Լավրովը Ֆրանսիայի արտգործնախարարի հետ քննարկել է Արցախի վերաբերյալ հայտարարության իրագործումը
Ռուսաստանի և Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովը և Ժան-Իվ Լե Դրիանը քննարկել են իրավիճակը Ղարաբաղում: Ինչպես փոխանցում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը, Լավրովը և Լե Դրիանը քննարկել են ԼՂ հակամարտության կարգավորման շուրջ իրավիճակը, միջնորդական ջանքերը, որոնք գործադրել է Ռուսաստանը՝ հակամարտության գոտում ռազմական բոլոր գործողությունների եւ կրակի լիարժեք դադարեցման համար:
«Նախարարներն ընդգծել են նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդների կողմից ստորագրված եռակողմ հայտարարության դրույթների իրականացումն ապահովելու կարևորությունը: Այդ նպատակով հատուկ նշանակություն է ստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի, փախստականների հարցերով ՄԱԿ-ի գլխավոր հանձնակատարի, ՄԱԿ ԶԾ-ի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ համագործակցությունը: Լավրովը պարզաբանել է ռուս խաղաղապահների մասնակցության պարամետրերը, ինչպես նաև Մարդասիրական արձագանքման միջգերատեսչական կենտրոնի գործառույթները:
Նախարարները համաձայնել են, որ ներկայումս հիմնական առաջնահերթություններն են ներքին տեղահանվածների ու փախստականների անվտանգ վերադարձի, տարածաշրջանի տնտեսական և տրանսպորտային հաղորդակցությունների ապաարգելափակումը, մարդասիրական աջակցության ցուցաբերումն ու քաղաքացիական ենթակառուցվածքների վերականգնումը:
Ռուսաստանի և Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավարները կարծիքներ են փոխանակել Լեռնային Ղարաբաղի շուրջ ճգնաժամի երկարաժամկետ և լիաֆորմատ կարգավորմանն ուղղված հետագա քայլերի մասին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում համաձայնեցված սկզբունքների հիման վրա եւ ելնելով ադրբեջանցի եւ հայ ժողովուրդների հավասար շահերից»,- ասված է հաղորդագրության մեջ: