ պաշտպանությունն իրականացվում է ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված կարգով:

Հղում էին կատարել նաև «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի կարգավորումներին, համաձայն որոնց՝ առանց անձնական տվյալների սուբյեկտի համաձայնության՝ դրանք երրորդ անձանց տրամադրվել չեն կարող:

Չէին մոռացել հիշատակել նաև «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը, ըստ որի՝ տեղեկատվության տրամադրումը մերժվում է, եթե խախտում է մարդու անձնական և ընտանեկան կյանքի գաղտնիությունը:

Միաժամանակ հայտնել էին, որ Ոստիկանության գործողությունները չպետք է խախտեն մարդու արժանապատվությունը, կյանքի, պատվի ու բարի համբավի, ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիության, սեփականության իրավունքը, և այս առումով հայցված տեղեկատվության տրամադրումը և ըստ էության դրա հանրայնացումը կարող է առաջացնել էական վտանգ ոստիկանության կողմից պաշտպանության ենթակա անձանց կյանքի, առողջության, սեփականության իրավունքի ապահովման տեսանկյունից:

Ըստ էության մենք որևէ պաշտոնական տեղեկատվություն չենք ստանա այն մասին, թե ում է տրամադրվել օրենքով ոչ հասանելի պահպանությունը՝ ի դեմս ոստիկանության ծառայողների, սակայն հաշվի առնելով այս օրերին ստացվող ու շարունակ լրացվող տեղեկատվությունը՝ կարող ենք փաստել, որ հարկատուներիս հաշվին իրենց կյանքի ու առողջության համար կարող են հանգիստ լինել նախարարներ ու պատգամավորներ, ինչպես նաև տարբեր տրամաչափի այլ պաշտոնյաներ:

Տեսանյութեր

Լրահոս