«Այսօր ևս մեկ անգամ ասում եմ՝ Նիկո՛լ կանգ առ, կանգ առ, մի ծախիր մեր հայրենիքը, երկիրը». Արթուր Վանեցյան

«Հայրենիք» կուսակցության ղեկավար, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը, ով մասնակցում է Ազատության հրապարակում ընթացող «Համախմբում՝ հանուն փրկության» հանրահավաքին, դիմելով ներկաներին՝ հայտարարեց, որ զգացմունքային ելույթներ շատ կլինեն, սակայն պետք է հստակ հասկանալ մեկ բան, թե ինչու է հանրահավաքը, ինչն է այդ ցասման նպատակը։

«Ցավոք, չկարողացանք կանխել մեր դավաճանական իշխանությունների, արյունով գծված մեր սահմանները գրչի մեկ հարվածով թուրքին հանձնելու դավադիր ծրագիրը։ Մեկ տարի առաջ ես հրապարակային կոչ արեցի, ասացի՝ Նիկո՛լ, կանգ առ, երկիրը տանում ես կործանման, չլսեց, եկանք հասանք այս հանգրվանին։ Այսօր ևս մեկ անգամ ասում եմ՝ Նիկո՛լ, կանգ առ, կանգ առ, մի ծախիր մեր հայրենիքը, երկիրը։ Այստեղ մենք հավաքվել ենք ոչ թե իշխանության համար, այլ մեկ նպատակով՝ մեր երկիրը, Արցախը, ինքնությունը, արժանապատվությունը փրկելն է։ Հայ ազգը երբեք չի ընկրկելու, հայ ազգը հաղթող ազգ է, հաղթելու ենք անպայման»,- նշեց Արթուր Վանեցյանը։

Նա նաև հայտարարեց, որ իրենք տուն չեն գնալու և կանգնելու են մինչև վերջ, մինչև հասնեն երկրի փրկությանը։

Նրա խոսքով՝ ամեն վայրկյանը, ժամն ու օրը կարող է կործանարար լինել հայ ազգի համար, կարող է հայի գենը կորչել։

«Այն գործակալական ցանցերը, որոնք այս 2,5 տարվա ընթացքում փորձում էին ոչնչացնել մեր ազգային ինքնությունը, արժեքները, այսօր ավելի կարճ ճանապարհով՝ Արցախում այս անիմաստ հրահրած պատերազմի արդյունքում և 44 օր բոլորին խաբելով՝ կործանեցին հազարավոր երիտասարդների։ Այդ երիտասարդների, մեր ընկերների, եղբայրների, հայրերի համար իրավունք չունենք այստեղից մեկ քայլ հեռու գնալ, մենք պայքարում ենք հանուն իրենց հիշատակի և մեր պայքարը տանելու ենք մինչև վերջ, և այդ վերջը շատ մոտ է»,- հավելեց Ա. Վանեցյանը։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 10-ին հրապարակվել էր Հայաստանի Հանրապետության վարչապետի, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի նախագահների հայտարարության պաշտոնական տեքստը, որով դադարեցվում է Արցախում Ադրբեջանի սանձազերծած պատերազմը։ Պատերազմի ավարտի ու կրակի դադարեցման մասին համաձայնագրում նշված է` պատերազմող երկու կողմերը կանգնում են այն դիրքերում, որտեղ կանգնած են, Հայաստանը մինչև նոյեմբերի 15-ը Ադրբեջանին է վերադարձնում Քարվաճառը, մինչև դեկտեմբերի մեկը՝ Բերձորի շրջանը, թողնելով 5 կմ լայնությամբ միջանցք, որն ապահովելու է Հայաստանի կապը, սակայն չի շոշափելու Շուշին։

Արցախում տեղակայվելու են ռուս խաղաղապահներ։ Տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակվում են: Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է տրանսպորտային կապերի անվտանգությունը Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև` երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և ապրանքների անխոչընդոտ տեղաշարժը կազմակերպելու համար։ Նաև՝ տեղի է ունենում ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց ու մահացածների մարմինների փոխանակում: Ներքին տեղահանված անձինք և փախստականները ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի վերահսկողության ներքո վերադառնում են Լեռնային Ղարաբաղի տարածք և հարակից տարածքներ:

Տեսանյութեր

Լրահոս