Բաժիններ՝

«Կեսգիշերից մի քանի րոպե պակաս թաքնվում էր, որ գտնեինք ու շնորհավորեինք տարեդարձը». 20-ամյա Հայկը տան միակ որդին էր

Արցախում զոհված Հայկ Արթիկի Եղիազարյանը 20 տարեկան էր, Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքից: Նրա քույրը՝ Լիլիթը, 168.am-ի հետ զրույցում ասաց, որ Հայկը տան փոքրն էր, իրենից մեծ 3 քույր ունի:

«Հայկը շատ հումորով էր, ամեն ինչի մեջ փորձում էր դրական բան գտներ, անգամ, երբ ծայրահեղ իրավիճակ էր: Հայրենասեր էր, մինչև բանակ գնալն էլ հայրենիքի մասին վեհ գաղափարներով էր խոսում»,- ասաց Լիլիթը:

Հայկը փոքր տարիքից սպորտով է զբաղվել, վերջին տարիներին՝ սամբոյով.

«Եղբայրս սամբոյի էր հաճախում, բազմաթիվ մրցույթների է մասնակցել, միշտ նվաճումներով էր վերադառնում տուն: Շատ էր սիրում ֆուտբոլ նայել, բակում խաղում էր, բայց ֆուտբոլի չի հաճախել: Բռնցքամարտի էլ է հաճախել, բայց ավելի մեծ նվաճումներ սամբոյի ասպարեզում է գրանցել: Մինչև բանակ գնալն էլ հաճախում էր սամբոյի»,- պատմեց Հայկի քույրը:

Դպրոցն ավարտելուց հետո Հայկն ընդունվել էր Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան, զուգահեռ նաև աշխատում էր ծնողներին օգնելու համար:

«Հեռակա համակարգ ընդունվեց, որ զուգահեռ նաև աշխատեր, ծնողներին օգներ: Մեկ կիսամյակ է հաճախել ու արդեն զորակոչվեց՝ 2019 թվականի հունվարի 15-ին: Մոտավորապես 100 օր էր մնացել զորացրմանը: Բանակի նկատմամբ իր տրամադրվածությունը շատ լավ է եղել, թեկուզ, երբ արձակուրդ էր գալիս, ուզում էր 1 ժամ շուտ  այնտեղ հասներ, երբեք չէր բողոքում, ոչ մի բանից չէր դժգոհում, միշտ դրական բաներ էր պատմում, եթե ինչ-որ բան պատմում էր»,- հիշեց քույրը:

Հայկի սիրելի տոնն իր ծննդյան օրն էր, Լիլիթը կարոտով հիշում է, թե վերջին տարիներին եղբայրն ինչ էր անում ծննդյան օրը՝ կեսգիշերին.

«Ամենաշատն իր ծննդյան օրն էր սիրում, ու մի սովորություն ուներ վերջին շրջանում, կեսգիշերից մի քանի րոպե պակաս միշտ թաքնվում էր, որ գտնեինք ու շնորհավորեինք տարեդարձը…»:

Հայկը Հադրութում է ծառայել, պատերազմական օրերին ամեն օր զանգահարել է ծնողներին, վստահեցրել, որ իրենց մոտ ամեն բան լավ է.

«Պատերազմի ընթացքում օրը  մեկ անգամ զանգում էր, վերջին անգամ հոկտեմբերի 1-ին է զանգել: Երեկոյան խոսեց մեզ հետ, ասաց՝ ամեն ինչ լավ է, կարգին է մեզ մոտ, ասաց, որ ուղղակի հոգնած է, ուզում է գնա՝ քնի, մի քիչ հանգստանա, դրանից հետո էլ լուր չենք ունեցել, հոկտեմբերի 4-ին պարզվեց, որ զոհվել է: Եղբայրս տանկի հրամանատար է եղել, սերժանտ էր: Միշտ ասում էր՝ ավագ սերժանտով եմ զորացրվելու, որ համալսարանում ուսման վարձը զեղչեր, շատ ծանր չլիներ: Անընդհատ ասում էր՝ գալու եմ ուսումս շարունակեմ, ինձնից գիրք էր ուզել՝ «Մտածիր և հարստացիր», ասում էր՝ լսել եմ, որ այդ գրքում լիքը բիզնես գաղափարներ կան: Ուղարկել էինք, այդ գիրքն էր կարդում ու ամեն անգամ մոտը մոտիվացիա էր լինում, անընդհատ զանգում՝ բիզնես գաղափարներ էր ասում: Մենք խանութ ունենք, միշտ ասում էր՝ գալու եմ ու մեծացնեմ, նոր բիզնեսներ հիմնեմ, այդպիսի նպատակներ ուներ… Ծառայակից ընկերներից մի քանիսի հետ կապ կա, ասում են, որ Հայկը շատ ջիգյարով էր ու, որ Հայկը չկա, ոնց որ իրենցից մի կտոր չլինի…»,- պատմեց Հայկի քույրը:

Լիլիթը հիշեց իրենց մանկության օրերը, երբ եղբոր հետ ««պատերազմ-պատերազմ» էին խաղում և պայքարում երևակայական թշնամու դեմ.

«Ես ու Հայկը փոքր ժամանակ միասին շատ էինք «պատերազմ-պատերազմ» խաղում, թաքնվում էինք ու «ռումբեր» շպրտում։ Մեր պատկերացրած պատերազմը տարբերվում էր իրականից. խրամատները բազմոցներն ու բազկաթոռներն էին, լեգոները՝ ռումբերը, թաքստոցները՝ պահարանները… ու մենք միշտ միասին էինք պայքարում մեր երևակայական թշնամու դեմ…

Ո՞վ կմտածեր, որ մեր սիրելի «պատերազմ» խաղը կդառնար իրական ու Հայկին կխլեր մեզանից մեկընդմիշտ…»:

Հայկ Արթիկի Եղիազարյանի հուղարկավորությունը տեղի է ունեցել հոկտեմրեի 7-ին՝ Բյուրեղավանում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս