Պատերազմի բեռը

Պատերազմը ծանր բեռ է ցանկացած երկրի համար։ Էական չէ, թե երկիրը ինչքան է հարուստ կամ ոչ։

Պատերազմը ազդում է տնտեսության ու հասարակական կյանքի, առանց բացառության, բոլոր ոլորտների վրա։ Այս պահին պատերազմի հետևանքները գուցե լիարժեք չենք տեսնում, բայց դրանք կան, ու դրանցից անհնարին է խուսափել։ Հատկապես, երբ ամեն ինչ այսքան երկար է ձգվում։

Դեռ շատ առիթներ կլինի անդրադառնալու պատերազմի տնտեսական հետևանքներին։ Դրանք առայժմ գուցե այնպիսին չեն, ինչպիսին կարելի է պատկերացնել։ Տնտեսությունը կարծես իր հունով գնում է։ Ճիշտ է, կան որոշակի գնահատականներ՝ տնտեսության վրա պատերազմի հետևանքների վերաբերյալ, սակայն դրանք շատ նախնական են։ Պատերազմի հետևանքների մասին առավել մանրամասն ու առարկայական կարելի է խոսել միայն դրա ավարտից հետո։

Այս պահին ընթացիկ տարվա տնտեսական գործընթացների վրա Արցախում և Հայաստանի սահմաններին ադրբեջանաթուրքական ագրեսիայի ազդեցությունը գնահատվում է գրեթե 1 տոկոսի չափով։ Այդպիսին է ինչպես՝ Կենտրոնական բանկի, այնպես էլ՝ կառավարության գնահատականը։ Ենթադրվում է, որ ռազմական գործողությունների հետևանքով կտուժի ակտիվությունը՝ խորացնելով տնտեսական անկման տեմպը։

Գաղտնիք չէ, որ տնտեսական իրավիճակն այս տարի լավ չէր։ Ու դրան ավելացել է նաև պատերազմական իրավիճակը, դեռ չհաշված համավարակի հերթական ալիքը, որը շատ ցավոտ է արտահայտվում մեր երկրում։ Դա ևս լրացուցիչ, ոչ պակաս ծանր հարված կարող է լինել տնտեսության համար։

Այս պայմաններում կանխատեսվում է, որ տնտեսական անկումն այս տարի կլինի 7 տոկոսի շրջանակներում։ Առաջին կիսամյակում արձանագրվել է ՀՆԱ 5,7 տոկոս նվազում։ Բայց դա տեղի է ունեցել տարեսկզբի բավական բարձր աճի արդյունքում։ Տարվա երկրորդ կեսը էլ ավելի վատ դրսևորվեց տնտեսության համար։ Զարմանալի չէ, որ արագորեն փոխվում են նաև տնտեսական աճի վերաբերյալ գնահատականները։

Սեպտեմբերին, երբ ներկայացվում էր հաջորդ տարվա պետական բյուջեի նախագիծը, կառավարությունը կանխատեսել էր, որ 2020թ. տնտեսական անկումը կկազմի 6 տոկոս։ Ընդամենը 1 ամիս հետո ստիպված էր այն վերանայել և կրկին նվազեցնել ևս 0,8 տոկոսային կետով։

Վերջին տվյալներով, որոնք վերաբերում են հունվար-սեպտեմբերին, ունենք 6,6 տոկոսի տնտեսական ակտիվության անկում։ Բայց տարվա ավարտին դեռ բավական ժամանակ կա ու դժվար է ասել, թե ինչ կարող է լինել այդ ընթացքում։

Անորոշությունների աստիճանը չափազանց բարձր է։ Եվ ոչ միայն տնտեսական հատվածում, այլև շարունակվող պատերազմի ու աշխարհաքաղաքական զարգացումների հետ կապված։ Էապես ավելացել են ռիսկերը։

Լավ է, որ գոնե այս փուլում տնտեսությունը շատ չի արձագանքում դրանց։ Թեև արդեն կան այնպիսի ընկերություններ, որոնք սկսել են կրել պատերազմի բացասական ազդեցությունը։

