«Հիվանդ հասարակությունն ի վիճակի չէ ընտրել առողջ և մաքուր իշխանություն». փորձագետն առաջարկում է փոխել իշխանությունը, բայց ոչ ընտրություններով. «Անկախ»

Անկախ-ի զրուցակիցն է կառավարման փորձագետ, Հանրային խորհրդի նախկին անդամ Հարություն Մեսրոբյանը:

-Պարոն Մեսրոբյան, նոյեմբերի 10-ին ՀՀ վարչապետը ստորագրեց մի հայտարարություն, որը գնահատվում է իբրև Հայաստանի համար կապիտուլյացիոն ակտ: Ո՞րն է Ձեր գնահատականն այդ փաստաթղթի վերաբերյալ և որո՞նք են դրա հետևանքները:

-Գնահատականը նույնն է՝ սա կապիտուլյացիայի ակտ է, և հիմա ցանկացած վատ սցենար հնարավոր է: Ամենախոցելին տարածքային զիջումների իմաստով Շուշին է, որով Ստեփանակերտն ուղիղ նշանի տակ է հայտնվում, երկրորդը՝ Ադրբեջանի և Նախիջևանի միջև ցամաքով նախատեսվող կապը, ինչը նշանակում է, որ թուրքական Մեծ Թուրանի գաղափարը սկսում է կյանքի կոչվել: Իսկ դա նշանակում է, որ խաղատախտակին դրված է Հայաստանի ապագան և ընդհանրապես հայ էթնիկ տարրի գոյությունն այս տարաշածրջանում, մի բան, որի մասին ես վերջին ժամանակներում պարբերաբար, գրեթե բոլոր հարցազրույցներում դեռ պատերազմից շատ ավելի առաջ զգուշացրել եմ:

-Ընդդիմադիր քաղաքական ուժերը պահանջում են վարչապետի և կառավարության հրաժարականը, որից հետո ձևավորել ժամանակավոր կառավարություն, ապա անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Մոտավորապես նույն բանը երեկ հայտարարեց ՀՀ նախագահը: Ո՞րն է ելքը՝ ըստ Ձեզ:

-Իմ խորին համոզմամբ՝ մոտակա տարիներին Հայաստանում որևէ ընտրության մասին խոսելը վտանգավոր է, անգամ՝ կործանարար: Իշխանության փոփոխություն պետք է լինի, բայց ոչ ընտրությունների միջոցով, որովհետև այս 30 տարիները ցույց տվեցին, որ մենք կա՛մ իրականում հնարավորություն չենք ունեցել մեր ընտրությունը կատարելու (ընտրությունների կեղծում և այլն), կա՛մ, եթե ունեցել ենք, ապա ավելի լավ է՝ չունենայինք (խոսքը գնում է 1991 և 2018 թվականների ընտրությունների մասին, երբ ընտրված ղեկավարները սկսեցին «վայելել» ժողովրդի ատելությունը):

Այժմ պետք է շատ կարճ ժամանակում պետական կառավարման համակարգը շեշտակիորեն փոխել և ստեղծել իշխանության տոտալ կենտրոնացում (միանձնյա կամ եռանձնյա․ վերջինս պատմության մեջ ընդունված տարբերակ է):

Ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկվեն պետական կառավարման վերափոխման կոնտեքստում: Նոր իշխանությունը պետք է կոշտ ծրագրով վերափոխի Հայաստանի ուժային կառույցները, առաջին հերթին՝ Զինված ուժերն ու ԱԱԾ-ն: Օր առաջ պետք է ընդունվի օտարերկրյա գործակալների գործունեությունը խստացնող կամ արգելող FARA-ի օրենքը: Պետք է արգելել բոլոր այն քաղաքական և հասարակական կառույցների գործունեությունը, որոնք իրենց հայտարարություններով ու գործունեությամբ լարում են մեր պետության հարաբերություններն այս կամ այն գերտերության հետ: Դրա համար անհրաժեշտ է նախատեսել քրեական խիստ պատասխանատվություն: Որոշակի ժամկետով պետք է արգելել բոլոր տեսակի հավաքներն ու փակել բոլոր սոցիալական ցանցերը:

