(Մաս III) Արցախյան հիմնախնդի՞ր, թե՞ աշխարհի քարտեզի վերախմբագրում․ Հայաստանը՝ շահերի բախման էպիկենտրոնում

Անկախ-ի հետ զրույցում կառավարման փորձագետ, Հանրային խորհրդի նախկին անդամ Հարություն Մեսրոբյանը հանգամանորեն վերլուծում է աշխարհում և հատկապես մեր տարածաշրջանում տեղի ունեցող աշխարհաքաղաքական գլոբալ վերադասավորումները, այդ համատեքստում Արցախյան նորօրյա պատերազմի վերսկսման պատճառները, իրավիճակի ձևավորման ներքին գործոնները և այն ռազմավարությունը, մեխանիզմներն ու ընթացիկ քայլերը, որոնք կապահովեն Հայաստանի և Արցախի հաղթանակն ու տարածաշրջանում հայկական գործոնի ամրապնդումը։

-Պարոն Մեսրոբյան, մեր զրույցի նախորդ 2 հատվածներում Դուք խոսեցիք երկրում ստեղծված իրավիճակի արտաքին և ներքին  պատճառների մասին։ Արդյո՞ք տեսնում եք այս պատերազմից հաղթանակով դուրս գալու հնարավորություն և եթե այո, ապա  ինչպե՞ս, ի՞նչ քայլերով։

-Մինչ Ձեր հարցին պատասխանելն ասեմ, որ երկարատև մարտերում հաղթում է ոչ թե նա, ով ուժեղ է հարվածում, այլ նա, ով կարողանում է ուժեղ հարվածը պահել։ Ընդհանրապես, մարտարվեստի տարբեր ոլորտներում էլ է այդ կանոնը գործում։ Հիմա մենք պետք է ընդունենք, որ թուրքական կողմի հետ շատ երկարատև հակամարտության մեջ ենք։ Թուրքիայի համար Հայաստանը, առավելևս Արցախը, չպետք է լինեն որևէ կարգավիճակում։ Ես այս զրույցի նախորդ հատվածներում արդեն հիմնավորել եմ, որ այդ դեպքում փլուզվում է Թուրքիայի Մեծ Թուրանի գաղափարը, որն ինքը հիմա ակտիվացրել է։ Հետևաբար, մենք պետք է այնքան հզոր լինենք, որ ուժեղ հարվածը պահելով՝ կարողանանք հաղթահարել այս երկարատև մարտը։ Սա նաև հատվում է դիմանալու և կամային ունակությունների հետ։ Եվ ընդհանրապես, այս իրավիճակում պարտավոր ենք սովորել շուտ չոգևորվել և շուտ չվհատվել, այլ հոգեբանորեն պատրաստ լինել երկարատև ճակատամարտի։ Եթե մենք մնում ենք այս տարածաշրջանում (իսկ մենք պարտավոր ենք մնալ և կմնանք), ուրեմն պետք է այդ հատկությունները մեկընդմիշտ ձեռք բերենք և այս պահից սկսած մարտավարական ու ռազմավարական մեր քայլերն ունենանք։

-Մի քիչ ուշ չէ՞ այդ քայլերի համար։ Միգուցե նախապե՞ս պետք էր այդ քայլերն անել։

Այն, ինչ չենք արել 1990-ական թվականներին, անհրաժեշտ է շատ արագ և հաստատակամ սկսենք անել այսօր։ Երբ ես դեռևս 1988 թվականի հունիսին դիմեցի այն ժամանակվա «Ղարաբաղ կոմիտեի» անդամ Բաբկեն Արարքցյանին և առաջարկեցի ապագա պետության համար, որպես քաղաքականություն, մշակել որոշակի ռազմավարական ուղղություններ և տվեցի մշակման մեխանիզմը, նա ասաց՝ դրա ժամանակը չէ, Ղարաբաղում վիճակը լարված է։ Հետո նույն հարցը բարձրացրեցի 1992 թվականին, այն ժամանակ էլ ասացին՝ դրա ժամանակը չէ, պատերազմ է, և այդպես շարունակ։ Փաստորեն, 1988 թվականից մենք այդպես էլ ժամանակ չունեցանք մեր երկրի ռազմավարությունը մշակելու համար։

Եթե մենք ուզում ենք հզոր պետություն ունենալ, այդ աշխատանքը պետք է լինի պերմանենտ, առանց ընդհատումների, որովհետև ժամանակի հետ, բնականաբար, ռազմավարությունը որոշակիորեն փոփոխելու կարիք է լինում։ Հիմա նույնպես, ես կարծում եմ, որ ուշ չէ։ Այդ իսկ պատճառով հուլիսից սկսվել են Հայկական Պետության զարգացման և հզորացման ռազմավարական ծրագրի մշակման աշխատանքները, և արդեն պատրաստ է այդ ծրագրի տեսլականը՝ 15 հենակետային դրույթներից բաղկացած։

-Այնուամենայնիվ, այսօր իրավիճակը ճգնաժամային է, նույնիսկ օրհասական։ Հիմա մեզ պետք են առաջնային հստակ քայլեր իրավիճակը հաղթահարելու համար, որից հետո հնարավոր կլինի արդեն մտածել առավել երկարատև ռազմավարական ծրագրերի մասին։ Ի՞նչ հրատապ քայլեր կառաջարկեք այսօրվա համար։

-Այս տարվա ապրիլի 28-ին, զգալով, որ մեր երկրում վիճակը գնալով սրվում է, ես հայտարարություն հրապարակեցի թե՛ ՖԲ-ում և թե՛ մամուլում, որն ուզում եմ հիշեցնել․

Անհրաժեշտ է ՀՐԱՏԱՊ ստեղծել Հակաճգնաժամային Խորհուրդ, որտեղ պետք է ներգրավվեն ՀՀ-ի և ԱՀ-ի՝ 1991թ.-ից սկսած ԲՈԼՈՐ Նախագահներն ու Վարչապետները հետևյալ օրակարգով`

ա/ ընդունել համատեղ Ուղերձ Հայությանը (ՀՀ, ԱՀ, Սփյուռք) – առավելագույն ժամկետը` 3 օր.

բ/ որոշել 1991թ.-ից ՀՀ-ի և ԱՀ-ի լավագույն Նախարարներին, որպեսզի փոխվեն ՀՀ-ի ու ԱՀ-ի ներկա Կառավարությունների կազմերը – առավելագույն ժամկետը` 5 օր.

գ/ ընդունել 2020թ.-ի ՀՀ-ում և ԱՀ-ում Հանգուցային Հակաճգնաժամային Միջոցառումների Հայեցակարգ – առավելագույն ժամկետը` 10 օր.

դ/ հայտարարել ՀՀ-ում և ԱՀ-ում Ռոբաստ Պետական Կառավարման մեկնարկի մասին և նշանակել դրա Համակարգողին – առավելագույն ժամկետը` 14 օր:

Երբ պատերազմը սկսվեց, վերջապես քաղաքական որոշ շրջանակներ նույնպես եկան այն եզրակացության, որ անհրաժեշտ է միավորել նախկին ու ներկա պոտենցիալը և համատեղ ստեղծել Հակաճգնաժամային Կառավարման Մարմին։ Փաստորեն, մենք ուշքի ենք գալիս, երբ դանակը հասնում է կոկորդին:

Ապրիլի 28-ի իմ հայտարարությունը մնում է ուժի մեջ, միայն ավելանում է մեկ կետ, որը վերաբերում է պատերազմին։ Այդ կետը հետևյալն է՝ բոլոր այն գործիչները, ովքեր 1991 թվականից մինչ օրս ռազմական «կաթսայում» են եղել ու արձանագրել են փայլուն արդյունքներ, պետք է միավորվեն և ստեղծեն Հակաճգնաժամային Ռազմական Շտաբ՝ համակարգելով ողջ պատերազմական գործողությունները 2 ուղղությամբ՝  օպերատիվ-տակտիկական գործողություններ և բանակաշինության հզորացման ռազմավարական քայլերի մշակում։

