«Ակնկալում ենք, որ հենց այսօր հրատապ կարգով պիտի հրավիրվի Անվտանգության խորհրդի նիստ». Նաիրա Զոհրաբյան

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը և ԼՀԿ նախագահ Էդմոն Մարուքյանը դիմել են վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ առաջարկելով հրատապ կարգով հրավիրել Անվտանգության խորհրդի նիստ։

168.am-ը ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ են կարծում՝ վարչապետը կընդունի՞ խմբակցությունների առաջարկը։ Ի պատասխան՝ պատգամավորը նշեց. «Չեմ կարող Նիկոլ Փաշինյանի փոխարեն որևէ ենթադրություն անել: Մենք առաջարկությունն արել ենք խորհրդարանական երկու խմբակցություններով: Վիճակն օրհասական է, և ակնկալում ենք, որ հենց այսօր հրատապ կարգով պիտի հրավիրվի Անվտանգության խորհրդի նիստ, որտեղ երկրի թե՛ քաղաքական, թե՛ ռազմական ղեկավարության հետ շատ հրատապ մտքեր փոխանակելու, հարցեր տալու և, բնականաբար, առաջարկներ ներկայացնելու անհրաժեշտություն կա»:

Նաիրա Զոհրաբյանին խնդրեցինք անդրադառնալ Վազգեն Մանուկյանի հայտարարությանը, սակայն նա նկատեց. «Որևէ մեկնաբանություն չի լինելու. Ես իրավասու չեմ կուսակցության կողմից որևէ մեկնաբանություն անել»:

Հարցին, թե այս օրերին ի՞նչ գործունեություն է ծավալում Գագիկ Ծառուկյանը, ԲՀԿ պատգամավորը պատասխանեց. «Պարոն Ծառուկյանն արդեն ասել է՝ «Բարգավաճ Հայաստանի» կամավորականների առաջին խումբն արդեն մեկնել է, մենք ամենօրյա ռեժիմով կատարում ենք մեզ վրա դրված պարտականությունները՝ միջազգային կառույցների հետ աշխատանքով… Ես չեմ ուզում որոշ պատգամավորների նման, ովքեր իրենց ամեն տեղաշարժը, ամեն արածը սելֆի են անում-գցում ֆեյսբուքյան իրենց էջեր… թույլ տվեք չասել՝ ինչ ենք անում: Ժամանակը կգա՝ բոլորի արածը և չարածը պարզ կերևա. 24-ժամյա ռեժիմով աշխատում ենք»:

Տեսանյութեր

Լրահոս