Պետական կառավարման համակարգի մեջ պետք է հրատապ լուծվի Հայաստանի համակարգային անվտանգության խնդիրը՝ սկսած ռազմականից և էներգակիրներից, վերջացրած պարենայինով (վերջինիս իմաստով անհրաժեշտ է վերականգնել գյուղատնտեսության նախարարությունը): Մի կարևոր մոտեցում ևս՝ պետք է հայտարարվի մորատորիում բոլոր տեսակի խոշոր ֆինանսատնտեսական գործերի մասով քրեական մեղադրանքների հարուցման հարցում (խոսքը չի գնում այդ գործերի վարույթը կասեցնելու մասին): Գաղտնիք չէ, որ Հայաստանի անկախության ողջ շրջանում կոռուպցիոն և այլ մեխանիզմներով բավականին մեծ գումարներ և գույք են մսխվել, ներառյալ նաև վերջին 2,5 տարվա պարգևավճարների տեսքով: Պետք է հստակ հայտարարվի հետևյալ մոտեցում-լուծումը. նոր իշխանության գալու պահից սկսած՝ բոլոր այն մարդիկ, որոնք կասկածվում կամ կասկածվելու են այս տեսակի մսխումների մեջ, նրանց նկատմամբ ներկա և ապագա քրեական գործերով նախատեսվող պատիժները կարող են կա՛մ զգալի մեղմանալ, կա՛մ ընդհանրապես կասեցվել՝ կախված պետության հզորացմանն ուղղված իրենց պրակտիկ գործունեությունից, առաջին հերթին՝ գումարները և գույքը հոժարակամ վերադարձնելուց:

Շատ կարևոր է նաև ՏՏ ոլորտի նկատմամբ պետական հոգածության և վերահսկողության սահմանումը: Պարտադիր է Հայաստանից և Սփյուռքից իբրև օժանդակություն ներգրավվող բոլոր ֆինանսական միջոցների կենտրոնացումն ու պետական վերահսկողության սահմանումը՝ համապատասխան հոգաբարձուների խորհրդի ստեղծմամբ, որտեղ անհրաժեշտ է ներգրավել վստահելի մարդկանց: Պետության առանձնակի ուշադրության կենտրոնում պետք է հայտնվեն ներդրումներն՝ ընդհուպ երաշխիքների տրամադրումը:

Նոր կառավարություն պետք է ձևավորել այս 30 տարվա ընթացքում առավելագույն դրական արդյունքներ գրանցած նախարարների կազմով: Սակայն յուրաքանչյուր ոլորտում պետք է սահմանվեն չափորոշիչներ, որպեսզի եռամսյակային կտրվածքով այդ չափորոշիչները չապահոված նախարարն ազատվի աշխատանքից, իսկ եթե կան հանցանքներ, շատ արագ հարուցվեն քրեական գործեր: Առաջարկները շատ են, այդ իսկ պատճառով սահմանափավենք այսքանով: Ավելացնեմ միայն, որ որոշ առաջարկների համար արդեն իսկ մշակված են դրանց ներդրման մեխանիզմները:

-Դուք Ձեր Ֆեյսբուքյան էջում օրեր առաջ գրել էիք, որ հիմա էլ «հաՄրությունը կարող է իշխանության բերել քաղաքական շնագայլերին»: Այսօր Վազգեն Մանուկյանը հայտարարեց, որ մեզ պետք է կոշտ, ռազմական գործին տիրապետող, ազգային և ազատության գաղափարների վրա հիմնված քաղաքականություն իրականացնող իշխանություն: Կա՞ արդյոք նման ուժերի իշխանության գալու հնարավորություն և որո՞նք են այդ ուժերը:

-Սովորաբար ես անուններ տալ չեմ սիրում, բայց ամեն ինչ գնում է դրան, որ սկսեմ խոսել անուններով՝ թե բացասական և թե՛ դրական իմաստներով:

Վազգեն Մանուկյանի առաջարկը համարում եմ ամենաիրատեսականը ստեղծված իրավիճակում: Բայց նորից պետք է նշեմ, որ այդ ամենը պետք է լինի առանց ընտրությունների, հակառակ դեպքում այդ ընտրությունները կարող են բերել ներքին ցնցումների, ընդհուպ՝ միչև երկրի փլուզման:

ՀաՄրությունը (ամբոխը) իրավունք չունի ընտրություն կատարելու: 2018-ի ընտրությունների հետևանքը եղավ այն, որ այսօր մեր երկրի ապագան մահացու վտանգված է: Դա էր այդ ընտրության գինը: Հիմա մարդիկ ուզում են Նիկոլ Փաշինյանին դարձնել ամենամեղավորը, բայց ամենամեղավորը նրանք են, ովքեր 2018-ին նրան բերեցին իշխանության: Երկրորդ մեղավորները «դըմփ-դըմփ-հու» գոռացողներն էին, երրորդը՝ «ակԾիվիստները» և վերջում միայն՝ առաջնորդը: Մենք պետք է վերջնականապես հասկանանք, որ ցանկացած ընտրության ելքի գլխավոր մեղավորը նա չէ, ում ընտրել են, այլ նա, ով ընտրել է: Ընտրելը մեծագույն պատասխանատվություն է սեփական երկրի նկատմամբ, որովհետև ամեն մի նման ընտրությամբ դու ընտրում ես երկրիդ ապագան: Դրա համար հետագա ընտրություններում պետք է սահմանվի ընտրության ցենզ՝ թե ով իրավունք ունի ընտրել, ով ոչ: Իմ կողմից դա արդեն մշակված է:

