
Զերծ մնացեք ատելություն սերմանելուն ուղղված գործողություններից. ոստիկանություն

Հարգելի քաղաքացինե՛ր
ՀՀ ոստիկանությունը կրկին կոչում է սթափության և օրինապահության։
Զերծ մնացեք ատելություն սերմանելուն ուղղված գործողություններից, բռնության դրսևորումներից, համաքաղաքացիներին անհատապես թիրախավորելուց, մի դիմեք ու մի տրվեք սադրանքների։
Պահանջում ենք բացառել հակաիրավական գործողությունները, պահպանել օրենքի պահանջներն ու համակեցության կանոնները:
Մեր քաղաքացիների ուշադրությունն ենք հրավիրում հատկապես որոշ անձանց կողմից փողոցները փակելու դեպքերի վրա։
Նման արարքը ոչ միայն հակաօրինական է, այլև անթույլատրելի է, երբ համավարակի պայմաններում շտապ բուժօգնության ցանկացած ուշացում կարող է կյանք արժենալ։
Ոստիկանությունը քաղաքացիների իրավունքները սահմանափակելու որևէ նպատակ չի հետապնդում, պարզապես հիշեցնենք, որ հանրապետությունը գտնվում է ռազմական դրության իրավական ռեժիմում, և գործում են հստակ սահմանափակումներ։
Մեր նպատակը հասարակական կարգի պահպանումն ու քաղաքացիների անվտանգության ապահովումն է, ինչը իրականացվելու է օրենքով մեզ վերապահված լիազորությունների ողջ ծավալով:
Հակաիրավական քայլերի, բռնության, սադրանքների, այլ գործողությունների դիմողները կենթարկվեն ամենախիստ պատասխանատվության:
ՀՀ ոստիկանությունը համագործակցության է կոչում օրինապահ քաղաքացիներին՝ համատեղ պահպանելու մեր երկրի անվտանգությունը: