Բաժիններ՝

ՏՄՊՊՀ-ն ռազմական դրության ընթացքում տնտեսավարողների կողմից բացասական վարքագիծ չի նկատել

Հայաստանում թանկացում է նկատվում հիմնականում արտերկրից ներկրվող ապրանքների գներում՝ ձեռքբերման և արտարժույթի կուրսի տատանման հետ կապված: Այս մասին ասաց Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը՝ ԱԺ տնտեսական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների hամատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկմանը:

Նրա խոսքով՝ ռազմական դրության անցման պահից ՏՄՊՊՀ-ն լայն սպառում ունեցող պարենային և ոչ պարենային 31 ապրանքային խմբերի (շուրջ 94 ապրանքատեսակներ) մշտադիտարկում է իրականացնում:

Գևորգյանը նկատեց՝ մամուլում հրապարակումներ կան, որ շաքարավազի, ձեթի, ալյուրի, կարագի գների որոշակի բարձրացումներ կան, նշեց, որ ՏՄՊՊՀ-ն նայում է խոշոր առևտրային ցանցերին և խոշոր տնտեսավարող սուբյեկտներին: Ձվի շուկայում ուսումնասիրությունը նոր են սկսել: «Մի երկու օր է, որ նամակագրության մեջ ենք տնտեսավարող սուբյեկտների հետ, որ հասկանանք գնի բարձրացումը: Նախնական ասում են, որ հավի կերի հետ է կապված, բայց կստուգենք: Մնացած բոլոր պարագաներում ներմուծման և ձեռքբերման փաստաթղթերը մեզ տրամադրել են: Հիմնականում դրսից ներկրվող ապրանքներն են թանկացել՝ ձեռքբերման գնի և արտարժույթի կուրսի տատանման հետ կապված»,-ասաց Գևորգյանը:

Նրա վստահեցմամբ՝ ՏՄՊՊՀ-ն այս թվերը համադրում է, տեսնում, թե արտաքին աղբյուրների գնային փոփոխություններն արդյոք ճիշտ են արտացոլված ՀՀ-ում: «Այս պահին մենք տնտեսավարող սուբյեկտների կողմից որևէ բացասական վարքագիծ չենք նկատել»,-նշեց Գևորգյանը:

Ոմանք նաև ՏՄՊՊՀ են դիմել զինվորական հագուստների գների հետ կապված: «Մասնագիտացված խանութներում նայել ենք և հավաստիացնում ենք, որ չի եղել զինվորական հագուստների գների բարձրացում: Կարող է թյուրըմբռնման տեղիք տված լինի համեմատությունը, երբ օրինակ համեմատել են 9 հազար դրամանոց կոշիկը 15 հազար դրամանոց կոշիկի հետ»,-ասաց նա:

Իսկ ինչ վերաբերվում է վերավաճառք կատարող անձանց, որոնք վաճառք են անում օրինակ list.am-ով, Գևորգյանը նշեց, որ նրանք դուրս են հարկային դաշտից, օրենքի իմաստով էլ տնտեսավարող սուբյեկտ չեն, ՏՄՄՊՀ-ն նրանց նկատմամբ վերահսկողություն իրականացնել չի կարող: «Բայց գները հրապարակեցինք, որ քաղաքացիները տեսնեն, թե որտեղից ինչ գնով կարելի է ձեռք բերել: Դա նաև կզսպի այն անձանց, որոնք փորձում են վերավաճառքի մեջ գումար աշխատել»,-ասաց Գևորգյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս