Բաժիններ՝

«Սեպտեմբերի 26-ն էր, ասաց՝ վաղը կզանգեմ, ու այդպես էլ չզանգեց». 19-ամյա Կարենը պատերազմի առաջին զոհերից էր

Արցախում թշնամու ագրեսիան ետ մղելիս զոհված 19-ամյա Կարեն Վահրամի Մարգարյանը Տավուշի մարզի Պառավաքար համայնքից էր, ապրում էր ծնողների, մեծ եղբոր և քրոջ հետ, ինքը տան փոքրն էր:

«Կարենը շատ խելոք, համեստ, գերազանց սովորող, ճշտապահ տղա էր: Սովորել էր շատ սիրում, դպրոցը գերազանց ավարտել էր, ընդունվել էր Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան, էլի գերազանց սովորում էր, բանակում բանակի գերազանցիկ էր ստացել: Սովորելն էր իրենը՝ իր գիր, գրականությունը: Դպրոցին համատեղ նաև Դիլիջանի Թումո կենտրոնում էր սովորում, այնտեղ էլ է գերազանց ավարտել, ուզում էր տնտեսագետ դառնալ»,- 168.am-ի հետ զրույցում պատմեց Կարենի եղբայրը՝ Սարգիսը:

Կարենը ծառայության էր մեկնել 2019 թվականի հունվարին, 3 ամսից պետք է զորացրվեր, եղբայրը պատմեց, որ ծառայությունը շատ էր սիրում, լավ էր ծառայում, սերժանտ էր, պետք է կոչումը բարձրացնեին.

«Սիրում էր ծառայությունը, ոչ մի անգամ չի բողոքել, սիրելով էլ գնացել էր բանակ: Զինվորական գրքույկում հոդված էին ուզում գրել, բայց Կարենը կռվեց, ասաց՝ ես առողջ եմ, պետք է գնամ ծառայեմ: Սպասում էր, որ մի քանի օրից պետք է ավագ սերժանտի կոչում ստանար, այն էլ այսպես եղավ…»:

Սարգիսը պատմեց, որ եղբայրը վերջին անգամ մոր հետ էր խոսել՝ պատերազմը սկսելու նախօրեին.

«Սեպտեմբերի 26-ն էր, ասաց՝ վաղը կզանգեմ, ու այդպես էլ չզանգեց: Ամսի 26-ի իրիկունը մամայի հետ խոսել է, հաջորդ օրն առավոտյան դեպքը տեղի է ունեցել: Կարենը ՀՕՊ-ում էր ծառայում, որ մամայի հետ խոսեց, դեռ պատերազմը չէր սկսվել, բայց ասաց, որ մի քանի օրից իրենց մոտ ինչ-որ բան է լինելու, այդպես էլ չիմացանք, թե ինչ էր լինելու… Ախպերս նպատակ ուներ գար, համալսարանը գերազանց ավարտեր և ուսումը շարունակեր արտերկրում»:

Կարեն Մարգարյանի հուղարկավորությունը տեղի է ունեցել սեպտեմբերի 29-ին՝ Պառավաքարում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս