«Չէ, դուք իսկապես մեզ բոլորիս հիմարի տեղ եք դրել». Արման Գրիգորյանը՝ «Իմ քայլին»

Քաղաքագիտության դոկտոր Արման Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ԱԺ «Իմ Քայլը» խմբակցության հայտարարության մեջ երեք հիմնական պնդում կա, որոնք ծառայում են միմիայն մեկ նպատակի. ժխտել Հայաստանին ու Արցախին պատճառած աննախադեպ աղետի համար պատասխանատվությունը (այո, աննախադեպ բառը միտումնավոր եմ օգտագործել և համարում եմ, որ վերոհիշյալ աղետը միակ աննախադեպ բանն էր, որ այդ քաղաքական խառնամբոխը տվեց Հայաստանին)։ Որո՞նք են այդ կետերը։

1.Պատերազմական գործողությունների ընթացիկ վերլուծությունը հիմք է տալիս արձանագրելու, որ հայ ժողովուրդը միասնական ջանքերով, ըստ էության, պատերազմել է ոչ միայն Ադրբեջանի, այլև աշխարհի խոշորագույն զինված ուժերից մեկի, գերժամանակակից սպառազինություն և անսահմանափակ մարդկային ռեսուրս տիրապետող բանակի, վարձկան ահաբեկիչների և տարբեր պետություններից հավաքագրված հատուկ նշանակության զորամիավորումների դեմ,

2.Քառասունհինգօրյա պատերազմում առաջնագծի ողջ երկայնքով գրանցվել են առանձնակի հերոսություններ, որոնց շնորհիվ հնարավոր եղավ կանխել թշնամու՝ հայության դեմ սանձազերծված ցեղասպանական ոճիրը,

3. Արձանագրում ենք, որ պատերազմական գործողությունները տեղի են ունեցել անվտանգային մարտահրավերներով պայմանավորված խոշոր աշխարհաքաղաքական իրադարձություններին զուգահեռ, ինչի պատճառով ձախողվեցին հրադադարի հաստատմանն ուղղված միջազգային բոլոր ջանքերը, այդ թվում ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահ երկրների բազմակի փորձերը,

Հիմա փորձեմ այս կետերը հայերեն թարգմանել. առաջին, հակառակորդը չափազանց ուժեղ էր, հետևաբար որևէ ռացիոնալ մարդ չէր կարող ակնկալել, որ մենք կարող էինք հաղթանակած դուրս գալ այս պատերազմից։ Երկրորդ, մենք ոչինչ չէինք կարող անել պատերազմը կանխելու համար, քանի որ հակառակորդի նպատակը ցեղասպանությունն էր։

Այսինքն`հակառակորդն ուներ նպատակ, որը բանակցության ու փոխզիջման ենթակա չէր և որն իրականում վիժեցվեց հայկական կողմի դիմադրության շնորհիվ, հետևաբար կարելի է նույնիսկ պնդել, որ մենք հաղթանակած ենք դուրս եկել այս պատերազմից։ Երրորդ կետն այս սարսափելի վատ շարադրված տեքստի թերևս ամենադժվար վերծանելի կետն է, բայց ենթադրում եմ դրա իմաստը հետևյալն է. մենք զոհ դարձանք մեր թիկունքում եփված ինչ-որ դավադրության և ու գործընթացների, որոնց վրա մենք որևէ ազդեցություն չունեինք։

Թերևս սկսենք երկրորդ կետից. հակառակորդի նպատակը մեզ բնաջնջելն էր, հետևաբար պատերազմը կանխել հնարավոր չէր որևէ բանակցության ու փոխզիջման միջոցով։ Եթե սա ճիշտ է, մնացածն իսկապես հնարավոր չէ վիճարկել։ Բայց այդ պնդումը ճիշտ չէ, դա էժանագին մանիպուլյացիա է, ուրիշ ոչինչ, շրջանառության մեջ դրած այն պրիմիտիվ հաշվարկով, որ որևէ հայ վեր չի կենալու ասի, թե Ադրբեջանի ու Թուրքիայի նպատակը մեզ իսպառ ոչնչացնելը չէր։ Բայց եթե նույնիսկ մի պահ ընդունենք, որ իրենց գիտակցության խորխորատներում թուրքերն ու ադրբեջանցիները նման նվիրական երազանքներ ունեն, դրանք չի կարելի շփոթել նրանց այսպես կոչված` օպերատիվ քաղաքական նպատակների հետ։ Իսկ քաղաքանությունը սովորաբար խարսխված է լինում օպերատիվ քաղաքական նպատակների, ոչ թե երազանքների մեջ (եթե իհարկե քաղաքականություն վարողները իմքայլականները չեն)։

Ադրբեջանը համաձայն էր Լավրովի պլանին և դրա իրականացման դեպքում պատերազմ չէր սկսի, եթե նույնիսկ Իլհամ Ալիևն իր անձնական ֆանտազիաներում մեզ ամեն օր Դեր Զորի ճամփորդ էր դարձնում։ Ինչի՞ հիման վրա եմ ես սա պնդում։ Ի թիվս այլ բաների` Նիկոլ Փաշինյանի «Իմ Մեղքը» վերնագրված լայվի հիման վրա. Սա չեք նայե՞լ հայտարարությունը գրելուց առաջ, սիրելի իմքայլականներ։ Եթե չեք նայել, նայեք, ձեր ղեկավարի ամենահետաքրքիր լայվերից մեկն է։ Հիմա անցնենք հաջորդ կետերին։ Եթե իսկապես պատերազմը հնարավոր էր կանխել Լավրովի պլանն ընդունելով, այդ ի՞նչ աշխարհաքաղաքական գործընթացների ու դավադիր պլանների մասին եք ակնարկում։ Դավադրություն չկար, ձեզ հստակ բացատրել էին, թե ինչն է գինը պատերազմից խուսափելու ու գոնե բուն Արցախը հայկական պահելու համար։

Դուք հրաժարվեցիք դա վճարել կատարյալ աղետից խուսափելու համար, դուք փաստորեն դուրս եկաք բանակցային գործընթացից, դուք գոռացիք «Արցախը Հայաստան է և վերջ», ինչը չափազանց արմատական էր նույնիսկ Վիտալի Բալասանյանի տեսանկյունից, դուք հոխորտացիք «նոր պատերազմ, նոր տարածքներ», դուք այդ բարբաջանքի անունը դրեցիք «Տոնոյանի դոկտրին», հիմա էլ եկել մարդկանց համոզում եք, թե ինչ-որ ձեզնից անկախ գործընթացի զո՞հ եք դարձել։ Ինձ թվում է դուք էս ժողովրդին հիմարի տեղ եք դրել։

Ինչ վերաբերում է հակառակորդի չափից ավելի ուժեղ լինելուն։, դա արդարացում չի, այլ մեղքի խոստովանություն, որովհետև դա պատերազմի ժամանակ պարզ չդարձավ։ Դա պարզ էր պատերազմից շատ առաջ։ Այստեղ միայն երկու հարցի շուրջ կարող է խոսակցություն լինել ու դուք պարտավոր եք այդ երկու հարցին պատասխանել։ Եթե դա պարզ չէր ձեր համար, ինչու՞ պարզ չէր, եթե դա պարզելու համար MI6-մակարդակի հետախուզական ծառայություն ունենալու կարիքը չկար. կարելի էր ընդամենը ինտերնետից օգտվել։ Իսկ եթե պարզ էր, ինչո՞վ էիք մտածում, երբ նման ուժեղ հակառակորդին սպառնում էիք նոր տարածքների կորստով, նրա հիմնական դաշնակցին սպառնում էիք Սևրի պայմանագիրը ձեր արտաքին քաղաքականության մասը դարձնելով, իսկ Հայաստանի հիմնական դաշնակցի հետ ամեն օր փչացնում էիք հարաբերությունները։ Չէ, դուք իսկապես մեզ բոլորիս հիմարի տեղ եք դրել»։

Տեսանյութեր

Լրահոս