Ադրբեջանին չհաջողվեց հասնել որոշիչ, հուժկու արդյունքի․ Իվան Կոնովալով

«Ռուսաստանի աջակցության համար մեծ խնդիր կա, քանի որ մինչ այսօր Արցախը ճանաչված չէ Հայաստանի կողմից, ինչպե՞ս գործի Ռուսաստանն այս իրավիճակում։ Ուղիղ սպառնալիք ՀՀ պետականության ուղղությամբ ևս չկա»,- այս մասին 168am-ի հետ զրույցում ասաց ռուս ռազմական փորձագետ, Ռազմավարական կոնյունկտուրայի կենտրոնի տնօրեն Իվան Կոնովալովը` գնահատելով Արցախյան պատերազմի գոտում ռազմաքաղաքական իրավիճակը և կանխատեսելով հետագա զարգացումները։

Նա նշեց, որ որքան իրադարձությունները հակամարտության գոտում երկար են ձգվում, այնքան դրանք ավելի անորոշ են դառնում այն մարդկանց համար, որոնք հետևում են իրավիճակին, քանի որ հակամարտող կողմերից շատ են իրարամերժ տեղեկությունները։ Սակայն, ըստ նրա, միանշանակ և ակնհայտ է մեկ բան, որ ռազմաճակատում հակամարտող կողմերի միջև ձևավորվել է որոշակի հավասարակշռություն, և չնայած հարձակվող կողմից ստացվող հայտարարություններին՝ ասել, որ որոշիչ հաջողությունների են հասել, շատ դժվար է։ Ընդհակառակը, Կոնովալովի դիտարկումների համաձայն՝ տեսանելի է, որ հակամարտության շուրջ ձևավորվում է մի իրավիճակ, երբ ամերիկյան կողմը և ԱՄՆ կանադական գործընկերները հրաժարվում են թուրքական անօդաչուների համար անհրաժեշտ մասեր մատակարարել, ձևավորվում է որոշակի միջազգային վերաբերմունք այն ամենի նկատմամբ, ինչ տեղի է ունենում։

«Իրավիճակը բավականին հավասարակշիռ է, թեև ուժերի բաշխումը մի փոքր ադրբեջանական կողմի օգտին է, տեխնիկական և քանակական առավելություն կա, բայց ամեն դեպքում, այս ամենի հետ մեկտեղ՝ որոշիչ, հուժկու արդյունքի չհաջողվեց նրանց հասնել։ Ռազմական գործողությունների ինտենսիվության մի փոքր անկում կա, և ադրբեջանական կողմն իրական ձեռքբերում չի արձանագրել, բացի հյուսիսում և հարավում միայն մի փոքր՝ ոչ ընդարձակ տարածքային գոտուց։ Դեռ այսքանը։ Հասկանալի է, որ նպատակը Լաչինի միջանցքն էր, բայց այդ նպատակին չեն հասել»,- ասաց Կոնովալովը։

Խոսելով պատերազմի աշխարհագրության ընդլայնման, ՌԴ նախագահին ուղղված ՀՀ վարչապետի նամակի և ՌԴ աջակցության մասին՝ ռուս ռազմական վերլուծաբանն ասաց, որ, եթե ընդլայնման ցանկություն և հնարավորություն լիներ, ապա այն արդեն տեղի ունեցած կլիներ՝ հատկապես, երբ այսօր հակամարտությունն ավելի շատ խաղացողներ ունի, քան նախկինում։ Նրա որակմամբ՝ թուրքական կողմը չի էլ թաքցնում իր աջակցությունն ու մասնակցությունը հակամարտությանը, բոլորին հայտնի է նաև տարածաշրջան ահաբեկիչների ներմուծման մասին, և դրա մասին կան հստակ տվյալներ ՌԴ-ում, ԱՄՆ-ում ու Ֆրանսիայում։

«Այսինքն՝ աշխարհագրությունն ի սկզբանե արդեն նեղ չէր, ավելի ընդլայնում չեմ կանխատեսում։ Այս ամենին խանդով հետևում է Իրանը և անում է քայլեր, որոնք միտված են անել այնպես, որպեսզի իր սահմանների մոտ ռազմական ալյանսներ չլինեն՝ հաշվի առնելով Բաքու-Թեհրան և Թեհրան-Անկարա բարդ հարաբերությունները։ Բանակցային գործընթացը ևս պատին է դեմ առել, հասկանալի է, որ բոլոր արտաքին ուժերը, որոնք կարող էին ինչ-որ բան անել, փորձե՛լ են ինչ-որ բան անել, այդ թվում՝ Ռուսաստանը, հնարավորությունների շրջանը չափազանց սահմանափակ է, քանի որ երկու կողմերը միմյանց փոխադարձաբար բացառող պահանջներ և դիրքորոշումներ են ներկայացնում, և Ռուսաստանը՝ որպես մոդերատոր, դժվարանում է կողմերի միջև ընդհանուր եզրեր գտնել, բայց գործընթաց կա, զբաղվում են ակտիվորեն, դա դրական է։ Ռուսաստանի աջակցության համար այստեղ մեծ խնդիր կա, քանի որ մինչ այսօր Արցախը ճանաչված չէ Հայաստանի կողմից, ինչպե՞ս գործի Ռուսաստանն այս իրավիճակում, ուղիղ սպառնալիք ՀՀ պետականության ուղղությամբ չկա, դեռ հայտարարություններ չկան, որ ՀՀ տարածքն է սպառնալիքի տակ։ ՀՀ-ն ՀԱՊԿ անդամ է, հասկանալի է, բայց ուղիղ սպառնալիք դեռ չկա ՀՀ տարածքի նկատմամբ, ի՞նչ տվյալների վրա հիմնվել, բարդ է։

Օրերս ՌԴ նախագահն էլ հստակ գնահատականներ տվեց, կողմերը ստիպված են երկխոսել, թեև Թուրքիայի դիրքորոշումն Ադրբեջանին մղում է ավելիին, բայց հասկանում ենք նաև, որ լեռներում իրավիճակը շուտով այլ է լինելու, լուրջ առաջընթաց ադրբեջանական կողմը չունի և չի ունենալու»,- ասաց Կոնովալովը։

Ըստ նրա՝ իրավիճակը կանխորոշելու են մի շարք գործոններ։

Ռուս ռազմական վերլուծաբանի կարծիքով՝ հարձակվող կողմի ռեսուրսները, վերջիվերջո, անվերջ չեն, լեռնային հատվածի բնույթը և սպասվող եղանակները կնպաստեն բանակցային գործընթացի վերսկսմանը։

«Ղարաբաղյան կողմը ևս չի թուլացնում դիմադրությունը, դա ևս կարևոր գործոն է, և գլխավորը՝ ՌԴ-ն մշտապես դրդում է կողմերին նստել բանակցային սեղան, ինչը վերոնշյալ գործոնների հետ արդյունք կունենա։ Հիշենք 1990-ական թթ․ Ղարաբաղյան պատերազմը, այն ևս փուլերով է վարվել, եղել են ակտիվ ռազմական գործողությունների և ակտիվության նվազման փուլեր, երբ կողմերը սկսում էին բանակցել։

Ամեն ինչ ավարտվեց հրադադարով, խաղաղ պայմանագիր չստորագրվեց։ Տվյալ իրավիճակում բանակները գործում են ոչ այնպես, ինչպես Ղարաբաղյան մեծ պատերազմի ընթացքում, քանի որ այն ժամանակ երկու կողմերից մարտը վարում էին պաշտպանական խմբերը, որոնք հետզհետե վերածվեցին կանոնավոր բանակի, հայկական կողմն ավելի շուտ ստեղծեց բանակ, իսկ ադրբեջանական կողմը՝ ավելի ուշ, դրան նպաստեցին նաև ներքին ցնցումները։

Իսկ այսօր իրավիճակն այլ է, բախվել են բանակներ, պատրաստված՝ թող որ դրանցից մեկը՝ ավելի ուժեղ, մյուսը՝ ոչ այնքան, բայց դրանք զինված ուժեր են, որոնք նախատեսված չեն երկար տարիներ պատերազմելու համար։ Նրանք նախատեսված են կարճ ժամանակային խնդիրների լուծման համար, իսկ եթե այս ամենը երկար ձգվի՝ կվերածվի կիսապարտիզանական պատերազմի, ինչպես այն ժամանակ մերձավորարևելյան իրավիճակն էր, երբ ամենամեծ սրացումն էր։ Երկար ժամանակ բանակը նման ձևով չի կարող պատերազմել, բանակը կա՛մ հաղթում է, կա՛մ չի հաղթում, և ներգրավվում են ոստիկանական ուժերը, որպեսզի կարգուկանոն հաստատեն այն տարածքներում, որոնք բանակը զբաղեցրել է։ Դա տեղի չի ունենում և դժվար էլ տեղի ունենա, և անվերջ հնարավոր չէ նման կերպ շարունակել, նման նախադեպեր չկան, նույնիսկ Ղարաբաղյան պատերազմը ևս ավելի երկար ձգվեց, բայց եղան ակտիվ ու պասիվ փուլեր։

Ներկայիս ակտիվությունը երկար պահել հնարավոր չէ, նշանակում է՝ պետք է ելք գտնել։ Ամենապարզ ելքը հարձակվող կողմի համար հայտարարելն է որոշակի հաղթանակի մասին և նստելը բանակցային սեղանի շուրջ։ Ամենապարզ սցենարն է, դրան էլ հակվում է հարձակվող կողմը։ Իրադարձությունների ողջ տրամաբանությունը դրա մասին է խոսում։ Բայց թուրքական գործոնը մեծ դեր ունի, և դրա շնորհիվ է այս ամենը երկարաձգվում, և քանի դեռ Թուրքիան աջակցում է՝ հակամարտությունը չի դադարում։ Երբ Թուրքիան հասկանա, որ իր խաղն ավարտված է կամ չի հաջողվում այն ավարտին հասցնել սեփական սցենարով՝ ստանալով անհրաժեշտ բոնուսները, որոշակի ազդեցությամբ Բաքվի նկատմամբ, այս ամենը կավարտի»,- ասաց Կոնովալովը:

Տեսանյութեր

Լրահոս