«Դավաճանությունով Քննչական կոմիտեի  վարույթում գործ չկա». Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ

Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Մելիքյանի խոսքով՝ Արցախի դեմ կռվող սիրիացի վարձկան ահաբեկիչների վերաբերյալ իրենց վարույթում քննվող քրեական գործը մեծ նշանակություն ունի՝ ինչպես քաղաքական, այնպես էլ՝ իրավական առումով։

«Այս գործի ամբողջական արդյունքները, այսինքն՝ ձեռք բերված ապացույցները, յուրաքանչյուր փաստական հանգամանք, բացահայտվում է որոշակի ապացույցով, այդ ապացույցները նախաքննության միջանկյալ և ավարտական փուլերում, կարծում եմ՝ կօգտագործվեն՝ ինչպես քաղաքական, այնպես էլ՝ իրավական հարթակներում։ Մի քիչ ժամանակ է պետք, որպեսզի համբերատար սպասենք և կտեսնեք, թե ինչ ապացույցներով, ինչ փաստական հանգամանքներ են հիմնավորվում։ Եթե, ընդունենք, քննչական կոմիտեն ներկայացնում է, որ ապացուցվել է, որ տվյալ անձը վարձկան է, որոշակի ժամանակ հետո բոլոր այլ ապացույցները կտեսնեք»,- այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Արթուր Մելիքյանը։

Հարցին՝ թիվ կա՞, թե այս պահի դրությամբ քանի վարձկան ահաբեկիչ է քննվել, Արթուր Մելիքյանը պատասխանեց, որ այս պահին ներգրավված են երկու վարձկան։

Հաջորդ հարցին՝ տեղեկություն կա՞, թե քանի ռազմագերի կա, Քննչական կոմիտեի ներկայացուցիչը պատասխանեց, որ նման տեղեկատվության չեն տիրապետում, սակայն «Կարմիր խաչի», Զինված ուժերի հետ այդ ուղղությամբ աշխատում են։

Անդրադառնալով ներքին դավաճանություններին, որի մասին վերջին շրջանում խոսվում է, Արթուր Մելիքյանը նկատեց .«Դավաճանությունով մեր վարույթում գործ չկա։ ԱԱԾ տնօրենի տեղակալի հայտարարություններից եմ տեղյակ, որ ԱԱԾ քննչական ստորաբաժանման վարույթում գործ կա։ Իսկ դասալքության հետ կապված որոշակի խնդիրներ կան, բայց որ ասեմ՝ այնպես ահագնացող է, որը կազմալուծում է  բանակը, այդպես չէ, ընդ որում, բանակի մասին չէ խոսքը, ավելի շատ պահեստազորի մասին է»,- շեշտեց նա։

Տեսանյութեր

Լրահոս