«Ալիևը համոզված է, և նրան համոզում են Թուրքիայից, որ պետք է գնա վա բանկ՝ մինչև վերջ»․ ադրբեջանագետ

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր 168.am-ը, Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Ջեյհուն Բայրամովի՝ հոկտեմբերի 29-ին Ժնևում ծրագրված հանդիպումը չի կայանալու:

Ռուսական լրատվամիջոցները որպես նոր հանդիպման օր են նշում հոկտեմբերի 30-ը:

«Ադրբեջանահայերի ասամբլեայի» նախագահ, ադրբեջանագետ Գրիգորի Այվազյանը 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով թեմային՝ նկատեց, որ մեծ հույսեր չի կապում այդ բանակցությունների հետ. «Մենք լսել ենք՝ Իլհամ Ալիևը երեկ ինչ է ասել, որ ինքը պատրաստ է անձամբ մեկնել Մոսկվա և հանդիպել ՀՀ վարչապետի հետ՝ իբրև թե առանց նախապայմանների և նույն ուղերձով գործուղեց նաև արտգործնախարարին, բայց հենց որ վերջացրեց դա ասել, շարունակեց իրենց հին երգը երգել, թե հայկական զորքերը պետք է լքեն Ադրբեջանի տարածքը, այդ թվում և՝ Լեռնային Ղարաբաղի նախկին մարզի տարածքի մասին է խոսում: Այսինքն՝ դա վերջնագրերի լեզուն է:

Նույն այս ուղերձով Ադրբեջանի արտգործնախարար Բայրամովը ստիպված մեկնեց Եվրոպա, փաստացիորեն համանախագահող երկրների ճնշման ներքո, բայց պետք է արձանագրենք, որ ունենալով թիկունքում Թուրքիան, հրահրված լինելով թուրքի կողմից՝ փաստացիորեն Ադրբեջանի ղեկավարությունը թքել է Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի հեղինակության վրա:

Ալիևը համոզված է, և նրան համոզում են Թուրքիայից, որ պետք է գնա վա բանկ՝ մինչև վերջ, մինչև վերջին ադրբեջանցին:

Ինչքան պետք է՝ զենքով Վրաստանի միջոցով շարունակում է սնվել ադրբեջանական ռազմամեքենան: Ալիևը մարդկային կորուստների մասին չի մտածում, ուստի համարում է, որ իր համար ձեռնտու չի բանակցել:

Իրականության մեջ նրանք կարող են մտածել բանակցային սեղանի շուրջ վերադառնալու մասին միայն այն պարագայում, երբ նրանց ռազմամեքենայի ողնաշարը ջարդվի, ունենան մեծ կորուստներ՝ և մարդկային, և նյութական, և տարածքային»:

Ադրբեջանագետը կարծում է, որ, եթե անգամ ինչ-որ պայմանավորվածություններ ձեռք բերվեն այժմ, դրանք կարճ կյանք կունենան. «Այդ պայմանավորվածությունները կտևեն մի քանի րոպե, առավելագույնը՝ մի քանի ժամ:

Ադրբեջանը փաստացիորեն ներկայացրել է այս հարցի վերջնական լուծման իրենց տեսլականը, որ իբրև թե հայկական կողմը պետք է անձնատուր լինի: Ուրեմն՝ Հայաստանին ոչ մի այլ բան չի մնում, քան գործադրել ձեռքի տակ ունեցած դիվանագիտական և ռազմական ամբողջ ռեսուրսը:

Մենք պետք է ավելի ագրեսիվ, ավելի նախաձեռնողական լինենք, ոչ թե կես ձայնով փորձենք ինչ-որ բանի համար արդարացումներ գտնել: Եվ առաջին հերթին՝ պետք է արդեն կամք ունենալ ճանաչել Արցախի անկախությունը, որովհետև առաջ բազմիցս ասում էին, չէ՞՝ եթե հանկարծ ճանաչվի, գուցե դա առիթ լինի Ադրբեջանի համար հարձակվելու: Հիմա արդեն հարձակվել են, դրանից զատ՝ էլ ի՞նչ կարող են անել:

Ճիշտ ժամանակն է՝ ճանաչել Արցախը և արդեն այդ կարգավիճակով ներկայացնել Արցախը բանակցային սեղանի շուրջ:

Չէ՞ որ Արցախի ղեկավարությունն արդեն բազմիցս դիմեց համաշխարհային հանրությանն այդ հարցով, որի մասն էր նաև Հայաստանը, չէ՞ որ հիմա այնպիսի լուրջ վիճակում ենք, որ պետք է գնանք բոլոր քայլերին՝ մեր ճշմարտությունը պաշտպանելու համար:

Եվ ես կարծում եմ, որ մենք պետք է այդ կարևոր քայլերն անենք և նոր միայն վերադառնանք բանակցային սեղան»:

«Ադրբեջանահայերի ասամբլեայի» նախագահը համոզված է՝ այժմ բանակցային հարթակում հարցը չի կարող լուծվել.

«Ադրբեջանական գերագույն շտաբը, իրենց վերլուծական կենտրոնները հրապարակել են քարտեզներ և տեղեկություններ ապագայի համար, ըստ այդմ, որպեսզի կարողանան կայուն վերահսկել Լեռնային Ղարաբաղի տարածքը, իրենք պետք է զբաղեցնեն Մեղրին ու Կապանը:
Ուստի այս պարագայում, այո, ճնշումների ներքո կողմերը ստիպված են գնալ, բայց ես հավաստիացնում եմ՝ Ադրբեջանի հետ պայմանավորվել այս պարագայում անհնար է:
Մենք պետք է գնանք մինչև վերջ, մինչև հաղթանակ, և համոզված եմ՝ հաղթելու ենք, եթե անենք ճիշտ քայլեր այս ուղղությամբ՝ առավելապես դիվանագիտական դաշտում, որտեղ դեռ շատ անելիքներ ունենք: Ձեզ ավելին ասեմ՝ ռազմական ճակատում մենք արել ենք ավելի շատ, քան դիվանագիտական ճակատում, ուրեմն՝ դիվանագիտական ճակատն առնվազն պետք է հասնի մեր ռազմական ճակատում հասցված վիճակին»:

Հիշեցնենք՝ արտգործնախարարների հանդիպման մասին հայտարարել էին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հոկտեմբերի 26-ին:

Տեսանյութեր

Լրահոս