Ընդդիմության լիդերներին 16:00-ին հրավիրել են ՀՔԾ, որ չկարողանան մասնակցել հանրահավաքին ու ելույթ ունենալ. Արսեն Բաբայան

Այսօր ՀՔԾ են հրավիրվել մի խումբ քաղաքական գործիչներ, ընդդիմադիր քաղաքական ուժերի ներկայացուցիչներ:

Ավելի վաղ ՀՔԾ-ում է եղել ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը: Նա ֆեյսբուքյան իր էջում հայտնել էր, որ մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 225.1-րդ հոդվածի 1-ին մասով՝ օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաք կազմակերպելու և անցկացնելու համար:

«Հայտնել եմ, որ ինձ առաջադրված մեղադրանքը չեմ ընդունում, և հրաժարվել եմ ցուցմունք տալ»,- գրել էր Էդուարդ Շարմազանովը:

168.am-ի տեղեկություններով՝ ՀՔԾ են հրավիրվել նաև ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանը «Հայրենիք» կուսակցության ղեկավար, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը, «Մեկ Հայաստան» կուսակցության ղեկավար Արթուր Ղազինյանը: Նրանք ՀՔԾ են հրավիրվել 16:00-ի սահմաններում: Այս տեղեկությունը 168.am-ի հետ զրույցում, հենց ՀՔԾ շենքի բակում հաստատեց նաև «Հայրենիք» կուսակցության անդամ Արսեն Բաբայանը: Նա ևս հրավիրվել էր ՀՔԾ:

«Ենթադրում եմ, որ հրավիրել են մեղադրանք առաջադրելու՝ կապված, իբր, իմ կողմից հանրահավաք կազմակերպելու հետ: Այսինքն՝ այն նույն գործով, ինչով որ ինձ ձերբակալել էին»,- ասաց Արսեն Բաբայանը:

Բաբայանի խոսքով՝ իր և մյուս քաղաքական գործիչների՝ ՀՔԾ հրավիրվելը պայմանավորված է նրանց՝ այսօր ժամը 18:00-ին կայանալիք հանրահավաքին մասնակցությունը խոչընդոտելու նպատակով:

«Եթե նկատի ունենանք, որ հիմնականում քաղաքական ընդդիմության լիդերներին ժամը 4-ին են հրավիրել՝ նպատակ ունենալով ձգել, որպեսզի հանրահավաքի ընթացքում քաղաքական ընդդիմության առաջնորդները չկարողանան ելույթներ ունենալ և մասնակցել հանրահավաքին: Դե, սա արդեն ծիծաղելի էլ չի, չգիտեմ, պիտի երևի արդեն սովորական դառնա, որովհետև Նիկոլ Փաշինյանի գլխում 10 տարվա մեջ որևէ փոփոխություն տեղի չունեցավ:

Հիշում եք, չէ՞, ասում էր՝ «սպեցնազը մտավ և ինձ ծեծեց»: Այդպիսի մի միտք էր ծնվել իր գլխում դեռևս 10 տարի առաջ: Էդ մարդու ուղեղը որևէ պրոգրես չապրեց այս ընթացքում»,- ասաց Արսեն Բաբայանը:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս