
Իսպանիայում կորոնավիրուսի զսպմանն ուղղված միջոցների դեմ ակցիաները վերածվել են անկարգությունների

Իսպանիայի տարբեր քաղաքներում հոկտեմբերի 31-ի երեկոյան անցկացված ակցիաները, որոնք ուղղված էին կորոնավիրուսի տարածումը զսպելու համար սահմանված միջոցների դեմ, վերածվել են անկարգությունների: Գրանցվել են բախումներ ոստիկանության հետ: Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով EFE-ին: Նշվում է, որ այդ ակցիաներից մեկն անցկացվել է Մադրիդում: Իսպանիայի մայրաքաղաքի կենտրոնում բողոքի ակցիա անցկացնելուց հետո մասնակիցների մի խումբ փորձել է փակել երթևեկությունը քաղաքի առանցքային փողոցներից մեկում՝ այրելով աղբատարները: Մասնակիցներից որոշները քարեր են նետել մոտակա խանութների ցուցափեղկերի ուղղությամբ: Արդյունքում ձերբակալվել է 32 մարդ, տուժել է 3 ոստիկան: Անկարգություններ են գրանցվել նաև այլ քաղաքներում:
Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը դեպքերի կապակցությամբ գրառում է կատարել «Թվիթեր»-ում:
«Միայն պատասխանատվոթյան, միասնականության, ինքնազոհության շնորհիվ մենք կկարողանանք հաղթել համավարակին: Ոչ մեծ խմբերի ագրեսիվ և ոչ ռացիոնալ պահվածքն անընդունելի է: Դա ելք չէ»,-նշել է նա: Կառավարության ղեկավարը նաև շնորհակալություն է հայտնել իրավապահ մարմիններին անվտանգության ապահովման համար: