«Ժամանակն է, որպեսզի մենք վերջնականապես իրատես լինենք, ի՞նչ միջազգային հանրություն,  ո՞րն է այդ միջազգային հանրությունը». Դավիթ Բաբայան

«Իրանը, ինչպես միշտ, ցուցաբերում է հավասարակշռված մոտեցում, պետք է հասկանալ Իրանի յուրահատկությունը, նաև, որ այդ երկիրը բազմազգ է, և այնտեղ էլ կան լուրջ խնդիրներ։ Դրա համար սխալ կլինի, եթե մենք ակնկալենք, որ Իրանը կանգնելու է և բացեիբաց հայամետ քաղաքականություն  է վարելու, դա այդպես չէ, Իրանն իր շահերն ունի։ Բնական է, որ պանթուրքիզմն Իրանի ամենամեծ վտանգներից մեկն է, բացի այդ, այն ծայրահեղ մահմեդականների թիրախներից մեկն է, քանի որ լինելով շիա երկիր՝ համարվում է այլ մահմեդականների համար թշնամական երկիր»,- 168.am հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության նախագահի արտաքին հարաբերությունների հարցերով խորհրդական Դավիթ Բաբայանը։

Ըստ Դավիթ Բաբայանի՝ վերը նշված բոլոր հանգամանքները պետք է հաշվի առնել ու հասկանալ, թե ինչ քաղաքականություն է վարում Իրանը։ Այս ամենի համատեքստում տեսանելի է, որ պաշտոնական Թեհրանը շատ կանխատեսելի և հավասարակշռված քայլեր է ձեռնարկում, որը հայկական կողմը բարձր է գնահատում։

«Ժամանակն է, որպեսզի մենք վերջնականապես իրատես լինենք, ի՞նչ միջազգային հանրություն,  ո՞րն է այդ միջազգային հանրությունը։ Միջազգային հանրությունը շատ խայտաբղետ ու ընդհանրական կատեգորիա է, մենք այլևս չպետք է հույսեր կապենք այս կամ այն կազմակերպության կամ միջազգային կառույցի ներկայացուցչի հետ։ Դրա համար ենք ասում, որ արմատական փոփոխություններ պետք է լինեն արտաքին քաղաքականության հայեցակարգում։ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ երկիր է, որը հարձակվել է մեզ վրա, հիմա ՆԱՏՕ-ն սրանից տեղյա՞կ է, ինչպիսի՞ արձագանք է եղել, նկատենք, որ Թուրքիայի անկախության օրը ՆԱՏՕ-ն հատուկ շնորհավորել է։ Բավական է այդ միամտությունը, սրա հետ լավ լինենք, նրա հետ նկարվենք, ինչի՞ համար, հիմա մենք օրհասական օրում ենք, նրանցից քանիսն են իրականում եկել ու սատարել մեզ։ Մեր ամենամեծ սատարողը հնարավորություններ ունեցող եղբայրական Ռուսաստանն է»,- շեշտեց Դավիթ Բաբայանը։

Հիշեցնենք, որ դեռևս հոկտեմբերի 5-ին  Իրանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեն հայտարարել էր, որ Թեհրանը Լեռնային Ղարաբաղում հակամարտող երկրների կողմից իր տարածքի վրա ցանկացած հարձակում անթույլատրելի է համարում:

«Հայտարարում ենք, որ հակամարտող երկրների կողմից մեր տարածքի վրա իրականացված ցանկացած հարձակում անընդունելի է, և լրջորեն զգուշացնում ենք, որ կողմերն անհրաժեշտ զգուշավորություն ցուցաբերեն այս առնչությամբ»,- ներկայացուցչի խոսքերը մեջբերել էր Իրանի ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Խաթիբզադեն ընդգծել էր նաև, որ «անհրաժեշտ է հարգել խաղաղ բնակչության վրա հարձակում չգործելու սկզբունքը»:

«Անհրաժեշտ է դադարեցնել բախումները և իրական երկխոսություն սկսել: Թեհրանը պատրաստ է այս նպատակներին հասնելու համար անհրաժեշտ օգնություն ցուցաբերել»,- ասել էր նա։

Այս հայտարարությունից օրեր անց Իրանի փոխարտգործնախարար Աբբաս Արաղչին հոկտեմբերի 29-ին  ժամանել էր Երևան, նրան ընդունել էր ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը։ Իրանի փոխարտգործնախարարը ներկայացրել էր իր երկրի մոտեցումները ստեղծված իրավիճակի հաղթահարման և կրակի դադարեցման ռեժիմի հաստատման ուղղությամբ: Այս համատեքստում Հայաստանի արտգործնախարարը նշել էր, որ Արցախի հիմնախնդրի վերաբերյալ Իրանի մոտեցումները հանգամանալից կուսումնասիրվեն:

Իրանի փոխարտգործնախարարն այցելել էր նաև Անկարա, Բաքու և Մոսկվա։

Տեսանյութեր

Լրահոս