Կհաջողվի՞ խուսափել էլեկտրաէներգիայի թանկացումից, թե՞ ստիպված կլինենք առերեսվել սակագնի բարձրացման հետ
Մինչև տարվա վերջ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը պետք է որոշում կայացնի էլեկտրաէներգիայի սակագների վերաբերյալ։ Վերջին անգամ դրանք վերանայվել են 2017թ.։ Այն ժամանակ ոչ մեծ չափով, այնուհանդերձ հաջողվեց նվազեցնել սակագինը։ Խոսքը բնակչությանը վաճառվող էլեկտրաէներգիայի սակագնի մասին է, որն իջեցվեց 1,2 դրամով։
Այժմ բնակչության ցերեկային սակագինը, բացառությամբ սոցիալական խմբերի, 1 կիլովատտի համար 44,98 դրամ է, գիշերայինը՝ 34,98 դրամ։
Սոցիալական խմբերի դեպքում կիրառվում են արտոնյալ սակագներ, ցերեկային՝ 29,99, գիշերային՝ 19,99 դրամ։ Այս սակագները գործում են 2019թ. փերտրվարի 1-ից։
Հաջորդ տարի ատոմակայանի նախատեսված երկարատև կանգառի հետևանքով ճնշումն էլեկտրաէներգիայի սակագների վրա կրկին մեծացել է։ Սպասվում է, որ ՀԱԷԿ-ը կկանգնի 140 օրով, ինչն ավելացնում է համակարգի ծախսերը։ Թեև Հայաստանն ունի ատոմակայանին փոխարինող հզորություններ, այնուհանդերձ դրանք անհամեմատ ավելի թանկ են։
Թերևս, դա էլ բերելու է համակարգի ֆինանսական ծանրաբեռնվածության ավելացման։
«Բավական ծանր տարի է սպասվելու, այս պահին դեռ չեմ ուզում կոնկրետ թվային գնահատականներ տալ, բայց, այո, Հայաստանի էլեկտրական ցանցերի մասով ունենք խնայողություններ։ Կորուստները նվազեցվելու են շուրջ 2,5 տոկոսով, որը 4-5 մլրդ դրամ է։ Այսինքն՝ այդքան դրական խնայողություն ենք ունենալու, բայց միաժամանակ դրան զուգահեռ՝ 2021 թվականին նախատեսվում են ատոմակայանի կյանքի երկարաձգման ամենամեծ աշխատանքները։ Եվ աննախադեպ երկար կանգնելու է ատոմակայանը՝ մոտ 140 օր՝ սովորաբար նախատեսված 45 օրվա փոխարեն։ Եվ իր կանգառի ժամանակ չարտադրված էլեկտրաէներգիան փոխարինվելու է ՋԷԿ-երում արտադրված էլեկտրաէներգիայով»,- օրերս հայտարարեց Հանրային ծառայություններ կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը։
ՋԷԿ-երի արտադրած էլեկտրաէներգիան անհամեմատ ավելի թանկ է, քան ատոմակայանինը։ ՀԱԷԿ-ի 140-օրյա կանգառն էապես փոխում է էներգաարտադրության հաշվեկշիռը, որի հիման վրա ձևավորվում են սակագները։
Չնայած Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահը չհստակեցրեց, թե որքանո՞վ է հավանական սակագների բարձրացումը, այնուհանդերձ այս անգամ դրանից հազիվ թե հաջողվի խուսափել։ Ատոմակայանի 140-օրյա կանգառը լուրջ ճնշում է համակարգի վրա։ Դրանից խուսափելու համար անհրաժեշտ էր համակարգը ժամանակին նախապատրաստել այսօրվան, և ոչ թե՝ առաջնորդվել պահի հրամայականով։ Բայց դա արդեն այնքան էլ կարևոր չէ, որովհետև ունենք այն, ինչ ունենք։
Ատոմակայանը կկանգնի հաջորդ տարվա հավանաբար գարնանից սկսած։ Այն դադարի վիճակում կլինի գրեթե 4,5 ամիս, ինչը 3 անգամ ավելի երկար ժամկետ է, քան սովորական ամենամյա կանգառները, որոնք արվում են վերալիցքավորման և ընթացիկ վերանորոգումների իրականացման նպատակով։
Այս անգամ ատոմակայանը կագնեցվում է ոչ միայն՝ վերալիցքավորման, այլև՝ էներգաբլոկի աշխատանքը երկարացնելու նպատակով կատարվող վերակառուցման ու վերազինման համար։ Այդ աշխատանքների մի մասն իրականացվել է նախկինում։ Այժմ նախատեսվում են հաջորդ փուլի միջոցառումները, որոնց մեջ մտնում է նաև ռեակտորի թրծումն ու ջերմային մշակումը։
Այս աշխատանքները, որոնք սկսվել էին ռուսական 270 մլն դոլար վարկի և 30 մլն դոլար դրամաշնորհի շրջանակներում, վաղուց պիտի ավարտված լինեին։ Սակայն ինչ-ինչ պատճառներով աշխատանքների իրականացումը շեղվեց ժամանակացույցից՝ իր հետ բերելով նոր խնդիրներ։
Էներգաբլոկի արդիականացման և տեխնիկական վերազինման աշխատանքները սկսվել են իշխանափոխությունից առաջ։ Այն ժամանակ արդեն դրանք մի փոքր հետ էին մնացել ժամանակացույցից։ Բայց հույս կար, որ ընթացքում կհաջողվի աշխատանքները վերադարձնել ժամանակացույցի մեջ։
Ամեն ինչ խճճվեց իշխանափոխությունից հետո։ Հայտնի ու անհայտ պատճառներով՝ վերազինման ընթացքը գնալով դանդաղեց և էներգաբլոկի արդիականացման աշխատանքների իրականացումը էապես հետ մնաց ժամանակացույցից՝ խնդիրներ ստեղծելով ռուսական վարկի և դրամաշնորհի վերաբերյալ ժամանակին ստորագրված համաձայնագրի հետ կապված։ Համաձայնագրով նախատեսվել էր, որ էներգաբլոկի տեխնիկական վերազինումը պետք է ավարտվեր 2019թ. դեկտեմբերի 31-ին։ Դրանով վերջանում էր նաև վարկի արտոնյալ ժամկետը, և 2020թ. հունվարից սկսում էր մարումը, ինչը պետք է կատարվեր կայանի վերազինման և հզորությունների ավելացման հաշվին։
Հիշեցնենք, որ վերազինումից հետո էներգաբլոկի հզորությունն ավելանում է 50-60 մեգավատտով, ինչը ենթադրում է լրացուցիչ էլեկտրաէներգիայի արտադրություն։
Վերազինման և էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման միջոցառումների դանդաղումը հանգեցրեց նրան, որ գործընթացը ձգվեց մինչև հիմա։ Կառավարությունը հրաժարվեց ռուսական վարկի չծախսված մասից և գնաց այլ միջոցների հաշվին աշխատանքները ֆինանսավորելու ճանապարհով։
Ամենամեծ ծավալը նախատեսվում է հաջորդ տարի։ Թերևս, դա էլ դարձել է ատոմակայանի երկարաժամկետ կանգառի հիմնական պատճառը։ Իհարկե, հաշվի առնելով նոր իրողությունները, նախատեսվում է իրականացնել նաև լրացուցիչ միջոցառումներ՝ կայանի անվտանգության ու հուսալիության բարձրացման ուղղությամբ։
Հաջորդ տարի սպասվող ՀԱԷԿ-ի երկարատև կանգառի պատճառները սրանք են, որոնք բերել են սակագների վրա ճնշման մեծացման։ Դրանք կարող էին նաև չլինել, եթե պահպանվեին նախկին ժամանակացույցերը և վերազինման ու արդիականացման աշխատանքներն այսքան չձգվեին։ Հիմա ստիպված ենք գնալ այդ ճանապարհով և 140 օրով կանգնեցնել գործող էներգաբլոկը՝ այն փոխարինելով ջերմային կայաններում արտադրված ավելի թանկ էլեկտրաէներգիայով։
Թե դրա հետևանքով համակարգում ինչպիսի՞ ֆինանսական ճեղքված կարող է գոյանալ, Հանձնաժողովն առայժմ հաշվարկում է։ Ենթադրվում է, որ արդյունքները պատրաստ կլինեն դեկտեմբերի առաջին կեսին։
Ճեղքվածի մեծությունից էլ կախված կլինի սակագնի վերանայման անհրաժեշտությունը։ Այս պահին մեծ է հավանականությունը, որ դժվար կլինի խուսափել թանկացումից։ Հատկապես որ, այս տարի էլ կարծես խնդիրներ կան էներգաարտադրության հաշվեկշիռների պահպանման հետ կապված, ինչը ճնշում է սակագները։
Եթե չհաջողվի խուսափել թանկացումից, ապա նոր սակագները կսկսեն գործել հաջորդ տարվա փետրվարի 1-ից։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