«Դավաճանական խմբակը վաճառել է մեր հայրենիքի մի հատվածը. բոլոր դավաճանները պատասխան են տալու օրենքի առջև». Վանեցյան
Տեղի է ունեցել այն, ինչ պետք է տեղի ունենար. դավաճանական խմբակի կողմից վաճառվել է մեր հայրենիքի մի հատվածը։
Լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրի շենքից դուրս գալուց հետո:
Հիշեցնենք, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի ձերբակալությունը ճանաչվել է ոչ իրավաչափ և Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն, գեներալ-մայոր Արթուր Վանեցյանն ազատ է արձակվել:
«Իրենց դավաճանական պլանը վերջնական հանգրվանին հասցնելու համար անհրաժեշտ էր ազատությունից ինչ-որ մի առիթով զրկել այն ուժերին, կուսակցական ղեկավարներին, որոնք պայքարում են այդ դավաճանական պլանն իրագործելու դեմ։ Փառք Աստծո, որ մեր դատարանը ճիշտ գնահատեց իրավիճակն ու արդարացի որոշում կայացրեց: Սա ուղղակի քրեական գործ չի, իրականում՝ ինչ է մեղադրանքի հիմքում, ես չեմ կարող մանրամասներ ասել, բայց անհեթեթ քրեական գործ է, որն անպայման կարճվելու է: Միակ նպատակը եղել է ինձ ազատությունից 3 օրով զրկելը»,- նշեց Արթուր Վանեցյանը:
ԱԱԾ նախկին պետը ժողովրդին վստահեցրեց՝ իրենք անպայման հաղթելու են, և բոլոր դավաճանները պատասխան են տալու իրենց խղճի և օրենքի առջև:
«Երեք օր ունենք, և երեք օր հետո լրանալու է այն ժամկետը, որից հետո ունենալու ենք անդառնալի կետ, և չենք կարողանալու որևէ լուծում, որոշում փոխել»,- եզրափակեց Վանեցյանը: