ԿԲ-ն էական գնաճ չի կանխատեսում՝ թուրքական ապրանքների ներմուծման արգելքի արդյունքում
ՀՀ կենտրոնական բանկի գնահատմամբ՝ թուրքական ծագմամբ ապրանքների ներմուծման արգելքն իր մեջ գնաճային պոտենցիալ չունի: Այս մասին ասուլիսում ասաց ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք թուրքական ապրանքների ներմուծման արգելքը կազդի՞ սպառողական գների վրա, և թե ի՞նչ ապրանքներով կարելի է փոխարինել թուրքականը:
Անդրադառնալով վերջնական սպառման ապրանքներին՝ Գալստյանը նկատեց, որ փոխարինիչների տեսանկյունից նշվում են այնպիսի երկրներ, ինչպիսիք է օրինակ Չինաստանը:
«Ինչ վերաբերվում է հումքային ապրանքներին, ապա խորը վերլուծություն, թե որ սեկտորը ինչ տիպի հումք է օգտագործում իր վերջնական արտադրանքի համար, ես չեմ տեսել: Բայց ոլորտներից առաջինը տեքստիլն է: Եվ այդտեղ գնահատականներ են պետք, թե ինչ ազդեցություններ են լինելու, ու արդյոք մեր տեքստիլ արտադրությունը, որը միտված է արտահանմանը, կարողանալու է գնային առանց որևէ Էական փոփոխության հումք բերել և իր արտադրական գործընթացն իրականացնել»,-ասաց ԿԲ նախագահը:
Անդրադառնալով գնաճային սպասումներին՝ նա նշեց. «Մեր գնահատականներով՝ այն էական գնաճային պոտենցիալ իր մեջ չունի»: