
Գերմանաբնակ դաշնակահարուհի Մարգարիտ Հովհաննիսյանը իր մենահամերգների հասույթն ուղղել է Արցախին

Երկար տարիներ Գերմանիայում ապրող և ստեղծագործող դաշնակահարուհի Մարգարիտ Հովհաննիսյանը Արցախին աջակցելու նպատակով Մյունխենում հանդես է եկել մենահամերգներով, որոնց արդյունքում գոյացած հասույթը «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցով ուղղել է Արցախի աջակցությանը:
Ընդհանուր առմամբ հավաքվել է 5000 եվրո:
Համերգներին ներկա եղած գերմանացի երաժշտասերները իրենց զորակցությունն են հայտնել Արցախին և Հայաստանին: Նրանցից շատերը մոտեցել են Մարգարիտին, նշել, որ Արցախի կողքին են ու սատարում են հայերին:
Վերջին շրջանում Եվրոպայում տեղի ունեցած ահաբեկչական գործողություններով պայմանավորված՝ Մարգարիտը մտավախություն է ունեցել, որ երաժշտասերները գուցե անվտանգության խնդիր ունենան և դիմել է ոստիկանությանը: Ոստիկանությունը պատրաստակամությամբ աջակցել է դաշնակահարուհուն՝ ապահովելով միջոցառումների անվտանգությունը:
Մարգարիտ Հովհաննիսյանը կարծում է, որ ամեն կերպ հայրենիքին աջակցելը յուրաքանչյուր հայի պարտքն է: