«Ինչու 1993-ին, երբ Թուրքիան սպառնաց միջամտել, Մոսկվայից եկավ շատ կտրուկ և արագ ազդարարություն. այսօր նման հակազդեցություն չկա». Խաչիկ Տեր-Ղուկասյան

Բուենոս Այրեսում, առհասարակ, հարավամերիկյան շատ քաղաքներում, մասնավորապես, Արգենտինայում՝ Լա Պլատա, Նեուկեն, Ուրուգվայում՝ Մոնտեվիդեո,  Չիլիում՝ Սանտյագո, Բրազիլիայում՝ Սան Պաուլո, տեղի համայնքները զորաշարժի մեջ են պատերազմի հենց սկզբից, ինչը ենթադրում է բողոքի զանգվածային ցույցեր (հակառակ համավարակի վատ պայմանների), աշխատանք` զանգվածային լրատվական միջոցների ուղղությամբ և քաղաքական-հարաբերական նախաձեռնություններ` թե հասարակական,  թե պետական տարբեր ոլորտներում։ 168.am-ի հետ զրույցում ասաց Բուենոս Այրեսի Սան Անդրես համալսարանի միջազգային հարաբերությունների և քաղաքականության պրոֆեսոր, ՀՅԴ անդամ Խաչիկ Տեր-Ղուկասյանը:

Խոսելով ՀՀ դիվանագիտական աշխատանքի մասին, նա գնահատելի համարեց ՀՀ արտգործնախարարության համապատասխան ճիգերը հակամարտության համատեքստում, այլ հարց է, որ այն  դիվանագիտական հարթությունում դեռևս բեկում չի մտցրել:

«Թուրք-ադրբեջանական ճակատն այս պատերազմի ծրագրումից զատ, թերևս, նախատեսել է նաև դիվանագիտական գործընթացի «անդամալուծում» այնքան ժամանակ, քանի դեռ պատերազմական գործողությունները չեն հանգեցրել հայկական կողմի պաշտպանական կամքի կոտրմանը, որպեսզի  հետո բանակցային սեղանի շուրջ պատերազմի արդյունքը քաղաքականորեն և աշխարհաքաղաքականորեն գտնի իր վերջնական բանաձևումը: Մենք չենք պարտվել, բայց թշնամին դեռ հույս ունի հաղթել: Պատերազմի շարունակման պայմաններում դիվանագիտությունը չի կարող հրապարակային քննարկումների կարգով լուծումներ առաջարկել: Երկրորդ խնդիրը, ըստ իս, մինչ օրս դիվանագիտական բեկման բացակայության, ավելի հստակ՝ Թուրքիային զսպելու  լծակի գործադրման  ուշացման, պիտի տեսնել հայ-ռուսական հարաբերությունների ոլորտում հետևյալ առումով. ինչու 1993-ին, երբ Թուրքիան սպառնաց միջամտել, Մոսկվայից եկավ շատ կտրուկ և արագ ազդարարություն՝ զգուշացնելով երրորդ աշխարհամարտի մասին, եթե Թուրքիան նման քայլի դիմի: Նման հակազդեցություն ՀՀ դաշնակից Ռուսաստանից մենք չենք տեսնում այսօր:

Սակայն հայ-ռուս հարաբերությունների հարցը չպետք է դիտել միայն ներազգային, այսինքն` հայաստանյան ներքին քաղաքական գործընթացի, ոլորտի մեջ: Ես անձնապես բացատրություն չունեմ Ռուսաստանի՝ 1993-ի և ներկա հակազդեցությունների մասով կեցվածքի ակնհայտ  տարբերության: Գիտեմ, որ բարդ քննարկման նյութ է… Ինչ էլ լինի այս պատերազմի արդյունքը, այն անխուսափելիորեն անկյունադարձ է լինելու: Պատերազմից հետո ազգային գոյավիճակի հարց պիտի քննարկվի: Հուսամ, որ կանդրադառնանք նաև Սփյուռքի և համաշխարհային հայկական ներկայության ռազմավարական կարևորությանը ՀՀ-ի համար՝ հայրենասիրական ճառերից և բովանդազուրկ լոզունգներից այն կողմ հայկական դիվանագիտության մեջ առկա «կոմպլեմենտարության» չափ համակարգված հայեցակետի տարբերակով»,- շեշտեց  Խաչիկ Տեր-Ղուկասյանը:

Տեսանյութեր

Լրահոս