
Թուրքիայում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թվերը չեն համապատասխանում իրականությանը․ Ֆաթիհ Ալթայլը

Թուրք լրագրող, սյունակագիր Ֆաթիհ Ալթայլըն կասկածի տակ է դրել Թուրքիայի առողջապահության նախարարության կողմից հրապարակվող նոր տիպի կորոնավիրուսային վարակի (Covid-19) օրական դեպքերի թվերի հավաստիությունը՝ նշելով, որ միայն ինքն անձամբ ճանաչում է այդքան թվով հիվանդի։ Ինչպես հաղորդում է թուրքական Demokrat Haber լրատվական կայքը, Ալթայլըն ելույթ է ունեցել նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից համավարակի դեմ նոր սահմանափակումների հայտարարությունից հետո։
Ֆաթիհ Ալթայլըն ասել է․ «Վարակի բացահայտման համար ՊՇՌ թեստ հանձնած մարդկանց ավելի քան 20%-ի մոտ դրական ցուցանիշի մասին է նշվել: Եթե հաշվի առնենք, որ այսօր թեստերի քանակը 156 հազար է, ՊՇՌ թեստի դրական թիվը պետք է լինի մոտ 50 հազար: Սակայն հրապարակված թիվը 3819 է, այն կարծես ծաղրի ողջ թուրք ժողովրդին և հասարակությանը։ 3819 հիվանդի անձամբ ես եմ ճանաչում։ Մեր պետությունը այս ոչ համոզիչ պատկերով ո՞ւմ է ցանկանում խաբել և ի՞նչ է ուզում անել: Արդյո՞ք նման ցածր թվերը հիմնական պատճառներից մեկը չեն այն ինքնագոհության, որի հետ մենք գործ ունենք մինչև օրս և որի համար մեղադրում ենք հասարակությանը: Մի՞թե հարց չի առաջանում՝ եթե հիվանդության թվերն այսքան քիչ են, ինչո՞ւ են ձեռնարկել այս միջոցառումները»: