Եվրոպայում ավիահաղորդակցության վերականգման երեք սցենար են նշել
Եվրամիության աերոնավիգացիայի անվտանգության կազմակերպությունում (ԵՎԱԱԿ) նշել են ավիահաղորդակցության վերականգման երեք սցենար եւ պատմել, թե ինչից են կախված լինելու փոխադրումների ծավալների մեծացման գործընթացները:
Այդ մասին հաղորդել է Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիան (ՌՏՕԱ):
Դրանք բոլորը կախված են COVID-19-ի դեմ հասանելի պատվաստանյութի հայտնվելուց կամ համավարակի ինքնաբերական ավարտվելուց: Լավատեսական սցենարի համաձայն, եթե ճանապարհորդների զանգվածային պատվաստումը հասանելի դառնա ամռանը կամ 2021 թվականի վերջին, ապա եվրոպական ավիատրաֆիկը 2019 թվականի մակարդակին կվերադառնա 2024 թվականին:
Փորձագետներն ամենահավանական տարբերակը համարում են հասանելի պատվաստանյութի հայտնվելը միայն մինչեւ 2022 թվականը: Այդ դեպքում եւս երկու տարի կպահանջվի 2019 թվականի փոխադրումների ծավալների մինչեւ 92 տոկոս վերականգնելու համար:
Ըստ վատատեսական կանխատեսման, պատվաստանյութը չի կարողանա հաղթել կորոնավիրուսին, վարակը կմնա հասարակության մեջ, ինչը կնվազեցնի ճամփորդությունների նկատմամբ մարդկանց հետաքրքրությունը:
Այս դեպքում ավիասեկտորը նախահամավարակային մակարդակին կվերադառնա միայն մինչեւ 2029 թվականը:
ԵՎԱԱԿ-ի տեղեկատության համաձայն, 2020 թվականի հունվարից մինչեւ հոկտեմբեր ընկած ժամանակաշրջանում Եվրոպայում օդային երթեւեկությունը նախորդ տարվա համեմատությամբ կրճատվել է 54 տոկոսով:
Կորոնավիրուսի համավարակը ԵՄ-ին զրկել է վեց միլիոն չվերթից: Այն, որ ավիափոխադրումների վերականգնման տեմպերը կախված են պատվաստանյութի հայտնվելու ժամկետներից, ասում են նաեւ ինքնաթիռներ արտադրողները: Այսպես, Airbus կոնցեռնն սպասում է, որ նոր ինքնաթիռների պահանջարկը մինչեւ նախաճգնաժամային մակարդակ կվերադառնա 2023-ից մինչեւ 2025 թվականն ընկած ժամանակաշրջանում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: