ԳԱԱ-ն կոչ է արել իր միջազգային գործընկերներին հորդորել իրենց երկրներին ճանաչել Արցախի անկախությունը
ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան դիմել է միջազգային գիտական հանրությանը՝ կոչ անելով դատապարտել Արցախի ժողովրդի դեմ Ադրբեջանի և Թուրքիայի կողմից սանձազերծված լայնածավալ պատերազմը և հորդորել՝ ճանաչելու Արցախի Հանրապետության անկախությունն իրենց երկրների կողմից: Այս մասին ասված է ԳԱԱ տեղեկատվական-վերլուծական ծառայության տարածած հաղորդագրությունում:
Շեշտելով, որ ուղերձի հիմքում ընկած են միայն հումանիստական մղումներ, ՀՀ ԳԱԱ-ն Արցախի Հանրապետության ճանաչումը դիտարկում է, որպես Արցախի խաղաղ բնակչության դեմ իրականացվող ծանր հանցագործությունները կասեցնելու և թուրքերի կողմից իրականացված ցեղասպանությունից մեկ դար անց նոր ցեղասպանության իրականացնումը բացառելու միակ հնարավոր միջոց:
«Շարունակվում է Թուրքիայի և Ադրբեջանի սանձազերծած ահաբեկչական պատերազմը Արցախի և իր խաղաղ բնակչության դեմ: Անտեսելով հրադադարի հորդորները և բացահայտ հայտարարելով, որ իրենց վերջնական նպատակը Արցախը հայաթափելն է՝ թուրքա-ադրբեջանա-ահաբեկչական վարձկանների դաշինքը շարունակում է հարձակումը Արցախի վրա՝ օգտագործելով միջազգային նորմերով արգելված տարբեր տեսակի ռումբեր ու սպառազինություն, մի քանի հազար հատուկջոկատայիններ Թուրքիայից և Պակիստանից, ինչպես նաև վարձկան-ահաբեկիչներ Սիրիայից: Արցախում չի մնացել գեթ մեկ գյուղ, որ հրթիռակոծված չլինի: Կան հարյուրավոր զոհեր ու վիրավորներ քաղաքացիական բնակչության շրջանում»,- ասված է ուղերձում:
ԳԱԱ ներկայացուցիչները նշել են, չնայած բարձր մակարդակով հրադադարի վերաբերյալ փաստաթղթի տակ ստորագրելուն՝ Ադրբեջանը ոչ մի վայրկյան հավատարիմ չի մնացել իր պարտավորություններին:
«Արցախի և ամբողջ հայ ժողովուրդը համառ ու անձնազոհ դիմադրություն են ցուցաբերում, սակայն Ադրբեջանը, օգտվելով նաև ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի սպառազինությունից, շարունակում է իր բարբարոսությունները: Ստեղծված պայմաններում Արցախի միջազգային ճանաչումը կարող է լինել տարածաշրջանում խաղաղության և անվտանգության վերականգնման միակ տարբերակը և գործող մեխանիզմը: ՀՀ ԳԱԱ-ն ձեր ուշադրությունն է հրավիրում արդեն առկա հումանիտար աղետին և կոչ անում հորդորել ձեր երկրների բարձրաստիճան պաշտոնյաներին ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը, որպես միակ հնարավոր միջոց, Արցախի խաղաղ բնակչության դեմ իրականացվող ծանր հանցագործությունները կասեցնելու և թուրքերի կողմից իրականացված ցեղասպանությունից մեկ դար անց նոր ցեղասպանության իրականացնումը բացառելու համար»,- նշված է միջազգային գիտական հանրությանն ուղղված ուղերձում:
Ուղերձն ուղարկվել է Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Մոլդովայի, Տաջիկստանի, Ուզբեկստանի, Թուրքմենստանի, Մեծ Բրիտանիայի, Բրազիլիայի, Իրանի, Չինաստանի, Կանադայի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Իսպանիայի, Շվեյցարիայի, Ռումինիայի, Բուլղարիայի, Լիտվայի, Արգենտինայի, Սլովենիայի, Լեհաստանի, Աթենքի, Կիպրոսի, Իսրայելի, Լիսաբոնի, Ուկրաինայի, Ավստրիայի, Էստոնիայի, Մեքսիկայի, Չեխիայի, Խորվաթիայի, Սերբիայի, Նորվեգիայի, Շվեդիայի, Դանիայի, Հնդկաստանի, Ֆինլանդիայի, Լատվիայի, Ճապոնիայի, Բելգիայի, Վրաստանի գիտությունների ակադեմիաներ, Գիտությունների ակադեմիաների միջազգային ասոցիացիա (IAAS), Եվրոպական երկրների ակադեմիաների ընկերակցություն, (ALLEA) Միջազգային գիտական կազմակերպությունների դաշինք (ANSO), Թագավորական միություն, Ռելյատիվիստական Աստղաֆիզիկայի Միջազգային Կենտրոն ցանց (ICRANet), Գիտական հետազոտությունների և տեխնոլոգիայի ակադեմիա (ASRT):