«Արցախի հարցի հետ կապված՝ Իրանը հավասարակշռված մոտեցում է ունեցել». Դավիթ Բաբայան

ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հոկտեմբերի 29-ին հանդիպել է աշխատանքային այցով Երևան ժամանած Իրանի ԱԳ նախարարի տեղակալ Աբբաս Արաղչիին:

Իրանի փոխարտգործնախարար Արաղչին ներկայացրել է Իրանի մոտեցումները ստեղծված իրավիճակի հաղթահարման և կրակի դադարեցման ռեժիմի հաստատման ուղղությամբ: Այս համատեքստում ՀՀ ԱԳ նախարարը նշել է, որ ԼՂ հիմնախնդրի վերաբերյալ Իրանի մոտեցումները հանգամանալից կուսումնասիրվեն:  Զոհրաբ Մնացականյանը նաև  տեղեկացրել է հոկտեմբերի 30-ին Ժնևում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպելու և այդ ձևաչափով աշխատանքները շարունակելու մասին:

168.am-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության նախագահի արտաքին հարաբերությունների հարցերով խորհրդական Դավիթ Բաբայանն ասաց, որ Իրանի Իսլամական պետությունը միշտ հանդես է եկել՝ որպես տարածաշրջանում կայունությունն ու խաղաղությունը պահպանող ուժերից մեկը։

«Արցախի հարցի հետ կապված՝ Իրանը հավասարակշռված մոտեցում է ունեցել։ Մենք պետք է հասկանանք նաև Իրանի յուրահատկությունը, որ այն մահմեդական երկիր է, որը պանթուրքիզմի հիմնական թիրախներից մեկն է։ Իրանին ավելի մեծ վտանգ է  սպառնում այդ պանիսլամիզմի տեսակետից, քանի որ, լինելով շիա երկիր, ծայրահեղականների համար հանդիսանում է սուննի խալիֆայության ստեղծման ամենալուրջ պատնեշը։ Հետևաբար՝ Իրանի դեմ հատուկ հայացքներ ունեն պանթուրքիստներն ու պանիսլամիստները։ Միևնույն ժամանակ՝ Իրանը վարում է ճկուն քաղաքականություն»,- շեշտեց Դավիթ Բաբայանը։

Ինչ վերաբերում է Ժնևում ԵԱՀԿ Մինսկի խմբի, Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպմանը, որը նախապես էր հայտարարվել, Դավիթ Բաբայանը նկատեց. «Ադրբեջանը փորձել է գիշերը լայնածավալ գրոհ ձեռնարկել, բայց ձախողվել է այդ գրոհը, գուցե պատճառներից մեկը սա էր։ Հիմա, որպեսզի շահարկումներ չլինեն, ասեմ, որ Ադրբեջանն ամեն ինչ անում է, որպեսզի բանակցությունները երկարաձգի և մարտի դաշտում ծավալվի, բայց այս գիշեր դա չստացվեց։ Կարևորն այն է, որ այսօր տեսնենք, թե ինչ եզրակացության են գալիս։ Լավ ճանաչելով Ադրբեջանին ու Թուրքիային, հասկանում ենք, որ, ամենայն հավանականությամբ,  իր ստանձնած պարտավորությունները չի կատարելու»։

Հիշեցնենք, որ այսօր ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն աշխատանքային այցով մեկնելու է Ժնև, որտեղ հանդիպում է ունենալու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ։

Հիշեցնենք նաև, որ Իրանի փոխարտգործնախարարը եղել է նաև Բաքվում, Մոսկվայում։

Տեսանյութեր

Լրահոս