-Որքան էլ զարմանալի է, բայց դեռևս կա հասարակության մի շերտ, որը ոչ մի կերպ չի ուզում Նիկոլ Փաշինյանի հեռացումը: Սա ի՞նչ է, սեփական ընտրության սխալ լինելը չխոստովանելու վա՞խ, վախ նախկինների վերադարձի հանդե՞պ, թե՞ այլ բան:

-Ես հոգեբան չեմ, բայց ասեմ, որ այդ շերտը որևէ արժեք կրող չէ, և ես չեմ էլ ցանկանում այդ շերտի մասին խոսել: Շերտ, որը չունի պատասխանատվության զգացում սեփական երկրի նկատմամբ, հետագայում առավել ևս չպետք է ունենա ընտրելու իրավունք:

-Պարոն Մեսրոբյան, վերադառնանք չարաբաստիկ փաստաթղթին: Հնարավոր համարո՞ւմ եք արդյոք այդ փաստաթղթի վերախմբագրումը մեր օգտին:

-Այո, հնարավոր համարում եմ, բայց դրա միակ ճանապարհը հետևյալն է՝ առաջիկա իշխանությունը պետք է նախաձեռնի լայնածավալ կոնսուլտացիաներ ՌԴ իշխանությունների հետ, որի լոկոմոտիվը պետք է լինի այն, որ մենք ոչ միայն ՌԴ-ի, այլ առհասարակ աշխարհի համար վստահելի գործընկեր ենք, իսկ Ռուսաստանի համար՝ առավել ևս հուսալի ռազմավարական դաշնակից: ՌԴ-ն ոչ միայն դա պետք է ընկալի, այլև պետք է տեսնի հեռանկար ունենալու իսկապես ռազմավարական հարաբերություններ և ծրագրեր Հայաստանի հետ: Լայն իմաստով մենք պետք է համաշխարհային խաղացողների մոտ վերականգնենք հուսալի գործըներոջ մեր համբավը: Հակառակ դեպքում այն փաստը, որ Հայաստանում մեծ կշիռ ունի օտարերկրյա գործակալական ցանցը, մեր պետության վստահության հարցն անլուծելի է դարձնում: Ահա թե ինչու ես առաջարկեցի օտարերկրյա գործակալների նկատմամբ հստակ կոշտ քայլեր ձեռնարկել:

-Պարոն Մեսրոբյան, 44-օրյա գերլարված, սակայն հաղթական ու էյֆորիկ տրամադրություններից հետո հասարակությունը ցնցվեց պարտության, հսկայական տարածքային կորուստների և հազարավոր զոհերի լուրից ու մինչ այժմ շոկային վիճակում է: Ի՞նչ պրոցեսներ են ընթանում հասարակության ներսում և ինչի՞ դրանք կարող են հանգեցնել:

-Նախ արձանագրենք, որ հասարակությունն այդ զոհերի և պարտության թիվ 1 մեղավորն է: Դա նույնպես առնչվում է 2018 թվականի ընտրության հետ: Երկրորդ՝ անընդունելի է, որ փաստորեն իշխանությունները ոչ արժանահավատ տվյալներ էին ներկայացնում, իսկ դա ազգային անվտանգության խնդիր է: Նրանք, ովքեր ստեղծել էին այդ էյֆորիկ, իրականությանը չհամապատասխանող վիճակը, պետք է խստագույնս պատժվեն:

Սակայն այն, ինչ հիմա կատարվում է հասարակության ներսում, ունի մի շատ կարևոր դրական կողմ. այդ ողբերգական դեպքերը հնարավորություն են տալիս ինքնամաքրվելու, քանի որ պատերազմի նման հանգուցալուծումը խթանեց նաև կուտակված թարախի պայթյունը: Հիմա բոլորս պետք է բերաններս փակենք և ապաշխարենք, որովհետև ամեն մեկս մեր չափով մեղավոր ենք այս ողբերգության մեջ: Այս վիճակը պետք է օգտագործենք մաքրման պրոցես սկսելու համար: Մաքրվելու պրոցեսը պետք է սկսենք հասարակությունից, հակառակ դեպքում միշտ կունենանք ապիկար իշխանություն: Չի կարող հիվանդ հասարակությունն ունենալ առողջ և մաքուր իշխանություն: Սա պետք է վերջնականապես ականջներիս օղ անենք: Մենք հիմա ունենք պատմական շանս, ցավերի ու դժվարության միջով անցնելով ու ապաշխարելով, ունենալ հզոր Հայաստան, որը ոչ միայն կվերականգնի կորցրածը, այլև իր առջև կդնի ավելի ամբիցիոզ նպատակներ:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Տեսանյութեր

Լրահոս