Մեր ու հարևանների տնտեսությունը
Հունահռոմեական իրավագիտական միտքը հանցագործությունների բացահայտման համար առաջարկում է գտնել «Ո՞ւմ է դա ձեռնտու հարցի» պատասխանը: Այս մոտեցումը քաղաքագիտության մեջ բանաձևվել է որպես՝ «Չկան մշտական բարեկամներ (կամ թշնամիներ), կան մշտական շահեր»:
Տնտեսագիտությունն էլ այս հարցում ինքնատիպ չէ: Ինքնատիպ չէ և առաջարկում է ցանկացած քայլի հետևում տեսնել տնտեսական շահը: Պատերազմի առաջին օրերից շատերի համար տարօրինակ էր հարևան Վրաստանի կեցվածքը: Վերլուծությունների մի մասում պնդում կար, որ վրացական պահվածքն այդքան հակահայկական չէր լինի, եթե համավարակը չլիներ, և հայ զբոսաշրջիկները ողջ ամառ իրենց ներդրումը բերած լինեին վրաց տնտեսության մեջ:
Պարզ ասած, շատերն առաջին հերթին տնտեսական պատճառներ էին տեսնում: Համավարակի պարագային մեզանից համարյա շահ չկար: Փոխարենը՝ այս պարագային Վրաստանն իր վարքով շահ ստացավ իր մյուս հարևանից: Վրաց պետական վիճակագրությունը հայտարարում է, որ այս տարվա հունվար-սեպտեմբերին Ադրբեջանից նավթ-նավթամթերքների ներկրման ծավալներն աճել են 30.3 տոկոսով: Այն, որ մատակարարումների գինն էլ նվազել է՝ կարելի է վերագրել համավարակին ու համաշխարհային գնանկումներին: Այլ կերպ ասած, «ոչ մի անձնական բան, պարզապես բիզնես»:
Հասկանալի է, որ պատերազմական այս օրերին տնտեսական տեղեկատվության ու տնտեսական վերլուծությունների նկատմամբ հետաքրքրությունը պակասել է: Բայց «ամենասիրելի» տնտեսական ակտիվության ցուցանիշն այս տարվա հունվար-սեպտեմբերին ամենացածր կետում է (նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 93.4 տոկոս):
Տնտեսության ամենաշատ կրճատված հատվածները շինարարությունն (նախորդ տարվա 84.3 տոկոսն է կազմել) և ծառայությունների ոլորտը (նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 88.3 տոկոսը) են: Այս կրճատումները, բնականաբար, իրենց հետքն են թողել առևտրի ծավալի վրա (88.6 տոկոս):
Շղթայական ռեակցիան նկատելի է նաև արտաքին ապրանքաշրջանառության ոլորտում: Այն կրճատվել է 10.5 տոկոսով: Դրական փաստ կարելի է համարել սա՝ արտաքին ապրանքաշրջանառության երկնիշ անկումը հիմնականում ներմուծումների կրճատման հետևանք է: Դրանք անցած տարվա համեմատ նվազել են 13.7 տոկոսով: Արտահանումների կրճատումն ավելի համեստ ցուցանիշով է՝ 4.4 տոկոս:
Ադրբեջանական տնտեսական վիճակագրությունը երբեք բավարար չափով վստահելի չի եղել: Հետևաբար՝ դրանց անդրադառնալու իմաստ չկա: Պարզապես կարելի է մեկ ընդհանրական փաստ արձանագրել վրաց և նրանց տնտեսության համար: Արդեն առիթ եղել է նշելու, որ ադրբեջանական դատական համակարգում քննվող 700 հազար հայցերի կեսից ավելին ժամկետանց վարկերի հայցերն են: Թե՛ տնտեսվարողները, թե՛ սպառողներն ի վիճակի չեն կատարել իրենց վարկային պարտավորությունները: Այս մասին վրացական վիճակագրություն չկա:
Բայց այս երկրում խորհրդարանական ընտրություններ են (հոկտեմբերի 31-ին): 50 ընտրական միավորներ (48 կուսակցություն և 2 դաշինք) են «առաջարկում» իրենց: Համարյա բոլորի նախընտրական խոստումներում իշխանության գալուց հետո վարկային պարտք-պարտավորությունների հարցերին լուծում տալն է: Այստեղ էլ, մյուս հարևանի նման, վարկերը տնտեսական ծանրագույն խնդիր է: Խնդիր, որ մեկը փորձում է լուծել պատերազմով, մյուսը՝ խոստումներով: