Ռուսաստանն ավելի լուրջ դերակատարություն կարող է ստանձնել որոշակի փուլում․ Սկակով

«Ռուսաստանը դեռ գործում է առավելապես ԵԱՀԿ ՄԽ միջնորդական դերակատարության շրջանակում»,- այս մասին մեզ հետ զրույցում ասաց ռուս քաղաքագետ Ալեքսանդր Սկակովը՝ անդրադառնալով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նախօրեին արած մեկնաբանություններին։

Հիշեցնենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն անդրադարձել էր ղարաբաղյան հակամարտության թեմային «Ռուսաստանը կանչում է» ներդրումային համաժողովի ժամանակ։

Նա նշել էր, որ ամեն մեկն ունի իր ճշմարտությունը, և չկան պարզ լուծումներ, քանի որ հանգույցը շատ ամուր է կապված։ Ըստ նրա, պետք է խոսել Ադրբեջանին 5+2 շրջանների հանձնման հնարավորության մասին` Ղարաբաղի գոտու որոշակի ռեժիմի ապահովմամբ, Հայաստանի հետ փոխգործակցությամբ, և այլն։ Նա տեղեկացրել էր, որ երկարաժամկետ կարգավորումը կայանում է նրանում, որպեսզի գտնվի շահերի այնպիսի հավասարակշռություն, որը կբավարարեր երկու կողմերին.  Ինչպես՝ հայ, այնպես էլ՝ ադրբեջանցի ժողովուրդներին։

«Որպեսզի մարդիկ իրենց անվտանգ զգան, սակայն միաժամանակ ստեղծվեն նաև հնարավորություններ արդյունավետ տարածաշրջանային զարգացման համար` ենթակառուցվածքային բոլոր հնարավորությունների ապաարգելափակմամբ և զարգացմամբ, որոնք կլինեին՝ ինչպես Ադրբեջանի, այնպես էլ՝ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի արդյունավետ զարգացման հիմքում, չէ՞ որ մարդիկ այնտեղ բավականին համեստ են ապրում։ Եվ հնարավորություն ընձեռվեր, այդ թվում, բանավեճի մեր այսօրվա մասնակիցներից շատերին մասնակցել այդ տարածքների զարգացմանը, կատարել ներդրումներ, իսկ այնտեղ շատ ոլորտներ կան ներդրումների համար»,- ասել էր Պուտինը։

Վերջինս ասել էր, որ պետք է նստել բանակցությունների սեղանին, և առաջարկների հիման վրա, որոնք ձևակերպվել են Մինսկի խմբի, համանախագահների` Ռուսաստանի, Միացյալ Նահանգների և Ֆրանսիայի կողմից, այդ Մինսկի խմբի մյուս մասնակիցների մասնակցությամբ, իսկ այնտեղ շատ երկրներ կան, այդ թվում` Թուրքիան և մի շարք եվրոպական երկրներ, այդ համատեղ աշխատանքի հիման վրա գտնել փոխզիջում և շահերի հավասարակշռություն։

Ալեքսանդր Սկակովի խոսքով՝ ՌԴ նախագահն արտացոլել է Ղարաբաղյան հակամարտության բանակցային իրականությունը։ Այսինքն, ըստ նրա, կա ԵԱՀԿ Մինսկի խումբ, որի շրջանակում է աշխատում Ռուսաստանը և դրա շրջանակներից դեռ դուրս չի գալիս, այսօր Թուրքիան է նաև հակամարտության կողմ դարձել և հավակնում մասնակցել բանակցային գործընթացին։ Ամեն ինչ, նրա խոսքով, բավականին բարդ է, քանի որ բուն բանակցային աշխատանքներն իրականում տեղի են ունենում ԵԱՀԿ ՄԽ շրջանակում։

«Սակայն Թուրքիան ևս չի կարող անտեսվել, և շփումներով իրավիճակը փոքր-ինչ վերահսկելի է դառնում, տեսնում ենք, որ Ռուսաստան-Թուրքիա տարբեր մակարդակի շփումներն ավելի հաճախակիացել են, քննարկումներն ինչպես Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ են, այնպես էլ Սիրիայի, Լիբիայի։ Իսկ Ղարաբաղյան հակամարտության դեպքում կա ԵԱՀԿ Մինսկի խումբ, և կա տպավորություն, որ Հայաստանն ու Ռուսաստանը պահպանում են այդ ձևաչափը, և բոլոր փորձերը՝ ձևավորել Աստանայի ձևաչափ, այնքան էլ չեն հաջողվում։ Թեև նաև չի հաջողվում լուրջ առաջընթաց գրանցել բանակցային գործընթացի ուղղությամբ, պատերազմն ու այդ օրերին հնչող հայտարարություններն էլ ավելի են բարդացրել միջնորդների աշխատանքը։ Նկատում ենք, որ Ռուսաստանն իրեն դիրքավորում է առավելապես՝ որպես միջնորդ, հաշվի առնելով այն, որ Հայաստանը պատերազմին մասնակցում է անուղղակիորեն և Հայաստանը չի ենթարկվում լուրջ ագրեսիայի, իհարկե, ինչը ևս բացառել հնարավոր չէ, քանի որ պատերազմը կարող է ունենալ անկանխատեսելի ու անվերահսկելի ընթացք, ինչից այսօր փորձում է խուսափել Ռուսաստանը։ Ամենաշատը միջնորդներից Ռուսաստանին է, որ հարկավոր չէ իրադարձությունների ներկայիս և ավելի բարդ ընթացքը, հենց դրանով էլ պայմանավորված են ՌԴ ներկայիս քայլերը, և իմ համոզմամբ՝ ՌԴ-ն հաշվին առնելով իր տարածաշրջանային լծակները՝ կարող է ավելի լուրջ դերակատարություն ունենալ, քանի որ իրավիճակը սպառնալիք է իր և իր հեղինակության համար»,- ասաց Սկակովը։

Հարցին, թե որքանո՞վ է իրատեսական ռուսական խաղաղապահ առաքելությունը հակամարտության գոտում, Սկակովը պատասխանեց, որ մամուլում դրա վերաբերյալ շատ տարբեր պայմաններ են հնչել, և կարծես ընդհանուր համաձայնություն դեռ չկա այս հարցի վերաբերյալ, քանի որ պատերազմական գործողություններն ակտիվ ընթացքի մեջ են։ «Հուսանք, որ բանակցություններով հնարավոր կլինի գալ այնպիսի համաձայնությունների, որոնք հրադադարը հնարավոր կդարձնեն»,- ասաց նա։

Տեսանյութեր

Լրահոս