«Մենք չենք կարող դիմել Հաագայի միջազգային քրեական դատարան. այդ դատարանը մեզ համար հասանելի չէ». Արա Ղազարյան
Սեպտեմբերի 27-ին ադրբեջանաթուրքական ահաբեկիչների կողմից Արցախի Հանրապետության սահմանի ողջ երկայնքով սանձազերծված պատերազմական գործողությունների սկզբից ի վեր ամենատարբեր խողովակներով միջազգային հանրությանն են հասցվում Ադրբեջանի կողմից ռազմական հանցագործությունների կատարման ակնառու փաստեր:
Թե՛ տարբեր արգելված զինատեսակներով Արցախի բնակավայրերի հրթիռակոծումը, թե՛ քիմիական զենքերով, մասնավորապես՝ սպիտակ ֆոսֆորով հարվածներ հասցնելը, թե՛ քաղաքացիական անձանց դաժանագույն սպանություններն ու ստորացուցիչ նվաստացումները, և թե՛ սպանված զինվորների դիակների նկատմամբ ոտնձգությունները, ինչպես նաև Մերձավոր Արևելքից վարձկան-գրոհայինների՝ տարածաշրջանում ռազմական գործողությունների մեջ ներգրավելը, հիմք են տալիս եզրահանգել, որ Ադրբեջանի ու Թուրքիայի ղեկավարներն ու պատերազմ սանձազերծած պատասխանատուները պետք է հայտնվեն Հաագայի միջազգային քրեական դատարանում՝ մեղադրյալների կարգավիճակով:
168.am-ը միջազգային և քրեական իրավունքի մասնագետ Արա Ղազարյանին հարցրեց, թե կարո՞ղ է արդյոք Հայաստանը դիմել Հաագայի միջազգային քրեական դատարան՝ մասնավորապես՝ Ադրբեջանի ու Թուրքիայի նախագահների նկատմամբ քրեական գործեր հարուցելու պահանջով:
«Մենք չենք կարող դիմել Հաագայի միջազգային քրեական դատարան, քանի որ Հայաստանը չի վավերացրել այդ դատարանի կանոնադրությունը: Վաղուց ստորագրված է, բայց վավերացված չէ: Կարծեմ Ադրբեջանն էլ նույն կերպ չի վավերացրել: Այսինքն՝ այդ դատարանը մեզ համար հասանելի չէ»,- ասաց Արա Ղազարյանը:
Վերջինս նշեց, սակայն, որ նույն տվյալների հիման վրա կարելի է քրեական հետապնդում սկսել:
«Հայաստանում կոնկրետ գործերով արդեն քրեական գործ է հարուցվել, քրեական հետապնդում՝ դեռ ոչ, որովհետև այդ դեպքում արդեն կոնկրետ անձանց է վերաբերում, և այստեղ ամենաբարդը խախտումն անհատականացնելն է: Ասենք, մենք արձանագրում ենք խախտումը՝ քաղաքացիական բնակավայրերի ռմբակոծությունները, բայց դա վերագրվում է պետությանը: Իսկ Հաագայի դատարանում դատախազն անհատի, անձի դեմ է մեղադրանք բերում»,- ասաց Արա Ղազարյանը՝ հավելելով, որ դրա համար պետք է անհատականացվի, իսկ դա բավականին բարդ գործընթաց է:
Ըստ նրա՝ երկար ժամանակ է անհրաժեշտ՝ որոշելու համար, թե կոնկրետ ո՞ր պաշտոնատար անձն է պատասխանատվություն կրելու:
Հարցին, թե Ադրբեջանի նախագահ Ալիևն ասել է, որ Ադրբեջանը չունի վարձկաններ, և, որ ոչ մի ապացույց չկա, որ Ադրբեջանի կողմից կռվում է որևէ արտասահմանցի զինյալ, սակայն արդյո՞ք հայկական կողմի գերեվարած սիրիացի վարձկան-գրոհայինները դրա կենդանի ապացույցները չեն, և չե՞նք կարող մենք այս փաստը հետագայում օգտագործել Ադրբեջանին իրավական պատասխանատվության կանչելու համար, Արա Ղազարյանը պատասխանեց՝ իհարկե, կարող են դառնալ:
«Ադրբեջանին պատասխանատվության կանչելը լայն հասկացություն է, նայած որ դատարանում ենք դա անելու: Հիմա, ասենք, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) արդեն իսկ հարուցված է վարույթ: Բնականաբար, քննվող քրեական գործերը՝ և ռազմագերիների մասով, և վարձկանների, և քաղաքացիական բնակչության նկատմամբ կատարվածի, կառավարությունը պետք է ներկայացնի Եվրոպական դատարան, բայց միայն մարդու իրավունքների տեսանկյունից որոշում կայացնելու նպատակով»,- նշեց միջազգային իրավունքի մասնագետը:
Նրա խոսքով՝ եթե նկատի ունենք այդ գործընթացն այլ դատարանում իրականացնելը, ապա միգուցե ապագայում երկու պետությունները որոշեն դիմել Միավորված Ազգերի Կազմակերպության (ՄԱԿ) արդարադատության միջազգային դատարան, կամ միայն Հայաստանը կարող է դիմել ռասիզմի հիմքով:
«Պետք է փնտրել, գտնել այն իրավական մեխանիզմը, որը կարող է այդ դիմումներին ընթացք տալ: Բայց այս ապացույցները միայն իրավական գործընթացի համար չէ, որ անհրաժեշտ են: Կան մարդու իրավունքների հարցերով զբաղվող բազմաթիվ մոնիտորինգային խմբեր, նաև կիսաքաղաքական, քաղաքական մարմիններ, որոնց նույնպես պետք են այս ապացույցները: Անպայման չէ հենց դատական, դատավարական եղանակով հասնել հարցի լուծման, այլ ենթադրենք՝ պետության՝ միջազգային պարտավորությունները չկատարելու, քաղաքական ինչ-ինչ բանաձևեր, հանձնարարականներ չկատարելու հիմքով ընթացք տրվի դրանց»,- ասաց Արա Ղազարյանը:
Նա ևս մեկ անգամ ընդգծեց, որ հավաքվող ապացույցները միայն իրավական գործընթացի համար չեն անհրաժեշտ, այլ նաև քաղաքական, և Հայաստանն ամրագրում է բոլոր այս ապացույցները՝ քրեադատավարական եղանակով, ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանն իր հերթին՝ իր ընթացակարգերով է ամրագրում և տարածում, ու այս ամենն առաջին հերթին՝ միջազգային հանրային կարծիք ձևավորելու համար է արվում:
«Ներկայումս քաղաքական, դիվանագիտական գործընթացներ են ընթացքի մեջ: Իրավական գործընթացի արդյունքներն ապագայում են լինելու: Բայց իրավական եղանակով ամրագրած գործընթացի ապացույցներն ամենահավաստի փաստն են դառնում, երբեմն նաև՝ պատմական փաստ»,- եզրափակեց Արա Ղազարյանը:
Մինչ նյութը հրապարակման էր պատրաստվում, տեղեկացանք, որ ադրբեջանցիներն արդեն պրոադրբեջանական բանաձև են մտցրել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեա։
Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել էր Ազգային ժողովի (ԱԺ) «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը:
Այս հանգամանքը ևս մեկ անգամ փաստում է, որ այս պատերազմը սկսելուց ի վեր մենք արտաքին քաղաքական-դիվանագիտական դաշտում տանուլ ենք տալիս՝ ի տարբերություն 2016թ․ Ապրիլյան պատերազմի, երբ ռազմական հաղթանակներն ամրագրվում էին դիվանագիտական կուռ ամրագրումներով ու քաղաքական հայանպաստ բանաձևերով:
Հիմա, ըստ էության, երբ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստին ընդառաջ՝ երկու պետություններն էլ պետք է ակտիվ լոբբիստական աշխատանքներ տանեին, և մենք էլ մեզ ձեռնտու բանաձև պետք է փորձեինք անցկացնել, տեսնում ենք, որ առանձնապես հաջողություններ այս մասով չունենք:
Սա ևս մեկ անգամ գալիս է ապացուցելու այն ճշմարտությունը, որ ԱԺ հատկապես իշխանական՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները լրատվամիջոցների հետևից ընկնելու ու ֆեյքերի բանակներ աշխատեցնելու փոխարեն՝ լավ կանեին՝ իրենց անմիջական սահմանադրական պարտականություններով զբաղվեին, այն է՝ խորհրդարանական դիվանագիտությամբ: Միգուցե այդ ժամանակ այսքան տխուր պատկեր չունենայինք: