
ԱԱՏՄ-ն ներկայացրել է COVID-անվտանգության վերանայված կանոնները և առևտրի վայրերի համար նոր նորմերը

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը (ԱԱՏՄ) ներկայացրել է COVID-անվտանգության վերանայված կանոնները և առևտրի իրականացման վայրերի համար սահմանված նորմերի փոփոխությունները:
Ինչպես հաղորդում են ԱԱՏՄ-ից, ըստ նոր կարգավորումների, առավոտյան ժամը 10-12-ն ընկած ժամանակահատվածում միայն տարեց մարդկանց սպասարկելու կանոնն այլևս չի գործում։
Շփման մակերեսներն ախտահանելու համար կիրառվող նյութերին ներկայացված պահանջները փոխվել են․ 60-80%-ոց սպիրտի հիմքով ախտահանիչ նյութերի փոխարեն պետք է կիրառել 70-90% սպիրտի հիմքով նյութեր, ձեռքերը մշակել առնվազն 70% սպիրտի հիմքով ախտահանիչ նյութերով։
Կորոնավիրուսային հիվանդության տարածման կանխարգելման միջոցառումների
պատասխանատուն այսուհետ պետք է նշանակվի տնօրենի հրամանով, որն աշխատակցի՝ կորոնավիրուսով վարակվելու դեպքում պետք է օժանդակի նրա հետ սերտ շփում ունեցած կոնտակտավորների շրջանակի ճշտմանը։
Առևտրի կենտրոններում մուտքի մոտ այսուհետ պետք է կատարել հաճախորդների ջերմաչափում, չսպասարկել կորոնավիրուսին բնորոշ ախտանշաններով՝ ջերմություն, հազ, հարբուխ, դժվարաշնչառություն ունեցող այցելուներին։
«ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինը տեղեկացնում է՝ ՀՀ առողջապահության նախարարի 30-Ն հրամանով խմբագրվել է ՀՀ-ում կորոնավիրուսային հիվանդության տարածման կանխարգելման նպատակով կիրառվող սանիտարական կանոնները հաստատելու մասին նախարարի 17-ն հրամանը։
ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինը շարունակում է վերահսկողական աշխատանքներն՝ ուղղված COVID-անվտանգության նորմերի պահպանմանը»,- հայտնել են ԱԱՏՄ-ից։