-Այսինքն, Դուք առաջարկում եք ստեղծել մի մարմին, որում ընդգրկված կլինեն թե՛ գործող ռազմաքաղաքական ղեկավարության և թե՛ նախկինում ռազմական ոլորտում մեծ դերակատարում ունեցած գործիչնե՞ր։

-Այո։ Այսօր բոլոր կարող ուժերը պետք է մեկտեղվեն։ Իսկ մյուս խումբը՝ Հակաճգաժամային Խորհուրդը, որի ստեղծման անհրաժեշտության մասին հայտարարել էի դեռևս ապրիլի 28-ին, պետք է կազմակերպի և ապահովի թիկունքի համակարգված մոբիլիզացիոն գործընթացները։

-Ձեր առաջարկած տարբերակով, փաստորեն, գործող իշխանությունը շարունակում է մնալ, միայն գործադիրում են որոշակի փոփոխություններ լինում, իսկ ռազմական գործողությունների կառավարման մեջ ներգրավվում են նախկին փորձառու գործիչներ։

-Այո, ես կարծում եմ՝ դա մի տարբերակ է, որը հնարավորություն է տալիս իրականացնել խնդիրների հրատապ և համակարգված լուծումների կազմակերպումը՝ խուսափելով քաղաքական ցնցումներից։

-Պարոն Մեսրոբյան, հետաքրքիր է Ձեր կարծիքը վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ՌԴ նախագահին ուղղված նամակի և ստացած արձագանքի վերաբերյալ։

-Նախ նշեմ, որ Նիկոլ Փաշինյանի նամակին արձագանքեց ոչ թե ՌԴ նախագահը, այլ ՌԴ ԱԳՆ-ն։ Ես չեմ ուզում անդրադառնալ նամակի և դրա պատասխանի բովանդակությանը, միայն ուզում եմ կրկնել այն միտքը, որն ասել եմ մեր զրույցի նախորդ մասերում․ Հայաստանն արտաքին աշխարհի, մասնավորապես Ռուսաստանի համար պետք է հուսալի պետության համբավ վաստակի։ Ընդ որում՝ դա պետք է լինի առարկայական, ոչ թե խոսքերով։ Բոլոր այն օդիոզ դեմքերը, ովքեր այս կամ այն գերտերության նկատամբ լարվածություն են ստեղծել ու ստեղծում և՛ իրենց խոսքով, և՛ իրենց գործունեությամբ, պետք է անհապաղ հեռացվեն թե՛ իշխանությունից և թե՛ իշխանամերձ շրջանակներից։ Նույնն էլ վերաբերում է ընդդիմությանը։ Պետք է մեկընդմիշտ մոռանալ այդ գործելաոճը։ Իսկ այն պաշտոնյաները, ովքեր նպաստում են որևէ գերտերությն հետ լարվածության ստեղծմանը, պետք է պատասխանատվության ենթարկվեն։

-Արդյո՞ք Հայաստանն այսօր մենակ է մնացել իր խնդրի հետ։ Այդ մտահոգությունը չափազանցվա՞ծ է, թե՞ ոչ։

-Քանի որ մեր ներքին ու արտաքին քաղաքականությունը ձախից աջ է տատանվում և հակառակը, աշխարհը հիմքեր ունի մեզ վստահելի գործընկեր չդիտարկելու։ Բայց մենք նախևառաջ պետք է մեր ներքին խնդիրներն ինքներս լուծենք։ Անհրաժեշտ է ընդհանրապես շրջանառությունից հանել «հին ու նոր», «սև ու սպիտակ» և նման անհեռատես ու քայքայիչ արտահայտություններ։ Ցանկացած նոր իշխանություն պարտավոր է շարունակել նախորդի հաջողությունները և հրաժարվել բացասականից։ Եթե գալիս ես իշխանության և ամեն ինչ ջնջում, դա նշանակում է՝ պետությունը զրկվում է մի շատ կարևոր բնականոն գործառույթից՝ շարունակականությունից։ Այդ դեպքում պետությունը լուրջ չի ընկալվում նաև արտաքին աշխարհի կողմից։

Երբ Չինաստանում իշխանության եկավ Դեն Սյաոպինը՝ Չինական հրաշքի կնքահայրը, նա ասաց, որ Մաո Ցզե Դունն՝ իր նախորդը, 80 %-ով եղել է ճիշտ, 20%-ով՝ սխալ, բայց այդ էջը փակում ենք ու անցնում առաջ։ Ընդ որում, Դեն Սյաոպինը Մաո Ցզե Դունի օրոք եղել էր կատաղի ընդդիմադիր։

Իսկ մե՞նք ինչ արեցինք․ «սև ու սպիտակ», «հին ու նոր» ասելով, անընդհատ նախորդներին հիշելով՝ ի վերջո գնացինք ոչ թե առաջ, այլ հետ։ Դա չի նշանակում, որ հանցանք գործած հին և նոր պաշտոնյաները պետք է անպատիժ մնան, բայց դա սովորական աշխատանք է, որով պետք է զբաղվեն իրավապահները, ոչ թե դա դառնա  պետության քաղաքականության մեխը։

-Ինչպե՞ս կմեկնաբանեք ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ու ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի համատեղ նախաձեռնությունը՝ Մոսկվա մեկնելու և իրավիճակի կայունացման լուծումներ գտնելու վերաբերյալ։

-Մենք գիտենք, որ Լևոն Տեր-Պետրոսյանի և Ռոբերտ Քոչարյանի միջև շատ խորքային հակասություններ կան, բայց եթե իրականում նման փաստը կա, ապա ես ողջունում եմ ու համարում պետական մտածելակերպի դասական օրինակ, ինչը մեզ շատ է պակասում։ Ընդհանրապես, շատ ցավալի է տեսնել, թե այս օրերին ինչ է կատարվում սոցցանցերում և մամուլում։ Մարդիկ խմբերով տարբեր պատճառաբանությամբ իրար դեմ են դուրս եկել։ Երկիրը պատերազմի մեջ է, բայց որոշ մարդիկ բազմոցին պառկած իրար հայհոյում են կամ դավաճան են անվանում այնպիսի մարդկանց, որոնք այս պետության կայացման գործում ունեն մեծ վաստակ: Ես կարծում եմ, որ վաղուց արդեն ժամանակն է, որ հրապարակավ մարդուն մեղադրելը, հատկապես դավաճանության մեջ մեղադրանքը, որը չի հիմնավորվում, պատժվի օրենքով։ Ես իմ ֆեյսբուքյան էջում զգուշացրել եմ՝ հայհոյող, պիտակավորող (մասնավորապես՝ դավաճանի պիտակով) կամ վիրավորող մարդիկ իմ կողմից առանց զգուշացման արգելափակվելու են, իսկ իրենց «մտքի գոհարները»՝ ջնջվելու։

-Պարոն Մեսրոբյան, ի՞նչ կանխատեսումներ ունեք այս պատերազմից։ Վատագույն սցենարը ո՞րը կարող է լինել։

-Մեր վատագույն սցենարը, ցավոք, համընկնում է Թուրքիայի լավագույն սցենարին՝ հայկական տարրն այս տարածաշրջանում բնաջնջել կամ աքսորել։ Դա իրենց համար Մեծ Թուրանը կյանքի կոչելու երաշխիքն է։ Հետևաբար մենք պետք է պատրաստվենք երկարատև պատերազմի՝ միաժամանակ ներսից ամրացնելով մեր պետութան հիմքերը։ Անգամ եթե այս պատերազմն արագ ավարտվի, այն նորից կբռնկվի ցանկացած պահի: Այս միտքը մենք ականջներիս պետք է օղ անենք:

Դեռևս հուլիսի 16-ին, երբ պատերազմ դեռ չկար, «Խելք հավաքելու պահը» վերնագրի ներքո ՖԲ-ում գրել եմ․ «Թուրքը «սև-սպիտակ»-ի փոխարեն տեսնում է ՄԻԱՅՆ «Մեծ Թուրանի» կոկորդը խեղդող ՀԱՅ»։

Այնպես որ, մենք այլ ճանապարհ չունենք, քան խելք հավաքելն ու մի բռունցք դառնալը։ Իսկ բռունցք դարձած հայ ազգի դեմ խաղ չկա։

Տեսանյութեր

Լրահոս