Հայաստանի ավելի քան 490 համայնքներում 2021թ․ ՏԻՄ ընտրություններ են սպասվում
Հայաստանում 2021-ին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են սպասվում 494 համայնքներում: Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2021թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկմանն այս մասին ասաց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը:
2021 թվականի համար պետբյուջեից ԿԸՀ-ի համար նախատեսված է 1 մլրդ 865 մլն դրամ: 385 մլն 981 հազար դրամը կուղղվի ապարատի պահպանման ծախսերին, 58 մլն դրամը նախատեսված է ուսուցման կոմպոնենտի համար, մոտ 1.4 մլրդ դրամ կծախսվի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների կազմակերպման նպատակով:
«Ըստ էության, հաջորդ տարին ՏԻՄ-երի համար խոշոր տարի է համարվում՝ նկատի ունենաով, որ հաջորդ տարի բազմաթվ համայնքներում ավարտվելու են լիազորությունների ժամկետներ, և պետք է անցկացվեն ՏԻՄ ընտրություններ: ՏԻՄ ընտրություններ են նախատեսվում մոտ 494 համայնքներում»,- ասաց Մուկուչյանն ու հավելեց՝ այդ թիվը հաշվի են առել՝ այսօրվա ՏԻՄ-երի առկա թվաքանակով:
62 համայնքում կկայանան համայնքի ղեկավարի ընտրություններ, 149 համայնքում՝ ավագանու անդամի ընտրություններ: Իսկ 283 համայնքում կլինեն և՛ համայնքի ղեկավարի, և՛ ավագանու անդամի ընտրություններ: Ընդհանուր առմամբ նախատեսվում է, որ կձևավորվի մոտ 1 100 ընտրատեղամաս: