«Վարչապետի անունը պետք է վաղը հնչի, որ մենք առաջ գնանք։ Հիմա դա է ամենահրատապ հարցը»․ Ստեփան Դանիելյան
Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Վերջապես սթափ ու գործնական հարցադրումներ են սկսում հնչել.
-ով է լինելու վարչապետը,
– որքան ժամանակով է գալիս իշխանության,
– ինչ է անելու համաձայնագրի հետ, դուրս ենք գալու դրանից ու պատերազմը շարունակվելու է, թե ոնց,
– Արցախը վերաբնակեցվել է, թե ոչ։ Եթե այո, ինչ քայլեր են արվելու – անմիջապես,
– Հադրութի եւ մնացած տարածքների ճակատագիրն ինչպես է լուծվելու, դա հրատապ հարց է,
– Արցախի վերաբնակեցման խնդիրն ինչպես է լուծվելու։ Շատերն արդեն Ռուսաստանի տոմս են փորձում գնել ու ետ չեն գալու։ Սա հրատապ հարց է,
– երբ են լինելու արտահերթ ընտրությունները։
Սրանք այն գլխավոր հարցերն են, որոնց պատասխանը մարդիկ ցանկանում են հիմա լսել, որից հետո լինելու են շատ լրջագույն գործեր տնտեսության, զոհվածների ընտանիքների, վիրավորների, հաշմանդամների, տեղահանվածների, նաեւ երկրում բարոյահոգեբանական մթնոլորտի առողջացման հետ կապված, բայց դրանք երկարատեւ լուծման խնդիրներ են։
Նախ հասկանանք իրավիճակը։ Նիկոլը չի կարող շարունակել մնալ վարչապետ, դա ակնհայտ է, նա պետք է գնա, շտապ։ Վերը նշված խնդիրներն իր “հագով’ չեն.
– ինքը չի կարող համախմբել հանրությանը, ինքը կարող է շարունակել պառակտել, դա է իր հիմնական ռեսուրսը,
– ինքը չունի քաղաքական թիմ, այն, ինչ ունի քաղաքական չի, պարգեւավճարներով գնված զանգված է, ինչն այլեւս չի լինելու, վերջացել են պարջեւավճարները, բաստա,
– Արցախի հետ կապված հրատապ խնդիրները լուծվելու են Ռուսաստանի հետ համատեղ։ Ռուսաստանում նրան արհամարհում են, ինչն ամեն օր ցուցադրում են հեռուստատեսությամբ։ Ինքը Պերսոնա Նոն Գրատե է, ինչի հետեւանքով կորցնում ենք տարածքներ, արցախցիներին վերադարձնելու հնարավորություններ (նույնը բիզնեսմեն Արայիկ Հարությունյանին է վերաբերվում, ինքն էլ է պարտված),
– ինքն ընդունելի չի նաեւ Արեւմուտքում ու անձնապես նվաստացված է Ադրբեջանում,
– վերջապես, ինքը Պարտված է, Պարտվածը չի կարող մնալ իշխանության։
Հիմա, ով է գալու։ Իշխանության է գալու այն ուժը եւ այն մարդն, ում դուք ձայն կտաք Մարտ ամսին արտահերթ ընտրությունների ժամանակ։ Դուք եք որոշելու դա, մի քանի ամսից։ Հիմա իշխանություն նվաճելու ժամանակը չէ։ Հիմա երկիրը պետք է գլխավորեն մարդիկ, որոնք քաղաքական առումով մահապարտներ են, կկարողանան բանակցել ում հետ որ հարկն է եւ Արցախում հարցեր լուծեն – առաջին հերթին պետք է վերաբնակեցնել Արցախը։
Վարչապետի անունը պետք է վաղը հնչի, որ մենք առաջ գնանք։ Հիմա դա է ամենահրատապ հարցը»։