Թուրքիայից Ադրբեջան օդուղով տեղափոխվել են թուրք զինծառայողներ. ՔԿ

Քննչական կոմիտեի ներկայացուցիչն այսօր հրավիրված ասուլիսի ընթացքում հրապարակեց փաստական տվյալներ, որոնք մեկ անգամ ևս ապացուցում են արցախաադրբեջանական հակամարտության ընթացքում ադրբեջանական կողմում կռվող թուրք զինյալների, ահաբեկիչների ու վարձկանների ներգրավվածության մասին:

ՔԿ Քրեագիտական վարչության պետ Ռաֆայել Վարդանյանը ներկայացրեց, որ ռազմական գործողությունների կանխամտածված լինելու ապացույց է այն հանգամանքը, որ 2020 թվականի հուլիսյան դեպքերից հետո մեկնարկեցին թուրք-ադրբեջանական զորավարժությունները:

«Անցկացված զորավարժությունների ավարտից հետո Ադրբեջանում մնացած մի քանի հարյուր Թուրքիայի Հանրապետության զինված ուժերի զինծառայողները սեպտեմբերի 26-ին՝ Թուրքիա-Ադրբեջան օդուղով իրականացրած A-400 տեսակի երկու ինքնաթիռներով, և սեպտեմբերի 27-ին ժամը 10:00-10:30-ին՝ Թուրքիայի Հանրապետության Օրդու քաղաքից Վրաստան-Ադրբեջան օդուղով Ադրբեջան են տեղափոխվել շուրջ 1000 թուրք զինծառայողներ: Սեպտեմբերի 28-ին տվյալներ են ստացվել այլ երկրներից բերված իսլամիստ գրոհայինների առկայության ու ռազմական գործողություններում ներգրավվածության վերաբերյալ: Տվյալներ են ձեռք բերվել նույն օրը նաև ՊԲ պահպանության գոտու լեռնային հատվածներում արաբալեզու զինյալների առկայության մասին, ովքեր ընդգրկված են եղել դիվերսիոն ներթափանցման խնդիրների իրականացմանը, իսկ վերջինների տեղաշարժը իրականացվել է թուրքական արտադրության «Կոբրա» տեսակի թեթև զրահամեքենաներով»,- ասաց Ռաֆայել Վարդանյանը:

Շարունակելով փաստական տվյալների ներկայացումը՝ ՔԾ ներկայացուցիչը նշեց, որ սեպտեմբերի 28-ին նաև Իրանի ու Արցախի սահմանամերձ գոտիներում նկատվել են Սիրիայից տեղափոխված գրոհայինների խմբեր, որոնք տեղակայված են եղել Հորադիզի մոտակայքում: Սեպտեմբերի 29-ին էլ հաստատվել է արաբալեզու առնվազն 300 գրոհայինների մասնակցությունն արևելյան ուղղությամբ ընթացող մարտական գործողություններում:

ՔԿ ներկայացուցչի խոսքով՝ կան նաև ադրբեջանական կողմում թուրքմեն գրոհայինների, պակիստանցի վարձկանների մասնակցությունը հաստատող տվյալներ: Ռաֆայել Վարդանյանը նաև հայտնեց, որ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ հոկտեմբերի 4-ին Թուրքիայից Ադրբեջան է ժամանել Թուրքիայի զինված ուժերի 400 զինծառայող՝ քաղաքացիական հագուստով, իսկ այդ ընթացքում սիրիացի զինյալները նաև կրել են ադրբեջանական զինված ուժերի համազգեստ:

Տեսանյութեր

Լրահոս