Այնպես, ինչպես, ասենք, հանքարդյունաբերության ոլորտում գործող խոշոր ընկերություններից մեկը, ի դեմս՝ «ԳեոՊրոՄայնինգԳոլդի», որին պատկանում է սահմանային հատվածում գտնվող Սոթքի ոսկու հանքավայրը։ Ընկերությունը աշխատանքները դադարեցրեց պատերազմի հենց առաջին օրը՝ հաշվի առնելով ռազմական գործողությունների հետ կապված վտանգները։

Պարզ է, որ հանքավայրի գործունեության դադարեցումը, այն էլ՝ այս փուլում, երբ տարբեր ուղղություններով բախվել ենք մի շարք լուրջ մարտահրավերների հետ, ձեռնտու չէ մեր տնտեսության ու պետական բյուջեի համար։ Առավել ևս, որ այն փոխկապակցված է ևս մեկ ընկերության հետ։ Խոսքն Արարատի ոսկու կորզման ֆաբրիկայի մասին է։ Վերջինս աշխատում է Սոթքի հանքավայրի հումքով, և ենթադրվում է, որ մատակարարումների դադարեցման հետևանքով ստիպված է լինելու կանգնեցնել նաև գործարանի աշխատանքը։

Սա մի օրինակ է պատերազմի ուղղակի հետևանքների առումով։ Այն, բնականաբար, բացասաբար է ազդելու տնտեսական ակտիվության վրա, ինչը հավանաբար կտեսնենք հանքարդյունաբերության ոլորտի հոկտեմբեր ամսվա տնտեսական ցուցանիշների հրապարակման ժամանակ։

Լավ է, իհարկե, որ այդպիսի օրինակներն այս պահին շատ չեն։ Ավելին, կան նաև հակառակ օրինակները, երբ պատերազմը բերել է այս կամ այն ընկերության արտադրության ծավալների ավելացման՝ ելնելով ստեղծված իրավիճակից։

Պատերազմը, անշուշտ, իրեն զգացնել է տալիս։ Բայց տնտեսության վնասներն առայժմ շատ չեն, գործընթացները հիմնականում նորմալ հունով շարունակվում են։

Իսկ որ շատ կարևոր է, իրեն փայլուն է դրսևորում ֆինանսական համակարգը։ Պատերազմից գրեթե 1,5 ամիս անց ֆինանսական շուկայում չունենք որևէ կտրուկ տեղաշարժ։ Դա վերաբերում է առաջին հերթին ազգային արժույթի վարքագծին, որն առանձնանում է բարձր կայունությամբ։ Ու դրան հաջողվել է հասնել առանց ֆինանսական ներարկումների։

Ինչպես օրերս հավաստիացրեց Կենտրոնական բանկի նախագահը, պատերազմի ընթացքում արժութային շուկայում տարադրամային միջամտություններ կամ ինտերվենցիաներ չեն արվել։ Այսինքն՝ Կենտրոնական բանկը դոլար չի վաճառել դրամի արժեզրկումը կանխելու համար։

Սա լուրջ ձեռքբերում է պատերազմական իրավիճակում։ Այն որոշ տատանումները, որոնք տեսնում ենք, նորմալ են։ Հատկապես որ, դրանց արդյունքում փոխարժեքները ոչ միայն դեպի վերև են բարձրանում, այլև իջնում են։

Ճիշտ է, ժամանակ առ ժամանակ մեծանում է փոխարժեքի մարժան, բայց դա ևս բնական է նման իրավիճակներում։

Տարադրամի առք ու վաճառքի գնի տարբերության մեծացումը սովորաբար անորոշությունների ու սպասումների հետ է կապված։ Սակայն այն նաև զսպող գործոն է, ու այդ գործոնն այսօր կատարում է իր դերը՝ փոխարժեքի կտրուկ տատանումներից խուսափելու համար։

Բանկային համակարգը ևս, գոնե մինչև հիմա, բավական հանգիստ է տանում պատերազմական իրավիճակը։ Անշուշտ, կա որոշակի լարվածություն, բայց այն ոչնչով չի արտահայտվում համակարգի առօրյա աշխատանքի վրա։ Բանկային համակարգը լիարժեք սպասարկում է իր պարտավորությունները։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս