Առաջին պաշտոնական «վնգստոցը»
Հայտնի է, որ շուրջ երկու տարի առաջ հնչեցված «պատերի տակ վնգստացող դատավորներ» արտահայտության հեղինակը վարչապետ Նիկոլ Փաշինյանն է: Այժմ, կարող ենք վստահ ասել, որ սա ոչ այնքան կոպիտ արձանագրում էր, այլ հրավեր-հորդոր-պահանջ՝ «վնգստալ» օրվա իշխանության պատերի տակ, իմա` կայացնել իշխանահաճո, թելադրված, պարտադրված որոշումներ, վճիռներ, դատավճիռներ` որպես դատավորի գործունեությունը շարունակելու ստորացուցիչ հնարավորություն, պայման:
Եղա՞ն այդ հրավեր-հորդոր-պահանջը չընդունողներ: Եղա՛ն: Սահմանադրական դատարանը մերժեց, չընկրկեց բիրտ ճնշումների դեմ, սակայն, կոպտագույն խախտումներով և հակասահմանադրական փոփոխություններով վերջնարդյունքում, 2020 թվականի հունիսի 26-ին կազմաքանդվեց:
Եղան այդ հրավեր-հորդոր-պահանջն ընդունողներ: Եղան: Այս ստորացուցիչ արտահայտության դեմ ի սկզբանե իր մեջ եռաստիճան դատական համակարգը և Բարձրագույն դատական խորհուրդը (ԲԴԽ) ուժ ու համարձակություն չգտան անգամ հրապարակավ դատապարտելու: Բայց ինչպես ասում են` լավ է ուշ, քան երբեք:
ԲԴԽ նախագահի ս.թ նոյեմբերի 15-ի կոչն այն հարցադրմամբ, թե «մենք պատերի տակ վնգստացող դատավորնե՞ր ենք, թե՞ հայրենիքին նվիրված ազնիվ պրոֆեսիոնալներ», դատական համակարգում ունեցավ կոնկրետ արդյունքներով սթափեցնող ազդեցություն՝ դրանով իսկ ապացուցելով, որ համակարգում առկա է կամք և կարողություն՝ ղեկավարվելով Սահմադրությամբ ու օրենքներով՝ կայացնելու օբյեկտիվ և անաչառ, քաղաքական ճնշումներից զերծ որոշումներ։
Հասկանալի էր, որ «վնգստացող դատավորի» խարանից ձերբազատվելու, դատական իշխանության անկախությունն ի ցույց դնելու այս քայլն «անպատասխան» չէր լինելու օրվա իշխանության, նրա սպասավորների կողմից: Բայց, որ այդ դերն առաջիններից իր վրա կվերցներ Սահմանադրական դատարանը (ՍԴ), իրոք անսպասելի էր։ Կամ գործող քաղաքական իշխանության կողմից նորացված կազմով ՍԴ-ն, յուր նորընտիր նախագահ Արման Դիլանյանի ղեկավարությամբ, այն աստիճան սաղմնային է, որ դեռ չի հասունացել սահմանադրական արդարադատության իր առաքելությունը, մեր պետականության այսօրվա լրջագույն մարտահրավերներն ընկալելու և հավուր պատշաճի գործելու համար և/կամ անօրինական ձևավորված լինելուց բարդույթավորված, վախվորած ցանկությունը մեծ է հաճոյանալ դեռևս գործող վարչապետ Փաշինյանին և որոշել է «վնգստացող դատավորի» խարանը գետնից վերցնել և դաջել է իր ճակատին:
ԲԴԽ նախագահի ս.թ նոյեմբերի 15-ի վերը նշված կոչից ընդամենը 2 օր անց ՍԴ-ն, որն ունի դեռ իր անգործության արդյունքում կուտակված բազում չքննված գործեր, առաջնահերթությամբ և առանց բավարար հիմնավորման կարճել է ԲԴԽ դիմումի հիման վրա ՍԴ նախկին կազմի կողմից քննության ընդունված գործի վարույթը:
ԲԴԽ-ի դեմ այս «հերոսական քայլը» իր վրա է վերցրել ՍԴ նախագահ Արման Դիլանյանը, որ ՍԴ էր եկել դատական համակարգից, ում հայտնի են երևի «վնգստացող դատավորի» հմտությունները, օրվա իշխանությանը հաճոյանալու և գոնե դրա արդյունքում իր ընտրվելու կապակցությամբ վարչապետ Փաշինյանի շնորհավորանքին արժանանալու անհագ ցանկությունը:
Մի հատկանշական հանգամանք ևս։ Այն գործը, որի հիմքով ԲԴԽ-ն դիմել էր ՍԴ, վերաբերում էր ԲԴԽ անդամ Հայկ Հովհաննիսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցով ԲԴԽ-ի երեք անդամների միջնորդության քննությանը։ Իսկ այդ միջնորդությունը ներկայացվել էր, քանի որ Հայկ Հովհաննիսյանը ԲԴԽ-4-Ո-Կ-1 որոշման վերաբերյալ իր հատուկ կարծիքում ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի և նրա ղեկավարած ՍԴ-ի կազմի անկախության, անաչառության և օբյեկտիվության վերաբերյալ հանդես էր եկել քաղաքական կոչերով, արտահայտել էր գրեթե բառացի այն նույն սուբյեկտիվ, կողմնակալ, կոռեկտության սահմաններն անցնող դիրքորոշումներ, որոնք տխրահռչակ Վահե Գրիգորյանը երկնում էր ՍԴ նախագահի աթոռին տիրանալու համար: Հա, ի դեպ, Հայկ Հովհաննիսյանը նաև Արման Դիլանյանի մտերիմ ընկերն է։
Մեր աղբյուրները հայտնում են, որ ԲԴԽ դիմումով բարձրացված սահմանադրականության հարցով գործի վարույթը կարճելու ՍԴ նախագահի Արման Դիլանյանի առաջարկությունը մերժվել է ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանի, Արևիկ Պետրոսյանի կողմից, նրանք կոնկրետ հիմնավորումներով չեն մասնակցել նիստին:
Դեմ է արտահայտվել նաև ՍԴ դատավոր Երվանդ Խունդկարյանը: Իսկ ՍԴ մյուս 6 դատավորները` բնականաբար, Վահե Գրիգորյանի և Արման Դիլանյանի գլխավորությամբ՝ կողմ են քվեարկել:
Դե ինչ, յուրաքանչյուրի ընտրությունն է` խարա՞ն, թե՞ մասնագիտական արժանապատվություն: Սակայն այդ խարանը կլիներ միայն կրողինը, եթե այն նաև մեր պետականության կորստի ճանապարհը «չհարթեր»: Ուստի պատասխան, անշուշտ, տրվելու է: