«Ռաֆիկիս գլխին էին հարվածել, վիրահատեցին, բայց մահացավ…». զոհված զինծառայողի մորեղբայր
«Ռաֆիկը մեծատառով անձնավորություն էր, ուրախ, ժպտերես, հումորով, դպրոցում իր դասընկերների և ուսուցիչների ուրախությունն է եղել, մեր բոլորի ուրախությունն էր»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Արցախում նահատակված Ռաֆիկ Արծրունի Հակոբյանի մորեղբայրը՝ Լևոն Բախտիկյանը:
Ռաֆիկը 19 տարեկան էր, ապրում էր ծնողների և իրենից փոքր քրոջ հետ, 1 տարի 3 ամիս առաջ էր զոչակոչվել.
«Սկզբի 6 ամիսը Հայաստանում է ծառայել, այնուհետև տեղափոխվել էր Ստեփանակերտ: Բանակի հետ կապված ոչ մի բան չէր պատմում, միայն ասում էր՝ ծառայությունից գոհ եմ: Լավ ծառայում էր, պատվոգիր էր ստացել, մեծ հարգանք-պատիվ է ունեցել, ես էլ եմ գնացել իրենց զորամաս, ղեկավարների հետ ծանոթացել եմ, շատ գովեստի խոսքեր էին ասում Ռաֆիկի մասին»:
Մորեղբայրը պատմեց, որ Ռաֆիկը նպատակ ուներ ծառայությունն ավարտելուց հետո վերադառնալ հայրենի Գավառ, իր սեփական ֆերման ստեղծել, օգնել ծնողներին.
«Աշխատասեր, ստեղծող, գործից չվախեցող տղա էր: Ուզում էր դառնար ֆերմեր, անասնապահությունով էր ուզում զբաղվեր, մեծ գոմ շիներ: Իրենք անասուններ ունեն, հորն ասում էր՝ չպակասեցնեք, որ գարունն ավելի շատացնենք, մեծ ծրագրեր ուներ, բայց չհասցրեց… Ամռանը՝ հուլիսի 12-ին, պետք է վերադառնար»:
Լևոնը հիշում է, որ Ռաֆիկը վերջին անգամ հոր հետ է խոսել, հաջորդ օրը վիրավորում է ստացել, ցավոք, վիրահառությունից հետո մահացել է.
«Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 17:20, զանգել, հոր հետ էր խոսել, ամեն օր այդ ժամերին զանգում էր, այդ օրը որ զանգել էր, տրամադրությունն էլի լավ էր եղել, ասել էր՝ պապ ջան, լավ ենք, մի անհանգստացեք: Անգամ իր տեղն էլ չէր ասում, թե որտեղ է, համենայն դեպս չէր բողոքել… Ռաֆիկիս գլխին էին հարվածել, վիրահատեցին, բայց մահացավ…»:
Ռաֆիկ Հակոբյանին հուղարկավորել են հոկտեմբերի 18-ին՝ Գավառում:
«Հուղարկավորությանը ներկա էին մարզպետը, քաղաքապետը, զինկոմիսարիատից: Շնորհակալ ենք, որ մեր երեխուն բերեցին, հանձնեցինք հողին…»,- եզրափակեց Ռաֆիկի մորեղբայրը: