«Հայկական կողմն իր դիրքորոշումն արդեն հայտնել է՝ գնդակն արդեն իրենց դաշտում է». Ալեն Սիմոնյանը՝ ՌԴ նախագահին ուղղված նամակի և խաղաղապահների մասին
ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի խոսքով՝ պատերազմը, որն ունի այդքան մեծ ծավալ, ունի իր խնդիրները, դրական կողմերը։
«Այսօր արդեն կարող եմ ուրախացնել մեր համաքաղաքացիներին, որ այդ դրական կողմերը շատ ավելի շատ են, և կարելի է ասել՝ այն տրամաբանությունը, անսպասելիությունը, մտքի մեջ անհավատ վիճակը, որ սա իրոք կատարվում է, որ սա երազ չէ՝ արդեն անցել է։ Կոնկրետ գործողություններ են տեղի ունենում, և կարող եմ ասել, որ մեր բանակը, տղերքն ու մեր կամքը բավականին բարձր մակարդակում է գտնվում։ Մենք դա ապացուցում ենք բավականին երկար ժամանակ թշնամու մռթին տալով։ Պետք է արձանագրենք մի բան, որ ի սկզբանե էլ հայ զինվորը, հայը, արցախցին, կանխել ու կասեցրել է մի բան, որը թշնամին ցանկանում էր անել՝ այն է, իր անկախության օրը դիմավորել Ստեփանակերտում։ Նա պատրաստել է բլից-կրիգ անելու պլան, որը մեր տղաները կանգնեցրել են։ Պատերազմը մտել է, այսպես ասած, ձգձգվող և ծամծմվող մի փուլի մեջ, հիմա մենք ենք, մեր սարերը և մեր զինվորները։ Թող որևէ մեկը որևէ բանից չոգևորվի, բնական ալիք է եղել հարձակման Թուրքիայի մասնակցությամբ, այդ ալիքը կարող էր որևէ հաջողություններ ունենալ, կրկնում եմ՝ սրանից որևէ մեկը թող չոգևորվի, մեր թշնամիները չոգևորվեն»,- խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Ալեն Սիմոնյանը։
Անդրադառնալով Արցախի նախագահի նամակին՝ ուղղված ՌԴ նախագահին, և վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Արցախում խաղաղապահներ տեղակայելու վերաբերյալ հայտարարությանը, և պատասխանելով հարցին, թե ռուսական կողմից պետք է սպասել որևէ արձագանքի, Ալեն Սիմոնյանն ասաց, որ արձագանք կարող է լինել այն ժամանակ, երբ կլինեն կոնկրետ լուծումներ կամ գործողություններ անելու հնարավորություն։
«Ամեն դեպքում, հայկական կողմն իր դիրքորոշումն արդեն հայտնել է, մնացածը պետք է արդեն մեր գործընկերներն անեն, գնդակն արդեն իրենց դաշտում է։ Ես վստահ եմ, որ Ռուսաստանում, Ֆրանսիայում և Միացյալ Նահանգներում բոլորը հասկանում են, որ այսօր Հայաստանն այն դարպասն է, որը կանգնած է միջազգային ահաբեկչության դեմ, և դա սպառնալիք է նաև ամբողջ աշխարհի համար»,- ընդգծեց ԱԺ փոխխոսնակը։