«Շուշին Ալիևի ամենամեծ խաղադրույքն է»․ Արմեն Պետրոսյան

Արաբագետ Արմեն Պետրոսյանի կարծիքով՝ թշնամու համար Շուշիի նշանակությունը բավականին մեծ է և՛ խորհրդանշական, և՛ հոգեբանական, և՛ քարոզչական առումով:

«Դա է պատճառը, որ Շուշիի «գրավումը» ներկայացնում են՝ որպես «հաղթական» պատերազմի ավարտ։ Սա ոչ միայն ուղերձ է սեփական հասարակությանը, այլև միջազգային հանրությանը առ այն, որ ադրբեջանական կողմը պատրաստ է կանգնեցնել պատերազմը, հետագա գործընթացները տեղափոխել դիվանագիտական հարթություն»,- 168TV«Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա՝ ընդգծելով, որ սցենարը վաղուց է գծված, բայց գործողությունները չեն համապատասխանում այդ սցենարին։

«Ե՛վ Թուրքիան, և՛ Ադրբեջանն ունեցել են և ներկայումս էլ ունեն հստակ գծված գործողությունների, քայլերի հաջորդականություն, որոնք ոչ թե ըստ իրավիճակի են, այլ նախապես գծված սցենարի, և որևէ ուղիղ կապ չունեն ռազմաճակատում տեղի ունեցող գործընթացների հետ։ Այո՛, կա գրոհ Շուշիի ուղղությամբ, այդ մասին բազմիցս է խոսվել, անգամ Շուշիի մեջ են մարտեր տեղի ունեցել, բայց նշել, որ Շուշին գրավել են, արդեն խոսում է այն մասին, որ այս ծրագիրը ևս տապալվել է։ Այս պատերազմի ընթացքում բազմաթիվ նման օրինակներ տեսել ենք՝ տարբեր բնակավայրերի հետ կապված»,- նշեց նա։

Արմեն Պետրոսյանը նաև նշեց․ «Անգամ Շուշիի և Ստեփանակերտի կորուստը չեն կարող պատերազմի ավարտ ազդարարել։ Դա բացառվում է, սա հայրենական պատերազմ է։ Եթե մենք գնում ենք հայրենական պատերազմի տրամաբանությամբ և մեզ համար, որպես արդյունք, դնում ենք հաղթանակը, ապա չպետք է ժամանակային սահմաններ դնենք»։

Միևնույն ժամանակ, նա նշեց, որ, եթե թշնամուն հաջողվի Շուշին ամբողջությամբ գրավել, նրանք պատրաստ կլինեն այս պահին կանգ առնել․ «Այս պահին Ադրբեջանի իշխանությանը սպառնացող ամենամեծ վտանգը ներսից է, և այս նույն տրամաբանության մեջ մենք կարող ենք օգտագործել Շուշիի պատմությունը՝ ընդդեմ Ադրբեջանի իշխանությունների։ Եթե մենք կարողանանք հակառակորդին ամբողջովին հետ մղել Շուշիից և ամբողջ աշխարհին ցույց տանք, որ Ալիևը ստել է, ապա ոչ միայն մեր, այլև աշխարհի միջոցով ադրբեջանական հասարակությունը ևս կիրազեկվի»։

Դիտարկմանը՝ ադրբեջանական հասարակությունը լավ էլ հեշտ տրվում է Ալիևի քարոզչական հնարքներին, եթե անգամ հայկական կողմից ռեալ արդյունքներ են ներկայացվում, նա այսպես արձագանքեց․ «Համաձայն եմ, բայց Շուշին Ալիևի ամենամեծ խաղադրույքն է։ Ադրբեջանի կողմից Շուշիի գրավումը կարող են սեփական հանրությանը վաճառել՝ որպես հաղթանակ այս պատերազմում»։

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս