Ամեն տարի ծառայողական մեքենաները նախատեսում ենք կրճատել, իսկ դրանք ավելանում են

2020թ. պետական բյուջեի նախագծով նախատեսված էր ծառայողական մեքենաները կրճատել 153-ով։ Արդյունքում՝ դրանց թիվը 867-ից պիտի դառնար 714։

Ամեն ինչ շատ պարզ էր թվում. տեղի էր ունեցել պետական կառավարման մարմինների, մասնավորապես՝ նախարարությունների և այլ գերատեսչությունների միավորում, ինչը պիտի հանգեցներ ծառայողական մեքենաների կրճատման։

Հիշեցնենք, որ 18 նախարարությունների փոխարեն՝ այժմ գործում է 12-ը։ Եթե 2019թ. ունեինք 77 պետական կառավարման մարմին, ապա հիմա, ըստ 2021թ. պետական բյուջեի նախագծի, մնացել է 62-ը։

Կրճատվել է նաև փոխվարչապետերի թիվը։ Նախկին 3-ի փոխարեն՝ 2-ն է։

Ենթադրվում էր, որ այս փոփոխությունները պիտի բերեին նաև ծառայողական մեքենաների թվի կրճատման։ Սակայն պարզվում է՝ բոլորովին էլ այդպես չէ։ Ծառայողական մեքենաները ոչ միայն չեն պակասել, այլև մի բան էլ ավելացել են։ 62 պետական կառավարման մարմինները հիմա ավելի շատ ծառայողական մեքենա ունեն, քան ունեին  77-ը։

2021թ. պետական բյուջեի նախագծին կցված հավելվածը վկայում է, որ 2020թ. պետական մարմիններն ունեցել են 924 ծառայողական մեքենա։ Այն դեպքում, երբ նախատեսված էր, որ դրանց թիվը կկրճատվի 153-ով և 867-ից կդառնա 714։

Դատելով ներկայացված փաստաթղթից՝ 2020թ. ծառայողական մեքենաները ոչ միայն չեն կրճատվել, այլև 2019թ. համեմատ ավելացել են 57-ով։

Պետական մարմիններն ինչպես այս, այնպես էլ հաջորդ տարի ավելի շատ ծառայողական մեքենաներ կունենան, քան ունեին 2018թ.։ Այն ժամանակ դրանք 902-ն էին, հիմա դարձել են 924։ Մինչդեռ ժամանակին,  երբ Նիկոլ Փաշինյանը դեռ վարչապետ չէր, հայտարարում էր, որ Հայաստանի Հանրապետությունում պետք է 30-35 ծառայողական ավտոմեքենա լինի` հատուկ պահպանության ենթակա պաշտոնյաների համար։ Իշխանափոխությունից հետո անցել է 2,5 տարի, ու այդ ընթացքում, պարզվում է՝ պետական մարմիններին սպասարկող ծառայողական մեքենաները մեր երկրում ոչ միայն չեն հասել 30-35-ի, այլև մի բան էլ ավելացել են։

Թե ո՞ւր մնացին ծառայողական մեքենաների նախատեսված կրճատումները, որոնց մասին անընդհատ խոսվում էր իշխանափոխությունից հետո, հայտնի չէ։ Մի՞թե այսպես ենք օպտիմալացնում ծառայողական ավտոպարկը։

Որ այն ուռճացված է, նորություն չէ։ Այդ մասին բազմիցս է ասվել։ Պատահական չէ նաև, որ ամեն նոր կառավարություն ծառայողական ավտոպարկի կրճատումը համարել է իր առաջնահերթ խնդիրներից մեկը։ Այնպես, ինչպես եղավ նաև իշխանափոխությունից հետ, երբ հայտարարվեց, որ ունենք ծառայողական ավտոմեքենաների գերկենտրոնացում, որը թանկ է նստում պետական բյուջեի վրա, և պետք է ազատվել դրանից՝ լուրջ կրճատումներ անելով։

Թե ինչքանով է այդպես եղել, վկայում են այն թվերը, որոնք դրված են 2021թ. պետական բյուջեի նախագծում։

Ինչպես նախորդ տարիներին, այնպես էլ 2021թ. ծառայողական ավտոմեքենաների կրճատում նախատեսված է։ Բայց այս անգամ թիվը շատ համեստ է։

2021թ. ծառայողական մեքենաները նախատեսվում է կրճատել ընդամենը 1-ով և 924-ից թողնել 923-ը։

Իրականում սա նույնիսկ առաջընթաց քայլ դժվար է համարել։ Թեև եթե կրճատումն այնպես պիտի արվի, ինչպես եղել է մինչև հիմա, ոչ մի նշանակություն չունի, թե քանի ծառայողական մեքենա կնախատեսվի կրճատել։

Միևնույն է, դրանից ոչինչ չի փոխվում։ Մի բան նախատեսվում է, վերջում մեկ այլ բան է դուրս գալիս։ Այդ դեպքում, բոլորովին էլ կարևոր չէ՝ կրճատումներ կնախատեսվե՞ն, թե՞ չեն նախատեսվի։

2021թ. պետական բյուջեի նախագծով Ազգային ժողովը կունենա 66 ծառայողական մեքենա։ Այն կշարունակի մնալ այնքան, որքան եղել է այս տարի։ 2019թ. ԱԺ-ն ուներ 67 ծառայողական մեքենա։

Հաջորդ տարի ծառայողական մեքենաների ավտոպարկի թվաքանակը կպահպանեն նաև կառավարության ու նախագահի աշխատակազմերը։ Վերջին 2 տարիներին նախագահականի ավտոպարկը ինչպես եղել, այնպես էլ կշարունակի բաղկացած լինել 20 ծառայողական ավտոմեքենաներից։

Վարչապետի աշխատակազմում ծառայողական մեքենաներն ավելի քան կրկնակի շատ են նախագահականից։ Ինչպես այս, այնպես էլ հաջորդ տարի դրանց թիվը նախատեսվում է թողնել 46 միավոր։ Թեև 2019թ. համեմատ վարչապետի աշխատակազմի ավտոպարկը գրեթե կրկնակի պակասել է։ Այն ժամանակ դրանց թիվը հասնում էր 90-ի։

Ծառայողական մեքենաների ամենամեծ կրճատումը հաջորդ տարի նախատեսված է Պետեկամուտների կոմիտեի աշխատակազմում։ Եթե այս տարի կոմիտեն ունի 179 ծառայողական մեքենա, ապա 2021թ. կմնա 150-ը։ Այսինքն՝ կկրճատվի 29-ով։ Այդպես նախատեսված է, այլ հարց՝ այդպես կլինի՞, թե՞ ոչ։

Ծառայողական մեքենաների հաջորդ խոշոր կրճատումն ակնկալվում է Կադաստրի կոմիտեում։ Այդ կառույցում հաշվառված է 32 ծառայողական մեքենա։ Դրանց ավելի քան 37 տոկոսը նախատեսվում է կրճատել։ Հաջորդ տարի Կադաստրի կոմիտեն կունենա 20 ծառայողական մեքենա։

Վեց միավորով կպակասի նաև Արդարադատության նախարարության ավտոպարկը։ Հիմա այն ունի 10 ծառայողական մեքենա, հաջորդ տարի նախատեսվում է թողնել 4-ը։ 2-ով նվազեցում է նախատեսված նաև Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պաշտոնյաներին սպասարկող ծառայողական ավտոմեքենաների դեպքում։ 8-ից կմնան 6-ը, իսկ 2-ը, ըստ էության, կփոխանցվի Կրթության տեսչական մարմնին։

Կտրուկ կավելանա Էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի ծառայողական մեքենաների քանակը։ Այս տարի դրանք 7-ն են, նախատեսվում է հասցնել 28-ի։ Այսինքն՝ ավելացնել ևս 21-ով։ Լուրջ համալրում կստանա նաև Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի աշխատակազմի ավտոպարկը։ Այն ավելի քան կկրկնապատկվի։ Եթե այսօր այս կառույցն ունի 15 ծառայողական ավտոմեքենա, ապա հաջորդ տարի նախատեսվում է հասցնել 32-ի։

8-ով կավելանա նաև Առողջապահության և աշխատանքի տեսչական մարմնի ավտոպարկը՝ 11-ից դառնալով 19։

Նախատեսվում են նաև այլ փոփոխություններ։ Ու դրանց արդյունքում հաշվարկվել է, որ հաջորդ տարի պետական մարմինների ծառայողական ավտոմեքենաների քանակը կնվազի 1-ով և կկազմի 923 միավոր։ Թեև այդ թվի մեջ, հավանաբար, հաշվարկված չէ այն կառուցվածքային փոփոխության ազդեցությունը, որն օրերս տեղի ունեցավ մարզպետարանների աշխատակազմերում։ Ինչպես հայտնի է, ավելացել է փոխմարզպետի ևս մեկ հաստիք, ինչը ենթադրում է նաև ծառայողական մեքենայի առկայություն՝ նրան սպասարկելու համար։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս