Ֆրանսահայ բողոքի ակցիայի մասնակիցը՝ թուրքի կողմից գլխին մուրճի հարված ստացած երիտասարդի վիճակի ու հետագա անելիքների մասին
Հոկտեմբերի 28-ին Ֆրանսիայում բնակվող հայերը վաղ առավոտյան բողոքի ակցիա էին անցկացնում։ Փակել էին А7՝ Լիոնից Մարսել տանող մայրուղին։ Ինչ-որ անձինք հանկարծակի հայտնվեցին այնտեղ՝ թիկունքից հարվածելով մեր հայրենակիցներին։ Ականատեսները և հետագայում լուսանկարները ապացուցեցին՝ նրանց ձեռքին մուրճեր կային։ Ասում են՝ եղել են նաև դանակներ, լոմեր, ծառի հաստ ճյուղեր։
«Մենք ցույցերը շարունակելու ենք, իրավունք չունենք լռելու, ձեռքերն իջեցնելու, չպայքարելու և չհաղթելու։ Գլխին մուրճի հարված ստացած Գևորգը հիվանդանոցում է, նշանակել էին վիրահատություն, բայց այն չեն կատարել, որովհետև ավելի շատ լուրջ վնասվածքը եղել է դրսից, քան ներսից։ Ամեն ինչ նորմալ է։ 48 ժամ տվել են, որ հանգիստ մնա, որ հետո էլի հետազոտեն։ Տեղափոխվել է հիվանդասենյակ։ Տեսնենք, թե այս ամենին ինչ լուծում կտա Ֆրանսիայի իշխանությունը, որովհետև իրենք միանգամից եկան, մտան մեր շարքերը։ Սա նախապես պլանավորված էր, մյուսները պարզապես հետո առաջ չեկան։ Հիմա ամբողջ Ֆրանսիան տեսնում, գիտակցում է, որ ավելի վատ կլինի, եթե այսպես շարունակվի, քանի որ իրենք նույնպես խնդիրներ կունենան։ Պարզապես մեր հայրենակիցներին կոչ եմ անում չենթարկվել պրովոկացիայի, նրանց հետ չբանավիճել»,- 168.am-ի հետ զրույցում ասաց բողոքի ակցիայի մասնակից ու ականատես Ստելլա Դավթյանը։
Ինչ վերաբերում է երեկ թուրքերի կողմից հայերի սրճարաններ մտնելու լուրերին՝ մեր զրուցակիցը նշեց․
«Ոչ մի սրճարան կամ ռեստորան չեն մտել։ Կոնկրետ Լիոնում երեկոյան ժամը 21։00-ից հետո պարետային ժամ է, սակայն այդ ժամանակ մի 5-6 մեքենայով եկել են, ամեն մեկը 135 եվրո, բնականաբար, տուգանվել է ու խելոք գնացել են։ Ոչ մի բան չեն ասել, ոչ էլ կարող են ասել, որովհետև հայն այստեղ շատ մեծ անուն, պատիվ ունի։ Ոստիկանները շատ լավ գիտեն, թե ովքեր են թուրքերը, ովքեր՝ հայերը։ Վիեն քաղաքում է ինչ-որ ամբոխ եղել, որը դուրս է եկել հայերի դեմ։ Բախումը թուրքերի ու ոստիկանների միջև է եղել։ Կան ձերբակալվածներ, խիստ պատժի տակ են»։
Ստելլան ընդգծեց՝ բողոքի ակցիաները շարունակվելու են: «Ամեն ինչ անելու եմ Արցախիս ու Հայաստանիս համար։ Մենք լռելու իրավունք չունենք։ Մենք իրավունք չունենք մեր արդարությունն առաջ չտանել։ Շատ ցավալի է, որ նախորդ օրը կատարվածը եղավ իմ 8 տարեկան աղջիկ երեխայի աչքերի առջև։ Մեծ սթրես տարա, բայց եթե Գևորգի, մեր վիճակը պետք է օգուտ լինի իմ հայ ազգին, գուցե բարին էլ սա էր»,- եզրափակեց մեր հայրենակիցը։
Հավելենք, որ Ֆրանսիացի օրենսդիր Վալերի Բուայեն ևս անդրադարձել է Վիենում կատարվածին՝ Թվիթերի իր էջում գրելով․
«Թուրքերը հարձակվում են Վիենի ոստիկանների վրա, փորձում են հայերի դեմ դուրս գալ՝ ինչպես 1915 թվականին։ Որքա՞ն ժամանակ է Ֆրանսիան պատրաստվում չեզոք մնալ։ Ինչքա՞ն ժամանակ ենք աչք փակելու և սանկցիաներ չենք կիրառելու Թուրքիայի նկատմամբ»։