Թրամփը փախստականների ընդունման սահմանաքանակն իջեցրել է մինչև ռեկորդային ցածր մակարդակ
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը 2021 ֆինանսական տարում (սկսվել է հոկտեմբերի 1-ից) փախստականների ընդունման սահմանաքանակն իջեցրել է մինչեւ 15 հազար՝ նվազագույն մակարդակը 1980 թվականից ի վեր: Համապատասխան հուշագիրը հոկտեմբերի լույս 28-ի գիշերը տարածել է Սպիտակ տունը:
«2021 ֆինանսական տարվա ընթացքում ԱՄՆ-ում մինչեւ 15 հազար փախստականների ընդունումն արդարացված է հումանիտար նկատառումներով կամ այլ կերպ համապատասխանում է ազգային շահերին»,- ասված է փաստաթղթում:
Ինչպես ընդգծել է նախագահը, այնպիսի երկրներից անձինք, ինչպիսք են Եմենը, Սիրիան եւ Սոմալին, չեն կարող ընդունվել որպես փախստականներ, «բացառությամբ նրանց, որոնց իրավիճակն առանձնահատուկ մարդասիրական անհանգստություն է հարուցում»:
2020 ֆինանսական տարում այդ սահմանաքանակը կազմել է 18 հազար, եւ այն ժամանակ դա գրեթե կիսով չափ կրճատվել է 2019 թվականի համեմատությամբ, երբ ցուցանիշը հավասար էր 30 հազարի: Ինչպես ավելի վաղ նշել է The Washington Post թերթը, 15 հազարի մակարդակը դարձել է ամենացածրն անցած տասնամյակների ընթացքում:
Վերջին անգամ զուգադրելի մակարդակ է եղել 1980 թվականին, երբ ընդունվել է հատուկ օրենք փախստականների մասին, որն ընդունման սահմանաքանակը 17,4 հազարից բարձրացրել է մինչեւ 50 հազար, հաղորդել է ՏԱՍՍ-ը: