ԱԺ–ում Արման Բաբաջանյանին օգնության հասավ Անդրանիկ Քոչարյանը՝ Գաբրիել Բալայանին մեղադրելով «կռիվ սարքելու» մեջ
Այսօր ԱԺ արտահերթ նիստում քննարկվեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մխիթար Հայրապետյանի հեղինակած «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը։
Նախագծի հարակից զեկուցողն էր ՊՆ փոխնախարար Գաբրիել Բալայանը։ Դիմելով նրան՝ պատգամավոր Արման Բաբաջանյանը նշեց, թե պաշտպանական գերատեսչությունը, որ «ամենամեծ մեղսակցությունն ունի տեղի ունեցածի մեջ, այս կազմով չի կարող ձեռնամուխ լինել այդ աշխատանքին»:
Բաբաջանյանի խոսքով՝ պետք է տեղի ունեցածի համար պատասխանատու գերատեսչության ներկայացուցիչները ժամ առաջ խիզախություն դրսևորեն ու լքեն իրենց պաշտոնները ու թույլ տան «նոր, առողջ ու պրոֆեսիոնալ և մեր պետականությանն ու պետությանը նվիրված մարդիկ նվիրվեն առողջ աշխատանքի»:
«Չեն կարող կլանային, կոռուպցիոն, մաֆիոզ կապերով կաշկանդված, պետական կարևորագույն պաշտոններ զբաղեցնող մարդիկ զբաղվեն այս կարևորագույն աշխատանքներով»,- ասաց Արման Բաբաջանյանը՝ պատգամավորներին հիշեցնելով, որ երեկ Մարտակերտի 5 գյուղերի բնակիչներին ուղղակի ասել են, որ պետք է լքեն իրենց բնակավայրերը ու պատասխան չկա:
Եզրափակիչ ելույթում Գաբրիել Բայայանը արձագանքեց Բաբաջանյանին՝ նշելով, թե Մարտակերտի գյուղերի մասով կարելի է քարտեզը նայել և տեսնել, որ «դրանք Աղդամի շրջանի գյուղեր են եղել, որոնց վերջին վարչատարածքային բաժանումով Արցախի Հանրապետությունում եղել են Մարտակերտի շրջանում»:
Այս հայտարարությունից հետո Արման Բաբաջանյանի և Գաբրիել Բալայանի միջև տեղի ունեցավ հեռահար բանավեճ, որը նիստի ավարտից հետո շարունակվեց միջանցքում, բայց ոչ թե Բաբաջանյանն էր վիճում Բալայանի հետ, այլ Անդրանիկ Քոչարյանը։
«Կռիվ մի սարքեք դահլիճում»,- միջանցքում դիմելով Գաբիրել Բալայանին՝ ասաց Անդրանիկ Քոչարյանը։
Գաբրիել Բալայանն էլ զարմանքով հարցրեց. «Ե՞ս եմ կռիվ սարքել»։
«Ուրեմն դու պետք է հանդարտվեիր»,- պատասխանեց Ա. Քոչարյանը։
Այնուհետև լրագրողների հետ կարճ զրույցում Գաբրիել Բալայանն ասաց, որ պատգամավորի հնչեցրած բոլոր մեղադրանքներն անհիմն են.
«Խնդրում եմ, գնացեք պատգամավորին հարցրեք, թող հանցագործության մասին հաղորդում ներկայացնի։ Եթե նրա գրագիտությունը չի ներում այդքան, որպեսզի ձևակերպի, ես նրան կօգնեմ»։
Լրագրողների մյուս հարցերին Գաբրիել Բալայանը չհասցրեց պատասխանել, քանի որ իմքայլական պատգամավորները նրան պարզապես տարան լրագրողների մոտից։