Ոչ մի արցախցի ընտանիք դրսում չի մնում. փոխնախարար
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հիմնականում համակարգում է այս օրերին Հայաստանում գտնվող արցախցիների առջև ծառացած սոցիալական բնույթի հարցերը: Մասնավորապես, ժամանակավոր կացարանի, ինչպես նաև հագուստի և սննդի ապահովումը:
«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը նշեց, որ Երևանի Հրաչյա Ներսիսյան 14/1 հասցեում, որ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում է, ստեղծվել է ժամանակավոր կայանման կետ:
«Նպատակն այն է, որ արցախցի մեր հայրենակիցները, ովքեր ժամանում են Հայաստան և չունեն հյուրընկալող ընտանիք, բնակվելու վայր, ապա կարող են մոտենալ կայանման կետ, որտեղից էլ կվերաուղղորդվեն ժամանակավոր կացարաններ»,- ասաց Տաթևիկ Ստեփանյանը:
Ռազմական դրության հայտարարելու առաջին իսկ րոպեից նախարարությունը գործարկել է 114 թեժ գիծը, որն աշխատում է 24-ժամյա գրաֆիկով շաբաթը 7 օր: Գործում է նաև կառավարության կողմից գործարկված 117 թեժ գիծը: Նախարարության շուրջ 36 օպերատորների միջոցով հավաքագրվում է տեղեկություն ապաստան հայցող կամ աջակցության կարիք ունեցող քաղաքացիների, ինչպես նաև այն անձանց մասին, որոնք իրենք են պատրաստ աջակցություն տրամադրել:
«Այս կամ այն արցախցի ընտանիքին կացարանով ապահովելու խնդրի հետ կապված, սոցիալական ցանցում հայտարարություն գրելու փոխարեն, կոչ եմ անում դիմել նախարարության թեժ գծին: Հայտերը լրացվում են առցանց, համակարգված ներմուծվում են ծրագիր, որտեղից մեկ ժամվա ընթացքում աշխատակիցներն արձագանքում են: Եթե կլինեն ընտանիքներ, որոնք հայտնվել են դրսում, չգիտեն ուր գնալ, կոչ եմ անում դիմել Հրաչյա Ներսիսյան, 14/1 հասցեում տեղակայված կենտրոն: Դռները բաց են, աշխատում են 24-ժամյա գրաֆիկով, վստահեցնում եմ՝ ոչ ոք դրսում չի մնում»,- ասաց նա:
Այս ընթացքում նախարարությունը Արցախի իր գործընկեր կառույցի հետ իրականացրել է գիշերօթիկներից և տարեցների խնամքի կենտրոններից շահառուների տեղափոխում համապատասխան վայրեր:
«Ռազմական դրության պայմաններում կարևոր է սոցիալական ծառայությունների ապահովման ընթացքը: Սահմանվել է հաշմանդամության վերափորձաքննության շատ կարևոր գործընթաց: Արցախի այն քաղաքացիները, որոնք պետք է բժշկասոցիալական փորձաքննություն անցնեին ապրիլի 15-ից մինչև դեկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում, ապա նշեմ, որ այդ ժամկետը երկարաձգվել է մինչև 2021 թվականի հունվարի 15-ը: Սոցիալական նպաստները կվճարվեն արդեն իսկ մինչ այդ սահմանված չափով՝ հիմնվելով հաշմանդամության խմբի վրա»,- ասաց Տաթևիկ Ստեփանյանը: Դրանից բացի, հաշմանդամություն ունեցող անձանց նախարարությունը տրամադրում է անհրաժեշտ աջակցող միջոցներ՝ քայլակներ, սայլակներ և այլ պարագաներ: Դրա համար պետք է զանգահարել թեժ գիծ:
Հոկտեմբերից սկսած Հայաստանում կատարվում են կենսաթոշակների և սոցիալական նպաստների վճարումեր արցախցի ընտանիքներին: Արցախի քաղաքացիներն իրենց անձը հաստատող փաստաթղթով կարող են ներկայանալ «Հայփոստի» բաժանմունք և ստանալ իրենց կենսաթոշակը:
«Ուզում եմ մեծ շնորհակալություն հայտնել այս օրերին ինքնաբուխ կերպով մոբիլիզացված բոլոր մեր քաղաքացիներին, հասարակական կազմակերպություններին, բիզնեսին, որոնք աննախադեպ ծավալի գործ են անում՝ իրենց աջակցությունը ցուցաբերելով»,- հավելեց նախարարի տեղակալը: