ՊՆ-ն տեսանյութ է հրապարակել մարդու համար ֆոսֆորային ռումբի վտանգի մասին
Պաշտպանության նախարարությունը տեսանյութ է հրապարակել է մարդու համար ֆոսֆորային ռումբի վտագների մասին: ՊՆ-ն նշում է, որ ֆոսֆորը կարող է հանգեցնել ոսկորների և ոսկրածուծի վնասմանը, ինչպես նաև հյուսվածքների մահվան:
Տեսանյութում ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի քիմիական անվտանգության ապահովման բաժանմունքի պետ Ռաֆայել Փնջոյանը պատմում է, որ սպիտակ ֆոսֆորը ինքնաբռնկումից հետո կարող է առաջացնել մոտ 1300 ℃:
«Այրման ժամանակ տեղի է ունենում խիտ ծխարտադրություն և խեղդող ազդեցություն է ունենում»,- ասել է Փնջոյանը:
Նման ռումբի ոչնչացման գոտի ընկած անձը կարող է մահացու վնասվածքներ ստանալ՝ մասնավորապես խորը այրվածքներ: Բուժաշխատողը, որը ցուցաբերում է բժշկական օգնություն և սպասարկում ֆոսֆորից այրվածքներ ստացած անձին՝ պետք է վերապատրաստված լինի, այլապես կարող է վերքի բուժման ընթացքում ևս այրվածք ստանալ:
« Նման ռումբի կիրառման դեպքում պետք է հնարարավորինս հեռու մնալ դեպքի վայրից, իսկ եթե հնարավոր չէ խուսափել, պետք է պատսպարվել չհրկիզվող շինություններում և հնարավորինս հեռու մնալ դյուրավառ իրերից»,- նշել է Փնջոյանը:
Ավելի վաղ, Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի հրատապ քննության արդյունքներով, Արցախի մարդու իրավունքների պաշտպանի փաստահավաք աշխատանքներով հաստատվել էր Ադրբեջանի կողմից ֆոսֆոր պարունակող զենքի օգտագործման փաստը: