Թուրքիան ԵՄ լիդերներին մեղադրել է նախապաշարմունքներով առաջնորդվելու մեջ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը դեկտեմբերի 10-11-ին կայանալիք Եվրամիության (ԵՄ) գագաթնաժողովին ընդառաջ՝ նոյեմբերի 20-ին այցելել է Բրյուսել։
Ինչպես հաղորդում է Demokrat Haber լրատվական կայքը, Քալընն առանձին հանդիպումներ է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի՝ արտաքին քաղաքականության գծով գլխավոր խորհրդական Մերիամ վան դեն Հեուվելի, ԵՄ հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի կաբինետի տնօրեն Բյորն Սայբերտի և ԵՄ արտաքին հարաբերությունների ծառայության գլխավոր քարտուղար Հելգա Շմիդի հետ:
Թուրքիա-ԵՄ հարաբերություններին, տարածաշրջանային խնդիրներին, մասնավորապես՝ Արևելյան Միջերկրածովին, Լիբիային, Սիրիային և Լեռնային Ղարաբաղին վերաբերող բանակցությունների ընթացքում Քալընը կրկնել է, որ կոնկրետ քայլեր ձեռնարկելու անհրաժեշտություն կա Մաքսային միության արդիականացման, ներգաղթային համաձայնագրի, վիզայի ազատականացման և քաղաքական երկխոսության ոլորտներում: Քալընը, հայտնելով, որ Թուրքիայի համար ԵՄ անդամակցությունը ռազմավարական առաջնահերթություն է, նշել է, որ ԵՄ առաջնորդները պետք է մի կողմ դնեն բոլոր գաղափարական և քաղաքական նախապաշարմունքները և Թուրքիա-ԵՄ հարաբերություններին նայեն ռազմավարական մտքով: